Սատարելու հարցը` օդում

Սատարելու հարցը` օդում
Չնայած ՀՀԿ 20 ամյակի միջոցառմանը հնչած հայտարարություններին, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները դեռ վերջնականապես հստակեցված չեն: Ուրբաթ երեկոյան ԲՀԿ-ն նիստ էր արել եւ, որոշ տեղեկություններով, որոշում էր կայացրել դուրս գալ կոալիցիայից: Շաբաթ օրը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, պատկերը փոխվել է. ԲՀԿ ղեկավարը լրագրողներին հայտարարել է, թե ԲՀԿ-ն դուրս չի գալիս կոալիցիայից: Դժվար է պատկերացնել, որ Գագիկ Ծառուկյանին նման որոշման հանգեցնողը Սերժ Սարգսյանի ելույթը լինի: Նույն ԲՀԿ ղեկավարը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդամենը մի քանի օր առաջ ԲՀԿ ֆրակցիայի նիստում հայտարարել էր, թե «քցելը ՀՀԿ-ի ձեռագիրն է», իրենց էլ «քցեցին» քաղաքապետի ընտրություններում՝ 3-4 թաղապետ էին խոստացել, չտվեցին, 2 տեղակալ՝ չտվեցին: Մեզ հասած տեղեկություններով՝ նախագահականում ԲՀԿ-ին նրբորեն հասկացրել են, որ նա ինքնուրույն խաղացող չէ: Ավելին, տեղեկություն կա, որ ԲՀԿ-ի հարցը Սերժ Սարգսյանը քննարկել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Որոշ աղբյուրներ նշում են, որ Ծառուկյանին ասվել է, թե կոալիցիայից դուրս գալ չի կարող, իսկ նախարարների պաշտոնում պետք է նշանակվեն Սերժ Սարգսյանի նախանշած մարդիկ՝ անգամ անկուսակցականներ:



Մասնավորապես խոսք է գնացել ԲՀԿ ներկա նախարարներին փոխելու մասին. հատկապես ցանկացել են փոխել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Որոշ տեղեկություններով՝ նախագահի վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել ԲՀԿ-ական որոշ նախարարություններում: Բացի այդ, նախագահականում բոլոր պաշտոնում ցանկանում են տեսնել Սերժ Սարգսյանի մարդկանց՝ անկախ կուսակցական պատկանելությունից, ովքեր կկարողանան ապահովել Սերժ Սարգսյանի սահուն վերընտրությունը:



Ծառուկյանն «ատամներով պահել է» Քուշկյանին, եւ ի վերջո որոշվել է նրան ձեռք չտալ: ԲՀԿ-ին նաեւ առաջարկվել է կրթության նախարարի մանդատը՝ ի նշան հաշտության:  Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու խնդրին, ապա հարցն օդում կախված է: Մոտ 10 օր առաջ ԲՀԿ-ն ղեկավար մարմնի նիստ է արել, որի ընթացքում քննարկման է դրել Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու հարցը: Ծառուկյանը, որոշ տեղեկություններով, ասել է, թե ԲՀԿ-ին նման առաջարկ է արվել, ու ներկա ԲՀԿ-ականները միաբերան «դեմ» են արտահայտվել Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելուն ու անժամանակ են համարել դա:



Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ սատարելու հարցով վերջնական պատասխան տալ չի կարող, իսկ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հարցն առաջարկել է, որ լուծի Սերժ Սարգսյանը: Պարոն նախագահ, դուք որոշեք, կասեք՝ դուրս եկեք կոալիցիայից, դուրս կգանք, չեք ասի՝ դուրս չենք գա: Այժմ գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է: