Նոր կինո` հին մոտիվներով կամ պահանջվում են նոր «զոհեր»

Նոր կինո` հին մոտիվներով կամ պահանջվում են նոր «զոհեր»
Հայաստանի պետական ապարատում բավական ուշագրավ իրադարձություններ են կատարվում՝ պաշտոնանկություններ, փոխատեղումներ եւ այլն: Որոշ տեղեկություններով՝ Հայաստանի իշխանության առաջ գերտերությունների կողմից խնդիր է դրվել կամ հեռանալ, թեկուզ հերթական ընտրությունների միջոցով, կամ լուծել երկրում տիրող կոռուպցիայի ու կրիմինալի հարցը: Այսպես՝ ասվել է, որ եթե լինեն նախորդ ընտրությունների պես ընտրություններ՝ խոսքը մարտի 1-ի եւ քաղաքապետի ընտրության մասին է, ապա ԱՄՆ-ն ու Արեւմուտքը պարզապես չեն ճանաչի դրանք: Այս անգամ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կարծիքի հետ համամիտ է նաեւ Ռուսաստանը:



Ուստի ՀՀ իշխանությունն անցել է գործի. ում պատահի` հեռացնում է՝ յուրայիններին ու ոչ յուրայիններին: Ուշագրավ է նաեւ, որ ՀՀԿ 20-ամյակի իր ելույթում Սերժ Սարգսյանը բավական սիրաշահեց Եվրոպային: «Երբ մենք ասում ենք՝ ժողովրդավարության խորացում, եվրոպական չափանիշների ավելի արմատական ներդրում, դրանք սոսկ լոզունգներ չեն եւ ոչ էլ խոսքեր՝ ուղղված այլ լսարանների: Դրանք առաջին հերթին պետք են Հայաստանին եւ ո՛չ թե Եվրոպային:...»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Առավել կոշտ խոսքեր է ասել կոռուպցիայի ու կաշառակերների մասով, ինչը ոչ միայն ներքին, այլեւ արտաքին օգտագործման կոնտեքստում էր:



«Կոռուպցիայի, կաշառակերության եւ բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն: Այս գործում մեծ անելիք ունեն շատ-շատերը, սակայն քաղաքական պատասխանատվությունը, իմ համոզմամբ, առաջին հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, եւ կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որեւէ նշանակություն չպետք է ունենան»,- ՀՀԿ ամբիոնից սպառնաց Սերժ Սարգսյանը:



Այնպես որ, առաջիկայում Հայաստանում նոր պաշտոնանկություններ են սպասվում՝ «կոռուպցիա եւ կաշառակերներ» խորագրով: Հնարավոր է քրեական գործեր հարուցվեն: Ավելին՝ ասվում է, որ չեն խնայելու ոչ մեկին: Այդպիսով՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձելու է տարանջատվել կաշառակերությունից:



Նա որոշել է գնալ Քոչարյանի՝ իմիտացիոն ժողովրդավարության ճանապարհով: Ըստ այդմ՝ որոշ աղբյուրներ պնդում են, որ կառավարման ապարատից այս կամ այն պատճառով հեռացվելու են բոլոր այն նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր կամ լուրջ խախտումներ են արձանագրել, կամ, այսպես կոչված՝ «Սերժ Սարգսյանի մարդը» չեն: Իշխանական լծակները կենտրոնանալու են մեկ ուժի ձեռքում եւ ծառայելու են մեկ՝ Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի վերընտրությունն ապահովելու նպատակին: Այս պարագայում բավական անհարմար դրության մեջ են հայտնվում կոալիցիոն նախարարները, ովքեր, փաստորեն, կամ պետք է ուրանան կուսակցապետին ու անվերապահորեն կատարեն նախագահականի հրահանգները, կամ հեռանան պաշտոնից:



Իշխանության առաջ խնդիր է դրված նաեւ կրիմինալի հետ ասոցացվող պաշտոնյաներից ձերբազատվել. մասնավորապես այս կոնտեքստում է դիտարկվում Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունը: Կրիմինալի հետ ասոցացվողների պակաս չկա նաեւ ԱԺ-ում: Որոշ տեղեկություններով՝ նոր ընտրացուցակներում այդ դեմքերը չեն լինի, կլինեն նրանց մարդիկ: Այստեղ եւս կլինեն «ժերտվաներ»: Փաստ է, սակայն, որ կրիմինալը ներկա դրությամբ բավական դերակատարություն ու տնտեսական լծակներ ունի Հայաստանում՝ իշխանության բարձր հովանու ներքո՝ ընտրությունից ընտրություն մատուցած ծառայության դիմաց, եւ նրանից լիովին ձերբազատվել դժվար կլինի:



Ցավալի է, սակայն, որ իշխանությունն իր մեջ բավարար ուժ չի գտել գնալու հասարակության հետ բաց երկխոսության: Սա է վկայում բոլորովին վերջերս «Ա1+»-ին եթեր չտրամադրելու որոշումը, տնտեսական դաշտը մոնոպոլ պահելը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի բացակայությունը, քաղբանտարկյալներ պահելը, իրական համակարգային փոփոխությունների չգնալը: