Ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ

Ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ
Անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» տեղափոխելուց հետո իրավիճակը բարդացավ. նրա նամակներն ու հոդվածները հասցեատերերին՝ խմբագրություն չեն հասնում: «Քրեակատարողական հիմնարկից պահանջել էի Նիկոլից վերցրած, բայց հասցեատիրոջը չուղարկված նամակները»,-ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը: Սակայն ՔԿՀ ղեկավարությունը նամակները չի տրամադրել փաստաբանին եւ պատասխանել է, թե իրենք Նիկոլից երեք դիմում են ստացել. «Ես դիմել էի, որ ծրարները վերադարձնեն, նրանք ինձ գրում են, որ ստացել են, մուտքագրել են երեք դիմում»:



Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցինք Նիկոլի վիճակի մասին: «Վիճակը աննորմալ է, այդտեղ ի՞նչ նորմալ բան կա»,-ասաց փաստաբանը: Վահե Գրիգորյանը մեզ ասաց նաեւ, որ երկուշաբթի օրը դիմել են արդարադատության նախարարին, որպեսզի առանձնատեսակցություն թույլատրի Փաշինյանի հետ, եւ սպասում են պատասխանին: «Սպասում եմ արդարադատության նախարարի պատասխանին, եւ եթե նախարարը չապահովի առանձնատեսակցություն, ապա Եվրոպական դատարանին ուղղված մեր լրացումները դատարանին կուղարկեմ առանց Նիկոլի հետ համաձայնեցնելու՝ մանրամասն շարադրելով նաեւ պատճառները»,-հավելեց փաստաբանը: Փաստորեն, ամեն ինչ արվում է Նիկոլին հասարակությունից իսպառ մեկուսացնելու եւ անգամ նրա հաղորդակցությունը արգելելու համար, ինչը միջազգային բոլոր կոնվենցիաներով եւ ՀՀ օրենսդրությամբ արգելված է: