Ռուսաստանի պատվերը կատարեցին առանց հոգեբույժի օգնության

Ռուսաստանի պատվերը կատարեցին առանց հոգեբույժի օգնության
Ազգային ժողովը երեկ ավարտեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» վիճահարույց օրենքներում փոփոխությունների եւ լրացումների քննարկումը: Այսօր օրինագծերը դրվեցին քվեարկության: Նժդեհականները եւ կոալիցիոն մյուս ուժերը, բնականաբար, կողմ քվեարկեցին: Կարելի է շնորհավորել ՀՀ կառավարությանն ու ԱԺ մեծամասնությանը, որն այդպիսով կատարեց Ռուսաստանի պատվերը, ինչը թերեւս աննկատ չի մնա: Ուշագրավ է նաեւ, որ օրինագծերը քննարկվեցին ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի բնութագրած՝ «օրենքներ սղղացնելու» ռեժիմով:



«Մեղմ ասած՝ խորամանկություն արվեց, լեզվի հետ կապված խնդիրները տեղափոխվեցին «Հանրակրթության մասին» օրենքի մեջ, եւ միայն մեկ հղում արվեց «Լեզվի մասին» օրենքում: Այդպես կարելի է ցանկացած հարց լուծել»,- հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:



«Ժառանգություն» ֆրակցիայի ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ ընդամենը 2 օր առաջ ՀՀԿ 20-ամյակին նվիրված Սերժ Սարգսյանի ելույթը հակասում է այս նախագծին: Նախատեսված փոփոխությունները Ստեփան Սաֆարյանը գնահատեց քաղաքական պատվեր. «Մենք այսօր այս նախագիծը քննարկում ենք երկրորդ ընթերցմամբ, մինչդեռ առաջին ընթերցմամբ այն դեռ չի ընդունվել:



Մեր կառավարությունը, անտեսելով այսօր մեր կրթական ոլորտում առկա խնդիրները, կենտրոնացել է ընդամենը 11 օտարալեզու դպրոցների բացման վրա»: Փոփոխություններին դեմ արտահայտվեցին նաեւ ՀՅԴ պատգամավորները: «Այսօր, երբ մեր երիտասարդների 70 տոկոսն իր ապագան տեսնում է Հայաստանից դուրս, նման օրինագիծ բերելը քաղաքական պատվեր է»,- ասաց պատգամավոր Լիլիթ Գալստյանը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս մեկ անգամ առաջարկեց կառավարությանը վերանայել մոտեցումներն ու հրաժարվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու գաղափարից:



ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը դժգոհեց, որ իրականում տեղի չի ունեցել նաեւ փոփոխությունների նախագծի քննարկում. «Քննարկումը տեղի ունեցավ առանց նախագծի»: Նա փորձ արեց իր ելույթն ավարտել Չարենցի տողերով, սակայն թերեւս հասկացավ, որ ԱԺ պատգամավորներից շատերին այդ տողերը ծանոթ չեն, եւ հայտարարեց. «Կարելի է այս նախագիծն ընդհանրապես հանել: Նրանք, ովքեր համոզված են, թե ինչ է կատարվում, իրենց երբեք չեն ներելու: Իսկ նրանք, ովքեր չեն հասկանում, նմանները շատ են այստեղ, ես նրանց չեմ մեղադրում»:



«Կեղծ հայրենասերի դիմակով պետք չէ հանդես գալ»,- օտարալեզու դպրոցներին դեմ արտահայտվողների առթիվ հայտարարեց ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հավելելով, թե կորուստներ չենք ունենա, եթե հանրապետությունում գործի 11 օտարալեզու դպրոց:



«Համոզված եմ, որ օրենքն ընդունելով, մենք, մի կողմից պահպանելով մեր ազգային նկարագիրը, զարգացնելով մեր լեզուն, կխուսափենք հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից, մյուս կողմից կրթության կազմակերպման հարցում կլինենք ավելի ճկուն»,- ամբիոնից իր ելույթում կարդաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նաեւ հուսադրեց հայությանը, թե մի քանի ամիս առաջ անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ իր ներկայացրած բոլոր առաջարկությունները ներառվել են օրենսդրական փաթեթում, ինչը, իր կարծիքով, իրավական առումով անխոցելի է դարձրել փաթեթը:



Ի դեպ, Գալուստ Սահակյանը նաեւ իր պարտքը համարեց պատասխանել կառավարությանն ուղղված մեղադրանքներին՝ հիշեցնելով, որ կառավարությունը իրենք` ԱԺ-ն է ձեւավորել: «Կան մարդիկ, որ սղոցում են պատգամավորների ուղեղները: Կապ չունի, թե ինչ թեմայի շուրջ են խոսում, միշտ նույն տեքստն է: Եթե այդպես շարունակվի, պետք է փոփոխության ենթարկենք ԱԺ կանոնակարգը, եւ նիստերի դահլիճում ներկա լինի նաեւ հոգեբույժ»,- հայտարարեց Գալուստ Գրիգորիչը:



«Կարծում եմ, հոգեբույժի կարիք դեռ չկա: Այս փուլում հնարավոր է սահմանափակվել հոգեբանով»,- եզրափակիչ ելույթում առանց ցինիզմի պակասի ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որի պաշտոնը, ասում են, առաջարկում են ԲՀԿ-ին, եւ Աշոտյանին հնարավոր է առաջիկայում պաշտոնանկություն սպասվի: «Ոչ միայն Տիգրան Թորոսյանին եմ ուղղում խոսքս, այլեւ մեր մյուս ընդդիմախոսներին: Նրանք երկու տարի առաջ նենց հավես կգովերգեին այս օրենքը»,- հայտարարեց Աշոտյանը: ԿԳ նախարարը նաեւ «ավելորդ համարեց» հարցերին նորից պատասխանել: Ավելին՝ հայտարարեց, թե հասարակության 75 տոկոսը դեմ չէ, որ Հայաստանում գործի 11 օտարալեզու դպրոց: «Կարող եմ ինձ թույլ տալ խնդրել Ձեզ քվեարկել հօգուտ այս օրինագծի»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։



Այսօր, ինչպես հայտնի է, օրինագծերը դրվեցին քվեարկության եւ ընդունվեցին: