Ապտակ եւ խայտառակություն

Ապտակ եւ խայտառակություն
«69 պատգամավորներ իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները եւ ՀՀ Սահմանադրությունը: Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբեւէ պայքարել են Հայաստանի ազատության եւ անկախության համար»,- երեկ «Հանրակրթության» եւ «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններն ընդունվելուց հետո նման հայտարարություն են արել մի խումբ հասարակական գործիչներ: Այս փոփոխությունների եւ ըստ այդմ՝ օտարալեզու դպրոցների դեմ պայքարը մի քանի ամսվա պատմություն ունի: Թվում էր՝ հասարակությունը գրեթե միակարծիք է այս հարցում: Օտարալեզու դպրոցների դեմ արտահայտվողների բանակը շատ ավելի ծանրակշիռ էր ու փաստարկված, քան դրա կողմնակիցներինը, որոնք, փաստորեն, դպրոցը դիտում են միայն որպես օտար լեզու ուսուցանող համակարգ: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում այնպիսի շահեր էին գործում, այնքան հզոր անձինք էին շահագրգիռները, որ հասարակական պայքարի միջոցով դրա դեմն առնել անհնար եղավ: «Վստահ ենք, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետեւորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեությունը խափանելու համար»,- հույս են հայտնել հայտարարության հեղինակները: Բայց այն, ինչ կարողացան անել օրենքի մեջ փոփոխություն կատարելու մակարդակով, ինչպե՞ս կարելի է կանգնեցնել սիրողական պայքարով՝ անուժ եւ անզոր հանրության ջանքերով: Մեր աչքի առաջ բազում օրինակներ կան, երբ օրենքի ու օրինականության շրջանակներում մղվող պայքարն է անարդյունք լինում, ուր մնաց՝ օրենքով ամրագրված իրողությունների դեմ ուղղված գործողությունները հաջողությամբ պսակվեն: Հարցի լուծումը թերեւս 69 կոճակսեղմիչների ճանապարհը դեպի պառլամենտ փակելու մեջ է: