Երազանքների բա՜րի, քե՜ռի

Երազանքների բա՜րի, քե՜ռի
Թե ՀՀ նախագահի տրամադրության վրա տոները որքան են ազդում, դժվար է կռահել, բայց ՀՀԿ-ի հիմնադրման հերթական հոբելյանի առթիվ գումարված կոմունիստական ժամանակների հանդիսավոր նիստում նախագահ Սարգսյանը համարյա ամանորյա բարեմաղթություններից չտարբերվող ելույթ է ունեցել:



Անկախ նրանից` հանրապետականները իրենք իրենց մասին ինչ են մտածում, հասարակությանը քաջ հայտնի է, որ այդ կուսակցությունը Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի կամ մյուսների առաջնորդած քաղաքական ակումբների ճակատագրին չարժանացավ, ոչ որովհետեւ առանձնակի արժանիքներ ունեցող մարդկանց էր միավորում, այլ որովհետեւ Տեր-Պետրոսյանը, չգիտես ինչու, որոշել էր, թե Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ընդօրինակի ԱՄՆ-ին, նույնիսկ կառույցների անվանումներով, եւ պահպանողական ուժն էլ  պետք է կոչվի Հանրապետական: Նույնիսկ 1996-ին խորհրդարանական ընտրություններում ՀՀՇ-ի առաջնորդած դաշինքը կոչվում էր «Հանրապետություն»:



1998-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում` ոմանց բացահայտ, այլոց կուլիսային մասնակցությամբ, ինչի արդյունքում «Հանրապետություն» դաշինքը փլուզվեց: Փլուզված բեկորների թվում էր ՀՀԿ-ն` նույնքան անդեմ ու անհեռանկար մի ուժ, ինչ դաշինքի մյուս ակումբներն էին: Համարյա մեկ տարի անց 98-ի հեղաշրջման բացահայտ մասնակիցներից մեկը` Վազգեն Սարգսյանը, որոշեց քաղաքական դաշտում ժառանգականություն եւ շարունակականություն կրող լինել եւ համարելով, թե ինքը կարող է Տեր-Պետրոսյանի ծրագրած կուսակցությունը կայացնել, ջանաց, որ կուսակցության անունը լինի այն, ինչ նախատեսում էր Տեր-Պետրոսյանը: Այդպես էլ ՀՀԿ-ն, ի տարբերություն եղբայրակից կուսակցությունների, չանցավ պատմության գիրկը, այլ Վազգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով լոկ շնորհիվ անվան` մնաց ասպարեզում:



Հետո սպանվեց Վազգեն Սարգսյանը, իսկ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի առաջնորդությամբ խորհրդարան բերված Հանրապետականը որոշ տատանումներից հետո դաշինք կնքեց տեղապահ Քոչարյանի հետ, որի առնչությունը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը լավագույն դեպքում դեռ «մութ մնացող էջ» է, եւ դարձավ միահեծան իշխող կուսակցություն: Հետո ՀՀԿ-ն իր շարքերից մաքրեց նաեւ Վազգեն Սարգսյանի հետ եկած երկրապահներին, ավելի ուշ համալրվեց քրեաօլիգարխիկ տարրերով (ջիպազգիներով) եւ սկսեց ինքն իրեն վերարտադրել իշխանության ղեկի մոտ:



Սա է Հանրապետականի անցած պատահականությունից, դավաճանությունից եւ իշխանատենչությունից հյուսված ուղին, որի համար էլ երեւի Աստված պատժում է այդ կուսակցությանը այնպես, որ մինչ այժմ ոչ մի առաջնորդ չի հասցրել  կուսակցության ղեկը հաջորդին փոխանցել, այլ կյանքից հեռանալով է դա արել: Հետեւաբար ՀՀԿ-ականները հազիվ թե որեւէ արժանիք ունեն, որի համար իրենց որեւէ հոբելյանին արժենար անդրադառնալ:



Շաբաթ օրվա նիստին անդրադառնալու պատճառը լոկ նախագահ Սարգսյանի ելույթն էր: Իհարկե, այն մտքի խորությամբ կամ ծրագրերի խարիզմայով տպավորություն չգործեց, բայց անհնար է չընդունել, որ անկեղծությամբ գրավող մարդկային խոսք էր: Ինչպես երեւում է` Հայաստանի վնասատուների շարքին ջիպազգիներից, անբարեխիղճ պաշտոնյաներից ու մյուսներից բացի պետք է դասել նաեւ Սերժ Սարգսյանի նախկին ելույթները գրողներին: Չգիտեմ այդ պաշտոնը ՀՀ նախագահականում ինչպես է կոչվում, բայց աշխարհում ընդունված է ասել «speechwriter»: Եվ «speechwriter»-ների գրած ելույթներն էլ աշխարհում սովորաբար լինում են ավելի հաջող, քան նախագահների հանպատրաստից կամ ինքնուրույն խոսքը:



Հայաստանում ինչպես բոլոր հարցերում, այստեղ էլ կատարյալ հակապատկերն է: Սարգսյանի բանավոր խոսքը լինում է շատ ավելի ունկնդրության արժանի, իմաստալից եւ անկեղծ, քան թղթերից կարդացվող խոսքը: Ընդ որում, այս անգամ որոշ դեպքերում Սարգսյանի ելույթն այնքան ճիշտ շեշտադրումներ էր կրում, այնպիսի հարցադրումներ կատարում, լուծումներ մատնանշում, որ կարելի էր կարծել տարեմուտի առիթով Լապլանդիայից մի բարի քեռի է հայտնվել Հայաստանում: Այդ բարի քեռին միայն լսել է երկրում գոյություն ունեցող հարկային ու մաքսային մարմինների կաշառակերության, քաղբանտարկյալների առկայության, մարտի 1-ի մարդասպանների չպատժվելու, եթերի համատարած գրաքննության եւ «Ա1+»-ին «զրո» գնահատականներ տալու, փողոցային վարքի տեր անգրագետներով խորհրդարանը լցնելու եւ մյուս հանցանքների մասին, անձամբ այդ ամենի հետ առնչություն չունի, եւ երդվում է, որ իրադրությունը կփոխի:



Կապրենք` կտեսնենք: Չգիտեմ ինչպես պղտոր ջրում մի տասնամյակ ձուկ որսացած ՀՀԿ-ականները, բայց Հայաստանի ժողովուրդը անկեղծորեն ցանկանում է, որ իրականությունը փոխվի, իսկ թե ով կլինի փոփոխություն կատարողը, բոլորովին միեւնույն է: