Հետեւիր վարքիդ եւ լրագրողներին մի մեղադրիր

Հետեւիր վարքիդ եւ լրագրողներին մի մեղադրիր
Մեր հասարակության մեջ թյուրիմացություններն ու թերիմացությունները, խեղաթյուրված ընկալումներն ու միտումնավոր սխալներն այնքան շատ են, որ երբեմն անկեղծորեն հուսահատվում ես: Ո՞ւմ է պետք մեր գրածն ու արածը: Ո՞վ է դրան լսում ու հավատում, երբ ամենատարրական ու ամենամարդկային վարքի ետեւում սկսում են փնտրել հետին մտքեր ու շահեր, սրա-նրա ականջները՝ իրենց արշինով չափելով դիմացինին:



Երբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, չէինք պատկերացնում, որ այդ հարցը կարող է դառնալ մի յուրօրինակ լակմուսի թուղթ՝ մարդիկ կարող են զենք ու զրահ կապել, բաժանվել բանակների եւ ճակատամարտեր մղել այդ հողի վրա ու հաշվել, թե ով քանի անգամ հայհոյեց, ով քանի անգամ գովեստի խոսք ասաց արդեն նախկին քաղաքապետի հասցեին: Ընդ որում՝ քաղաքապետի դեմ ասվածը մեխանիկորեն ընկալվեր որպես նախագահին ուղղված գովեստ եւ հակառակը: Չէինք պատկերացնում, որ տարրական մարդկային պահվածքը՝ երբ դու հրաժարվում ես ընկածին խփել, երբ փորձում ես պաշտպանել նեղության մեջ հայտնված մեկին, կարող է քեզ պիտակներ կպցնելու առիթ դառնալ:



Թերթերից մեկը մեր մի քանի դիտարկումներից հետեւություն էր արել, թե՝ մեր «դիմակը պատռվեց», մենք «նյութական պարտավորություններ» ունենք Բեգլարյանի առաջ եւ հիմա դրա համար ենք գրում, թե նա «լավ քաղաքապետ» էր: Ի դեպ, մենք վատն էլ ենք գրել, լավն էլ: Գրել ենք իր պաշտոնավարման օրոք եւ առաջին իսկ օրվանից: Հիմա էլ չենք կարող առաջնորդվել ոհմակի սկզբունքով եւ հարվածել ու քննադատել մարդուն, երբ նա այլեւս պաշտոնի չէ: Երբեւէ ոչ մի նյութական «պարտավորություն» չենք ունեցել Բեգլարյանի հանդեպ եւ ընդհանրապես, հարգելի «կոլեգաներ», ամեն ինչ չէ այս կյանքում որոշվում շահով, նյութականով ու պահի թելադրանքով: Եթե դուք անընդունակ եք հասկանալու, որ կան նաեւ տարրական մարդկային պահվածքի կանոններ, երբ մարդը մարդուն գայլ չէ, այլ բարեկամ, ուրեմն ձեզ կարելի է միայն կարեկցել:



Երբ երկու տարի առաջ լուրեր տարածվեցին, թե Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին քաղաքապետ են պատրաստվում դարձնել, մենք առաջիններից էինք, որ ընդվզեցինք դրա դեմ: Ոչ մեկիս գիտակցության մեջ չէր տեղավորվում, որ Չոռնի Գագոն կարող է քաղաքը ներկայացնել, քաղաքի պատասխանատվությունը ստանձնել: Բայց ստանձնեց, եւ կյանքը ցույց տվեց, որ օր օրի դա ավելի ու ավելի լավ է ստացվում: Համենայնդեպս, ոչ ոք չի կարող ասել, որ այս մեկուկես տարում Բեգլարյանը ոչինչ չի արել եւ ինքն էլ որպես մարդ, որպես քաղաքապետ չի աճել: Ամենակարեւորը՝ նա բոլորիս հաշտեցրեց իր՝ քաղաքապետ լինելու իրողության հետ: Մենք՝ երեւանցիներս, դա զգում էինք ու տեսնում:



Սա, անշուշտ, չի նշանակում, որ մենք արդարացնում ենք գողական պահվածքը եւ սամասուդի հակումները: Հակառակը՝ այդ մասին մեր թերթում մեծ թվով հրապարակումներ են եղել, որտեղ ամենադաժան որակումներն ենք տվել կատարվածին: Ասել ենք, որ «գյադայական» կեցվածքը պետք է պատժվի, ցինիզմը չի կարող դառնալ պետական պաշտոնյաների գլխավոր որակը: Եվ ընդհանրապես, ցանկացած պաշտոնյա պետք է պատասխան տա իր վարքուբարքի համար, եւ լավ է, որ երկրի ղեկավարությունը նաեւ կտրուկ որոշումներ կայացնելու, անսպասելի լուծումներ տալու ունակ է: Բայց դա ոչ մի կապ չունի այն չարության, ատելության, քծնանքի ու ստորաքարշության հետ, որ տիրում է այսօր մթնոլորտում:



Եթե կուզեք իմանալ, ապա մեզ հենց այդ մթնոլորտն է խանգարում, եւ «մեր երկիրը երկիր չի դառնա», քանի դեռ խրախուսվում են իրար տակ փորելը, ընկածին խփելն ու հզորին քծնելը: Քանի դեռ նեղության մեջ հայտնված մարդուն բարոյական աջակցություն հայտնելը բացատրում են միայն «նյութական պարտավորություններով», իսկ պաշտոնաթող պաշտոնյային հարվածելը մեծ հերոսության դրսեւորում են համարում: Ինչեւէ, հուսամ, որ վերջին անգամ եմ անդրադառնում այս թեմային, եւ Գագիկ Բեգլարյանի անձին այսուհետ եւս կանդրադառնանք այնքան զուսպ ու հազվադեպ, ինչպես մինչ նրա պաշտոնաթողությունն ենք արել: Այժմ մեր տեսադաշտում կլինի նոր քաղաքապետը՝ Կարեն Կարապետյանը, որից սպասելիքները, անշուշտ, շատ ավելի են, ուստի պատասխանատվությունը՝ ավելի մեծ, եւ վտանգները՝ ավելի շատ:



Շաբաթը լի էր կադրային փոփոխությունների մասին լուրերով: Լրագրողները, որ առաջինը լրատվություն տալու խնդիր ունեն, թերեւս ավելի շատ էին տարված դրանով, քան հասարակության մյուս խավերը: Բայց փոքր երկրում, որտեղ իրադարձությունները շատ չեն, նախարարների փոփոխությունը, այն էլ, այսպես ասած, բլոկով, սերիալի սիրելի հերոսի մահվանը կամ ամուսնությանը հավասարազոր իրադարձություն է: Ով է լինելու հաջորդը, ում բարեկամն է, ինչ կերպ կանդրադառնա դա իր կյանքի ու շրջապատի վրա՝ այս հարցերն են մտահոգում մարդկանց: Մեկ-երկու ամիս անց, անշուշտ, ամեն ինչ կհանդարտվի, եւ մարդիկ անգամ կմոռանան, թե ով է գյուղատնտեսության կամ արդարադատության նախարարը: Բայց մինչ այդ մի քանի օր քննարկման թեմա կա եւ հետաքրքրություն:



Այս առումով կան մարդիկ, ովքեր բազում աթոռներ ու կուսակցություններ են փոխել, Ազգային ժողովի աթոռից հանգրվանել մարզպետի կամ նախարարի պաշտոնին եւ հակառակը: Նրանցից շատերը ոչ մի հետք չեն թողել այն համակարգի ու մարդկանց կյանքում, որտեղ մեկ-երկու-չորս տարի աշխատել են ու անփառունակ հեռացել: Ասենք, հիմա ո՞վ է հիշում, որ Վարդան Այվազյանը եղել է Չարենցավանի քաղաքապետ: Վերջին շրջանում նա աչքի է ընկնում ոչ տեղին ու վերադասի կողմից, մեղմ ասած, չխրախուսվող հայտարարություններով: Մի քանի օր առաջ անդրադառնալով հանրապետականների կողմից Բեգլարյանի արարքին տրված գնահատականներին, մեր թղթակիցը հիշել էր նաեւ Վարդան Այվազյանի հայտարարությունն այն մասին, որ դա «տղամարդկային քայլ է»:



Հրապարակման օրը խմբագրություն զանգահարած Վարդան Այվազյանը, որ ավելի ուշ գրավոր հերքման տեքստ ուղարկեց, վրդովված պահանջում էր ներկայացնել ձայնագրությունը: Մենք ստիպված էինք թարմացնել պրն Այվազյանի հիշողությունը, որ նա ընդամենը մի քանի օր առաջ կայքերից մեկին ասել է. «Գործողությունները, որ եղել են, նորմալ են: Միջադեպ է եղել, մարդը ըստ արժանվույն գնահատել է, նորմալ տղամարդուն վայել գործել է»: Իսկ եթե սույն հրապարակումը ինքը չի հերքել, մենք կարող ենք այն ցիտել՝ առանց որեւէ պատասխանատվություն կրելու դրա իսկության համար: Այնպես որ, սրեր ճոճելուց առաջ արժե հետ նայել ու հիշել ասածներդ:



Շաբաթվա մյուս դժգոհը մեր սիրելի դերասան Գուժ Մանուկյանն էր: Սունդուկյանի թատրոնում պոեզիայի փառատոնի գալա համերգը լուսաբանող մեր թղթակիցն արձանագրել էր, որ նա հայտնվել է օլիգարխ-մաֆիոզների շրջապատում, որոնք եկել էին երեխաների միջոցառումը դիտելու, եւ Սյունիքի տխրահռչակ մարզպետի ու ԱԺ մականունավոր նախագահի կողքին հայտնված դերասանին էլ էր որակել «հակամշակութային» բառով, ինչը վրդովեցրել էր նրան: Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ թերթի էջերում հայտնված այս որակումը տհաճ է, բայց վրդովվելուց առաջ հարկ է մտածել, թե ում հետ ես նստում-ելնում: Ինչ միջոցառման ժյուրիի կազմում ես ընդգրկվում, ինչ կուսակցություն ես մտնում եւ ում ես պաշտպանում: Ի վերջո, նման մի բառը կարող է քո վերջին տարիների գործունեության ամփոփ գնահատականը լինել, այլ ոչ թե Գուժ Մանուկյան-դերասանի, որին մենք սիրում էինք բեմում եւ հիշում ենք իր դերերի շնորհիվ:



Եվ վերջապես` այս շաբաթ մենք քանիցս անդրադարձանք ոստիկանական համակարգին եւ ներկայացրինք ոստիկանապետի խոսքը: Անկախ նրանից, թե ինչքանով է օրինաչափ Ալիկ Սարգսյանի որոշումը՝ մեծ փորերով ոստիկաններին համակարգից ազատելու մասին, եւ անկախ նրանից, թե ով ինչպես է ընկալում նրա հայտարարությունները համասեռամոլների կամ օրինախախտների մասին: Նաեւ անկախ նրանից, թե ինչքան է նա դժգոհ մնացել մեր հրապարակումներից, որտեղ նրա խոսքը տվել ենք այնպես, ինչպես խոսվել է՝ «ա»-երով ու իրեն՝ Ալիկ Սարգսյանին բնորոշ կոլորիտով: Ուզում եմ արձանագրենք, որ նա այն քիչ պաշտոնյաներից է, որն անկաշկանդ հարաբերվում է լրագրողների հետ եւ պատասխանում նրանց հարցերին: Ընդ որում՝ պատասխանում է բավական անկեղծ եւ առանց մեր աչքերին թոզ փչելու: Իսկ նման անկեղծությունը, հատկապես պետական պաշտոնյայի դեպքում, միայն ողջունել կարելի է: