Վարդան Բոստանջյան. Նախագահի ելույթը ուժեղ իշխանության ելույթ էր

Վարդան Բոստանջյան. Նախագահի ելույթը ուժեղ իշխանության ելույթ էր
Անկախ հանգամանքից, որ ՀՀ նախագահը ելույթ ունեցավ ՀՀԿ 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ,  բոլոր դեպքերում, այդ ելույթն իր մեջ պարունակում էր գրեթե բոլոր այն պահերը, որոնք ծրագրային բնույթ ունեն մեր երկրի զարգացման համար: Մինչեւ անգամ առաջին հայացքից ներկայացող այն օրախնդիրները, որոնք, որոշների կարծիքով, կարող էին այդպես ներկայանալ, մեր հանրապետության համար դրանք չափազանց կարեւոր են եւ այսօր ծեծում են մեր դուռը: Հենց այդ խնդիրների վրա մենք պետք է ձեւավորենք հստակ պատասխաններ ու մոտեցումներ, իսկ մենք այդ լսեցինք նախագահի ելույթում:



Բացի այն, որ ամփոփվեց քաղաքական ուժի ձեւավորման ամբողջ պատմությունը, համաձայն որի մինչեւ անգամ կենտրոնացված կառավարման տարիներին, 20-րդ դարի 60-ական թվականներից, փաստորեն, այս քաղաքական ուժի հիմնադիրները կարողացել են պայքարել, դուրս գալ տոտալիտար ուժի դեմ, որի մասին մենք բոլորս գիտենք... Քաղաքական այս ուժը հանրապետությունում, որպես էդպիսին, ձեւավորվեց եւ գրանցվեց պետականորեն 20 տարի առաջ եւ անցած ամբողջ ճանապարհի ընթացքում բացառապես (հատկապես իշխանությունն իր ձեռքում գտնվելու տարիների ընթացքում), դրսեւորվել է բարդ, մեր հանրապետության համար կարեւոր խնդիրների ոչ միայն կրողն ու լուծողը, այլեւ հնարավոր պատասխաններ փնտրողը եւ տվողը: Սա որքան էլ այս քաղաքական ուժի անցած ճանապարհի սեղմ նկարագրությունն էր, միառժամանակ պարունակում էր մեր հանրապետության համար չափազանց կարեւոր խնդիրների...



Ելույթում այնպիսի մոտեցում չի եղել, որը մեր կողմից գնահատվի կամ որակվի որպես պահեր, որոնց հետ մենք համաձայն չլինենք: Չափազանց կարեւորում եմ քաղաքական ուժերի մրցապայքարի մասին հանրապետության նախագահի խոսքը, որ, փաստորեն, մենք ներկայանում ենք ժողովրդին, ում ձեռքում գտնվում են ձայներ: Նրանք կընտրեն նրան, ով ավելի շատ մեծ վստահության է հասնելու ընտրությունների արդյունքում, որեւէ կողմնապահություն, որեւէ բան ես չեմ նկատել: Ելույթում խոսվեց նաեւ ընդդիմադիր ուժերի մասին, որոնք պայմանականորեն բաժանվեցին 3 մասի, մասնավորապես ընդդիմության այն տեսակը, որն ըստ էության կառուցողական է իր բոլոր հարցադրումներով. նա բացառապես օգնում է իշխանություններին ճիշտ լուծումների որոնման, դրանցով առաջնորդվելու խնդրում:



Սա եւ շատ կարեւորվում է, որ  հանրապետությունում ընդհանրապես եւ մասնավորապես քաղաքական ուժի կտրվածքով որեւէ լրացուցիչ եւ այլ մտքեր չեն կարող առաջանալ: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, քաղաքական ուժերին, որոնք ըստ էության որեւէ բան չեն որոշում հասարակության մեջ, բայց, այդուհանդերձ, սահմանված կարգով օրենքներով հանդիսանում են քաղաքական ուժեր, եւ դրանք իրենց գործունեությամբ ըստ էության միայն հակված են տանելու այլ ճանապարհներ: Ակնհայտորեն այդպիսի ուժերին պետք չի ընդունել: Մի խոսքով, բոլոր պարագաներում շատ ողջունում եմ եւ բարձր գնահատում նախագահի ելույթը: Սա ուժեղ իշխանության ելույթ էր:



Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

ԲՀԿ պատգամավոր