Որ ՀՀԿ-ից եմ, տնից չպիտի՞ դուրս գամ

Որ ՀՀԿ-ից եմ, տնից չպիտի՞ դուրս գամ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տարին փակեց եւս մեկ նախագահի պաշտոն ստանձնելով: Նախօրեին «ընտրվեց» Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Գաղտնիք չէ, որ  բուհական ոլորտում այս բուհը ամենից շատն է անվանարկված, ցածր կրթամակարդակով ու կոռումպացվածությամբ առաջիններից է, նույնիսկ ԿԳ փոխնախարար, օպտիմիստ Մանուկ Մկրտչյանը խոստովանեց, որ այն մնացորդային բուհ է համարվում: Նախօրեին Տիգրան Սարգսյանին նախագահ  նշանակելու պաշտոնական արարողությունից հետո վարչապետից հետաքրքրվեցինք, թե իր՝ նախագահ նշանակվելուց հետո ինչ է սպասվում երբեմնի բարձր հեղինակություն ունեցած, սակայն մանկավարժական դուքանի վերածված բուհին:



«Կառավարությունում այսօր քննարկվում է կոռուպցիայի դեմ ուղղված միջոցառումների հստակ ծրագիր, այն տեղադրված է այսօր նաեւ կրթության նախարարության կայք-էջում: Բացի մեր մշակած տարբերակներից, ստացել ենք տասնյակ  առաջարկություններ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազեցնենք... Մեր միջոցառումները նույնիսկ մեր ընդդիմադիրները համարեցին համարձակ քայլ»,- զարմացրեց Տիգրան Սարգսյանը՝ մանրամասնելով ապագա պլանները:  Իսկ արդյո՞ք բուհերը չեն քաղաքականացվում, երբ ՀՀԿ վերնախավը ստանձնում է բուհերի խորհուրդների նախագահի, անդամների պաշտոնը:



Արդյո՞ք նպատակ չունեն այդպիսով ընտրությունների շեմին իրենց ձեռքում կենտրոնացնել բուհական ընտրազանգվածը, Տիգրան Սարգսյանը չքմեղացավ. «Այդ տեխնոլոգիային, ճիշտն ասած, ես չեմ տիրապետում, թե ինչպես կարելի է այդ պաշտոնը օգտագործել: Եթե դա լինելու է մեր հեղինակության հաշվին, այսինքն, եթե մենք ունենանք հաջողություններ այս ռեֆորմների գործում, բուհի վարկանիշը բարձրացնենք, կոռուպցիան նվազեցնենք, ապա դա բխում է մեր ժողովրդի շահերից»: Ապա զարմացած հարցրեց. «Ինչի՞ եք կարծում, որ դա քաղաքականացում է նշանակում: Եթե այդպես է, ուրեմն   տնից դուրս չպիտի գամ, ուր մտնեմ, պիտի ասեն քաղաքականացնում եք: Քաղաքականացնել ասել՝ ի՞նչ է նշանակում, ես ստիպելու եմ, որ բոլոր ուսանողները դառնան հանրապետակա՞ն: Իսկ եթե չմտնեի, չէի՞ն կարող դառնալ»: