Պզոյի բնակարանը եւ նրա լուսատու ջահը

Պզոյի բնակարանը եւ նրա լուսատու ջահը
Օրենքների երկիր ԱՄՆ-ում «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, եւ հիմնականում հայերից կազմված  հանցավոր խմբավորման ձերբակալությունը խառնաշփոթ զգացումներ առաջացրեց հայ հասարակության մեջ՝ սկսած հպարտությունից մինչեւ ամոթը: Ոմանց աչքին Պզոյի եւ նրա «տղաների» «օպերացիան» աներեւակայելի սխրանք թվաց, քանի որ կարողացել են ԱՄՆ-ի պես երկրին «ֆռռացնել», իսկ ոմանց էլ՝ խայտառակություն, որովհետեւ նրանց նմաններն են հայ ժողովրդի ու Հայաստանի վարկը գցում:



Պետք է խոստովանել, որ իսկապես հայ հանցագործների ստեղծագործ միտքը ԱՄՆ-ում փայլատակեց, բայց եթե հաշվի առնենք, թե ինչ հսկայական փորձ են հայ հանցագործները մեր երկրում կուտակում նախքան «հյուրախաղերի» գնալը, ապա Պզոյենց արածը մի «երեւելի» բան չի թվում: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում պետությունից ու պետբյուջեից  կատարվող շարունակական թալանը ոչ բացահայտվում է, ոչ էլ բացահայտելու ցանկություն կա:



Պզոյի եւ հանցագործ խմբավորման ձերբակալումից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, թե նա կապեր է ունեցել ՀՀ նախագահի եւ նրա եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի հարսանիքին, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու հետ է հանդիպումներ ունեցել ԱՄՆ-ում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շահմազանովը հերքեց ՀՀ իշխանությունների եւ Պզոյի կապի մասին շրջանառվող լուրերը եւ իր կողմից ավելացրեց, որ Պզոն բարգավաճում էր ՀՀՇ-ի օրոք: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ իր հերթին հերքեց Պզոյի՝ «հարսանքավոր» լինելու վարկածը: Հետո եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հերքելու ժամանակը:



Հիշեցնենք, որ Պզոյի եւ հանցավոր խմբավորման մնացած անդամների ձերբակալությունից հետո Նյու Յորքի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել էր, թե հանցավոր խմբի պարագլուխները սերտ կապեր ունեն Հայաստանում, պարբերաբար այցելել են Հայաստան եւ հանցավոր ճանապարհով ձեռք գցած գումարներով ներդրումներ արել անշարժ գույքի ոլորտում: Մեր թերթին տված հարցազրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հնարավոր համարեց, որ հանցավոր խումբը մեկ բնակարան գնած լինի, ապա երկու շաբաթ անց կտրականապես հերքեց իր հնարավոր համարածը: «Մենք ուսումնասիրություն արել ենք, որեւէ բան չենք բացահայտել»,-ասաց նա:



Եվ ահա այն, ինչ չէին կարողացել բացահայտել ԿԲ-ն եւ հատուկ ծառայությունները, բացահայտել է մեր ընթերցողը: Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Պզոյենց գնած բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայի վրա, «Փոսի դպրոցի» հարեւանությամբ կառուցված էլիտար նորակառույցի երրորդ հարկում: Ավելի ճիշտ՝ որ նորակառույցի երրորդ հարկը պատկանում է նրան: «Միջանցքում էլ մի հատ մեծ լյուստրա կա կախած»,- որպես հավելյալ տեղեկություն՝ փոխանցել էր մեր ընթերցողը: Վստահելով մեր ընթերցողին, մենք գնացինք գտնելու այդ բնակարանը: «Փոսի դպրոցի» շրջակայքում միայն մեկ ավարտուն նորակառույց կա: Խմբագրության ստացած տեղեկությունը շատ սակավ էր, եւ նորակառույցի երրորդ հարկ բարձրանալիս մտածում էի, թե արդյոք միջանցքում կտեսնե՞մ մեծ ջահը, որ հիշատակել էր մեր ընթերցողը: Հիմա այդ ջահի առկայությունն էր միակ «իրեղեն ապացույցը», որը որոշակի հավաստիություն էր հաղորդում մեր ստացած տեղեկությանը: Ջահը կար, եւ այդ ջահի առկայությունն աղոտ հույս է տալիս, որ կարող է լույս սփռվել բնակարանի մշուշոտ պատմության վրա:



Բաղրամյան 53 հասցեում գտնվող նորակառույցը պատկանում է «Լեւոն  Ամիրխանյան» ՍՊԸ-ին: Մենք զանգահարեցինք ՍՊԸ-ի գրասենյակ եւ փորձեցինք պարզել, թե ում է պատկանում բնակարանը: Տնօրենը տեղում չէր, իսկ գործավարն ասաց, որ իրավասու չէ նման տեղեկատվություն տրամադրել: Առաջիկայում մենք կփորձենք կրկին այս բնակարանի պատմությունն ավելի մանրամասն ներկայացնել:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ