Դպրոցի շահը

Դպրոցի շահը
«Հրապարակ» թերթի դեկտեմբերի 10-ի համարում կարդացի «Դպրոցը՝ մարզպետի կամայականությունների դաշտում» Նորայր Գրիգորյանի հոդվածը: Իմ մասին այդքան «մտահոգված» պարոն հոդվածագիր, իմ անունից խոսելուց առաջ ինձ տեղեկացնել էր անհրաժեշտ՝ նույնիսկ եթե գովեստի խոսքեր են ասվում: Եթե էթիկայի իմ չափանիշի հարցը թողնենք, ապա տեղեկացնելը անհրաժեշտ էր փաստերը ճիշտ ներկայացնելու համար:



Իսկ որն է ճշմարտությունը իրականում: Ինձ աշխատանքից ազատել է ոչ թե մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը՝ մարզպետի կարգադրությամբ, այլ դպրոցի նախկին տնօրենը, սեպտեմբերի 5-ին (կիրակի օրը), իմ ներկայությամբ, եւ ազատման հրամանը ձեւակերպել էր հետին թվով՝ սեպտեմբերի 1-ին, որին տեղեկացել եմ հետո (հիմնավորմանը ծանոթ չեմ): Ասեմ նաեւ, որ ոչ սեպտեմբերի 1-ին, ոչ էլ հետո աշխատանքից ազատվելու դիմում չեմ ներկայացրել, ինչպես գրում եք հոդվածում: Եթե մարդուն ուզում են վարկաբեկել, սկսում են նրան գովել:



Ես համեստ մարդ եմ եւ գովեստները միշտ ամոթխածությամբ եմ ընդունում: Ինձնից լավ ոչ մեկը չգիտի իմ թերությունները կամ արժանիքները: Մի անառարկելի արժեք ունեմ՝ աշխատում եմ իմ ֆիզիկական եւ մտավոր հնարավորությունների մաքսիմումով: Իմ աշակերտներին երբեմն ասում եմ. «Երեխաներ, ինձնից շատ լավերը կան, բայց վատերն էլ կան»: Մարզի հազարավոր ուսուցիչներից հենց ինձ է մարզպետ Սարգիս Սահակյանն ընդառաջել պարգեւատրման ներկայացնելու, որի համար պարտավորված եմ զգում, մանկավարժական իմ վաստակը գնահատելով «Մովսես Խորենացի» պատվաբեր մեդալով:



Հարգելի Նորայր Գրիգորյան, ես գրում եմ այն, ինչ տեղի է ունեցել: Մի փոքր հավելում. Եթե գրածդ սրտացավություն է մեր ու ձեր դպրոցի նկատմամբ, թույլ տվեք այնքան էլ չհավատալ: Դպրոցում սովորական աշխատանքային առօրյա է: Եթե խառնաշփոթ եղել է՝ կարճ ժամանակով: Դա եղել է ուսուցչական կոլեկտիվում եւ աշակերտներին չի անցել: Եվ ես շնորհակալ եմ կրթության վարչությանը, որ ինձ հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը այս բարի ու լավ աշակերտների հետ, որոնց դեռ շատ-շատ բաներ ունեմ տալու: Եվ ասածս չհնչի որպես անհամեստություն:



Ռաֆայել ԱՍԱՏՐՅԱՆ

Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի ուսուցիչ



Ամենահետաքրքիրն այն է, որ այս նամակը բերող մարդն այն խմբագրին փոխանցելիս ասաց՝ «մարզպետն է ուղարկել»: Փաստորեն, մարզպետը ուսուցչին ստիպել է, որ նամակ գրի՝ հերքի մեր հոդվածն ու իր աշխատողի միջոցով ուղարկել է խմբագրություն: Մարզպետին վայել զբաղմունք: Բայց պակաս հետաքրքիր չէ նաեւ այն, որ այս նամակով Ռաֆայել Ասատրյանը փաստորեն պատասխանել է մի մարդու, որը փորձել էր պաշտպանել իր իրավունքները: Անշուշտ հասկանալի է, որ 67-ամյա ուսուցիչն ուզում է իր աշխատատեղը պահպանել, բայց ինչու իր մասին հոգ տանող անձին վիրավորելու գնով: Եվ վերջապես. ինչու է մարզպետի պաշտոնը զբաղեցրած անձը շանտաժով ստիպում, որ մարդիկ այսպիսի նամակներ գրեն: Դրանից ի վերջո ով է շահում եւ ինչ է փոխվում: