Դիֆերամբ ձոնեցին, բայց չաղոթեցին առ Աստված

Դիֆերամբ ձոնեցին, բայց չաղոթեցին առ Աստված
Երեւանի քաղաքապետարանում երեկ ճիշտ այնպիսի մթնոլորտ էր, ինչպես 2009 թվականի հունիսի 11-ին, երբ հայաստանյան քաղաքական ողջ վերնախավը նույն դեմքերի՝ Սերժ  եւ Տիգրան Սարգսյանների, Հովիկ Աբրահամյանի ու Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, Երեւանի հիմնի հնչյունների ներքո Գագիկ Բեգլարյանին կարգում էր Երեւանի քաղաքապետ: Երեկ Կարեն Կարապետյանի հերթն էր, քաղաքապետարանի շրջակայքը ջիպապատված էր, ներսն էլ հայաստանյան առաջնակարգ եւ երկրորդական դեմքերով էր պատված: Առաջին խումբը վերեւում բազմած, իսկ մնացածը ներքեւում, հայացքները հառած եռագույններով ձեւավորված բեմին, ըմբոշխնում էին միջոցառումը՝  նույն վստահությամբ ու հավատով, ինչպես 2009-ի հունիսի 11-ին:



Սակայն մի տարբերություն այնուամենայնիվ կար՝ Կարեն Կարապետյանին քաղաքապետ դարձնելու արարողությունն ուղեկցվում էր Էրեբունի-Երեւան երգի կենդանի կատարմամբ: Մի բան էլ էր փոխվել, եթե Գագիկ Բեգլարյանի վզից ավանդական լանջաշղթան կախեց մի զույգ մտավորական՝ Մարտին Վարդազարյանն ու Վլադիմիր Մսրյանը, ապա Կարեն Կարապետյանին այն հանձնեց միայն Մարտին Վարդազարյանը: Պարզ չէր՝ Մսրյանին փոխարինո՞ղ չէր գտնվել, թե՞ Կարեն Կարապետյանն էր համեստություն դրսեւորել: Ուշագրավ էին հատկապես ելույթի տեքստերը. թվում էր, թե յուրաքանչյուր բառ ընտրվել էր ամենայն բծախնդրությամբ:



Օրինակ, եթե Բեգլարյանի արարողության ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում լիրիկայի գիրկն էր ընկել ու վերլուծում էր մասնավորապես Երեւանի փողոցներում հետիոտնի ու վարորդի փոխհարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ Բեգլարյանի օրոք կշտկվեն այդ թերությունները, ապա Կարապետյանի դեպքում շատ կարճ ու կոնկրետ խոսք ասաց. «Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր: Պարոն Կարապետյան, մաղթում եմ, որպեսզի Դուք արդարացնեք բոլորիս հույսերը եւ հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ՝ տարբեր բարձր պաշտոններում, նախընտրում են հենց Ձեր տեսակը: Իմ ակնկալիքները կապված են, առաջին հերթին, հենց Ձեր գործելաոճի հետ: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը: Ավելին ասելու անհրաժեշտություն չկա»:



Երեկ առավել զուսպ էր նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրապետական օրհնանքը: Եթե Բեգլարյանի ժամանակ նա հորդորեց` «Աղոթենք առ Աստված՝ Գագիկ Բեգլարյանը միշտ լինի Երեւանի փառքի նշան եւ դառնա մեծ ընտանիքի բոլոր անդամների միասնականության ջատագովն ու առաջամարտիկը: Քաջալերեք ու զորակցեք եւ օգնեք իրեն աստվածահաճո գործում», ապա Կարապետյանի դեպքում զերծ մնաց առ Աստված աղոթելուց, այլ սկսեց  ու ավարտեց հայ գրականությունից մեջբերումներ անելով:



«Ինչպես կասեր Թումանյանը՝ հիմա եկել է հերթը Ձեր, հաղթանակի երթը Ձեզ»,-ազդարարեց Սրբազանը՝ օրհնանքը շարունակելով պարտավորեցնող կանխատեսումներով. «Ձեր գործունեությունը, սիրելի Կարեն Կարապետյան, վստահեցնում է մեզ, որ Դուք պաշտոն առնելու չեք եկել, այլ պաշտելու, այսինքն՝ ծառայելու Երեւանին, մտահոգվելու Երեւանի վաղվա օրով եւ երեւանցիների օրվա հոգսերը հոգալով: Ձեր աշխատանքի արդյունքը կլինի իրականացումը Չարենցի մեծ տեսլականի, որն է ոչ ծուխ, ոչ փոշի եւ լույս տներում, ժիր մարդիկ, խաղաղ դեմքերին ծիծաղ»: Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարվա միջոցառումը, որին ներկա էին բոլոր ժամանակների հերոսներ Արտաշես Գեղամյան ու Վազգեն Մանուկյան զույգը,  վարում էր աննման Աստղիկ Գեւորգյանը: