Հիշեք, որ մենք ենք այս քաղաքի տերը

Հիշեք, որ մենք ենք այս քաղաքի տերը
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդես են եկել բաց նամակով` ուղղված Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ուր ներկայացրել են իրենց խնդիրները եւ ներկայացել անձամբ:



«Նախորդ քաղաքապետի օրոք տեղեկատվություն ստանալը և հարցերի լուծմանը հասնելը մեզ համար ծանրագույն խնդիր է հանդիսացել, քանի որ բնակիչները բախվում էին ոչ թափանցիկ ու գաղտնի որոշումների և պաշտոնյաների մերժողական վերաբերմունքի հետ»,- գրել են նամակում բնապահպանական ակտիվիստիները եւ ավելացրել,- «Ողջունելով Երևանում կառավարման նոր մշակույթ ձևավորելու Ձեր նպատակը՝ հուսով ենք, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր աշխատանքի ընթացքում վերոնշյալ խնդիրները կլուծվեն երկխոսության և կառուցողական լուծումների ճանապարհով։ Բնականաբար մեզ համար ամենամտահոգիչ հարցը ավերվող Ուսանողական այգին է։ Որպես հասարակական հիմունքներով Երևանի խնդիրներով զբաղվող քաղաքացիներ պատրաստ ենք մեր հնարավորությունները ներդնել կանաչ և բարձր մշակույթի քաղաք ունենալու համար, որի բնակիչներն իրենց կզգան Երևանի լիարժեք տերը։ Օգտվելով առիթից` առաջարկում ենք մոտ ապագայում հանդիպում կազմակերպել` մայրաքաղաքում առկա բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով»: