Զարգացումները դրական են

Զարգացումները դրական են
Լեւոն Զուրաբյանը երեկ բացատրել է, թե ինչ իմաստ ունեն վերջին կադրային փոփոխությունները եւ Սերժ Սարգսյանի ջանքերը՝ «քրեապետությանն իբր  «մարդկային դեմք» հաղորդելու ուղղությամբ»: Այս ամենն ունի շատ պարզ բացատրություններ, հայտարարել է նա:



1. Ռեժիմը, ի դեմս Սերժ Սարգսյանի, ըստ էության խոստովանում է, որ ի վիճակի չի պահպանել վարչախմբի շահերը սպասարկող այս արատավոր համակարգը, քանի որ արտաքին եւ ներքին քաղաքական իր բոլոր նախաձեռնությունների տապալման արդյունքում այլեւս սպառվել են ներկա վիճակում ռեժիմի կյանքի երկարաձգման համար անհրաժեշտ ռեսուրսները:



2. Ճարահատյալ այս արձանագրումը պարտադրված է վարչախմբի կողմից ճգնաժամի խորության եւ սեփական իշխանության փլուզման անխուսափելիության գիտակցումով եւ ոչ թե ռեժիմի պարագլուխների սկզբունքներով եւ համոզմունքներով: Այլապես Սերժ Սարգսյանի վարչախումբը համարյա երեք տարի չէր վատնի` համակարգի պահպանման սին հույսով, եւ հենց սկզբից կիրագործեր այն ռեֆորմները, որոնց մասին ակնարկել է իր ելույթում:



3. Պաշտոնանկությունները եւ նոր նշանակումներն ընդամենը հուսահատ քայլեր են իշխանության նկատմամբ ժողովրդի եւ հասարակության վերաբերմունքը մեղմելու ուղղությամբ: Սակայն դրանք ի վիճակի չեն որեւէ տեւական արդյունք տալ, քանի որ հիմնված չեն արմատական համակարգային վերափոխման վրա: Համակարգային փոփոխություններ կատարելու եւ տարբեր արտոնյալ խմբավորումների դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է այնպիսի իշխանության ձեւավորում, որն ունի վստահության ահռելի պաշար եւ համաժողովրդական աջակցություն: Իսկ այդպիսին կարող է լինել միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը:



4. Ժողովրդավարացման եւ երկխոսության մասին խոսքերն ուղղակի կեղծիք են: Հակառակ դեպքում պետք է իրականացվեին այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, «մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը եւ «Ա1+»-ի բացումը: Առանց նման քայլերի այդ խոսքերը կոպեկի արժեք չունեն:



5. Այնուամենայնիվ, զարգացումները օբյեկտիվորեն դրական են, քանի որ, ինչպես ցույց է տալիս ամբողջատիրական կամ ավտորիտար բոլոր ռեժիմների պատմական փորձը, դրանց կազմալուծումը եւ ժողովրդավարական շարժումների հաղթանակները սկսում են հենց այն պահից, երբ ռեսուրսասպառ ռեժիմները ստիպողաբար փորձում են ռեֆորմներ իրականացնել: Նման ռեժիմների անցկացրած ռեֆորմները միշտ մնում են կիսաքայլեր, որոնք ի վիճակի չեն բավարարել ժողովրդի սպասելիքները, սակայն առաջացնում են ներիշխանական այնպիսի լարվածություններ եւ բարոյալքում, որոնք ի վերջո պսակվում են ազատության համար պայքարող ժողովրդի հաղթանակով: