Նույնիսկ նախազգացում չունեմ, որ ինձ հանելու են

Նույնիսկ նախազգացում չունեմ, որ ինձ հանելու են
Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխությունների թեման շարունակում է քննարկվել: Նոր պաշտոնանկությունների մասին խոսակցությունները չեն դադարում, ցանկն ամեն օր մեծանում է: Այդ ցանկում է հայտնվել նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը: Ըստ շրջանառվող լուրերի` նրան տեղափոխում են վարչապետի տեղակալ, իսկ ոստիկանապետի պաշտոնը հանձնում են Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Օրերս կառավարությունում հանդիպելով Ալիկ Սարգսյանին՝ հետաքրքրվեցինք այս մասին:



- Պարոն Սարգսյան, վերջին շրջանի պաշտոնանկությունների ցանկում շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Լուրեր կան, թե Ձեզ տեղափոխելու են վարչապետի նստավայր՝ նշանակելով վարչապետի խորհրդական կամ տեղակալ:



- Հավատացնում եմ Ձեզ՝ էդ բոլոր լուրերը հերյուրանքներ են: Ինձ պաշտոնանկ էս պահին, կարծում եմ՝ չեն անի: Էդպիսի խոսակցություն երբեւիցե չի եղել: Մի քանի օր առաջ եմ եղել հանրապետության նախագահի մոտ, նորմալ վերաբերմունք, նորմալ հանձարարականներ եմ ստացել, որոնք մեկ կամ երկու օրվա հետ կապված չեն, որոնք կապված են հետագա ամիսների, ինչու չէ՝ տարվա հետ: Ես որպեսզի Ձեզ ապացուցեմ, դա կլինի էն աշխատանքը, որ ես կատարելու եմ: Նախազգացում նույնիսկ  այդպիսի չունեմ, իսկ  ոստիկանության պետի պաշտոնից հետո շարունակել մեկ ուրիշ տեղ խորհրդականների, օգնականների ստատուսում՝ ես չեմ պատրաստվում եւ չեմ ուզում: Ոստիկանության պետի պաշտոնից եթե պիտի պաշտոնանկ արվեմ, կհանգստանամ, կլինեմ իմ ժողովրդի հետ, մինչե՜ւ...



- Ովքե՞ր են շրջանառում այդ լուրերը, ունե՞ք հակառակորդներ, որոնք, հավակնելով այդ պաշտոնին, շրջանառում են Ձեր պաշտոնանկությունը:



- Ովքեր էդպես թափով հավակնում են, կարծում եմ՝ այս տարիների ընթացքում մի քիչ հանգստացել են: Կարծես թե բոլորը աշխատանքով զբաղված են, պաշտոններ են ստացել: Ես դա էլ չեմ զգում հիմա: Եթե առաջին ամիսների ընթացքում  հավակնողների շունչը զգում էի, հիմա էդ շունչն էլ չկա, բոլորի հետ շատ լավ հարաբերություններ, շատ ջերմ, մարդիկ ամեն մեկն իր աշխատանքով է զբաղված: Ես չեմ կարծում, որ իմ պաշտոնի վրա էդպես հատուկ լարվածություն կա կամ մրցավազք:



- Իսկ որ շունչը զգում էիք, Ձեզ խանգարո՞ւմ էր աշխատել:



- Չէ, չէր խանգարում, ընդամենը հանգստություն էի մաղթում նրանց, որ չի կարելի: Վերջը երկրում էս հարցը լուծում է երկրի ղեկավարը, երկրի նախագահը: Նա որոշի՝ ես կաշխատեմ, չորոշի՝ առաջին իսկ բառից առանց դժգոհության, նորմալ, բարձր տրամադրությամբ կանցնեմ իմ կյանքին: Ես դեռ շատ անելիքներ ունեմ:



- Պարոն Սարգսյան, ասում են՝ Ձեր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները խիստ լարված են, ճի՞շտ է:



- Ես չգիտեմ այ էդ մի ստեղծագործողին, եթե իմ պաշտոնանկության հետ կապված՝ երեւի ինչ-որ մի քանի մարդ են աշխատում, բայց, իմ կարծիքով, էս հարաբերության հետ կապված՝ երեւի մեկ, ամենաշատը երկու մարդ  է աշխատում:



- Մրցակցություն չկա՞ մարզում հեղինակությունը տարածելու առումով:



- Ախր ինչո՞ւ պիտի մրցակցենք: Ես ուզում եմ իմանալ՝ ես ու Հովիկ Աբրահամյանը ի՞նչ ունենք էս պահին կիսելու: Նա Ազգային ժողովի նախագահ է, պետական պաշտոն է, լուրջ պաշտոն է գրավել, աշխատում է, վերջը հայրենակիցներ ենք,  նույն տարածաշրջանում ենք ծնվել-մեծացել, արդեն երկար տարիներ իրար ճանաչում ենք: Մարդկային ամենանորմալ հարաբերություններ են, ինչի՞ պիտի լարվեն: Ով ինչ ունի՝ ունի: Էսօր մեր հարաբերությունների վատթարացմամբ որեւիցե մեկիս հեղինակությունը չի բարձրանալու կամ չի իջնելու: Ես հավատացնում եմ՝ ավելի շատ ինձ չի հարգի մեր ժողովուրդը, որ իմանա ես Հովիկ Արգամիչի հետ  վատ հարաբերություններ ունեմ: Նույնը՝ իրեն: Եթե նա ցույց տա, որ իմ հետ վատ հարաբերություն ունի, իր վարկանիշը չի բարձրանա: Մենք չունենք էդպես խնդիր, կգա օրը՝ մենք միասին կաշխատենք:



- Ի՞նչ նկատի ունեք «միասին աշխատել» ասելով: Ի՞նքը կգա ոստիկանական համակարգ, թե՞ Դուք եք գնալու ԱԺ:



- Չէ, չէ, մենք երբ ենք ավելի շատ առնչվում: Էսօր ԱԺ-ի հետ ես առնչվում եմ այնքանով, որքանով: Էսօր մեր օրինագծերն ենք տանում-ներկայացնում եւ այլն: Հովիկ Արգամիչին շատ ուշ-ուշ եմ տեսնում, դա գաղտնիք չի: Ժամանակին, որ ինքը  տարածքային կառավարման նախարար էր, ես մարզպետ էի, շփվում էինք ամեն օր: Հիմա շփվում ենք առիթից առիթ, միջոցառումների ժամանակ: Ընդամենը՝ ո՞նց ես, դո՞ւ ոնց ես, գործե՞րդ՝ նորմալ, հլը մեկ-մեկ էլ կատակով՝ ո՞ւր ես, չես երեւում: Դե գիտեք Հովիկ Արգամիչի բնավորությունը, ես էլ չեմ նեղանում, մի խոսքով, դե գիտեմ, որ կատակ է անում: