Օրենքն ընդունեցին ու գնացին քեֆ անելու

Օրենքն ընդունեցին ու գնացին քեֆ անելու
Խորհրդարանը երեկ ավարտեց այս տարվա աշխատանքը՝ 69 կողմ, 1 դեմով հավանություն տալով օտարալեզու դպրոցների բացմանն ուղղված փոփոխություններին: «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը չմասնակցեցին քվեարկությանը: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կոչ արեց չքվեարկել, սակայն կոալիցիան կողմ քվեարկեց ու անցավ մյուս օրինագծերի քննարկմանը:



Առաջիկայում Հայաստանում կբացվեն 11 օտարալեզու դպրոցներ, 2-ը՝ մասնավոր, 9-ը՝ միջպետական համաձայնագրերով: Դրանք հիմնականում լինելու են ռուսական եւ անգլիական դպրոցներ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնությունը պատրաստվում է ճանապարհներ գտնել եւ վիճարկել օրենքը Սահմանադրական դատարանում: «Սա խոսում է այն մասին, որ պետությունն իր գործառույթը չի կարողանում իրականացնել»,- արդեն բնապահպանական փորձաքննության մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով. ««Լեզվի մասին» օրենքը, որով մենք տալիս ենք այդ գործառույթը այլ անձանց, դա է նշանակում: Հիմա էլ այս օրենքով ենք տալիս գործառույթներ: Մեր կառավարությունը, մեր պետությունը փաստացի այն գործառույթները, որոնք օրենքով իրեն վերապահված են, չի կարողանում կատարել»:



Իշխող կոալիցիային ԱԺ շենքից դուրս եղած տրամադրություններն ակնհայտ չէին հետաքրքրում: Նրանք շուտ-շուտ քվեարկեցին օրինագծերն ու արագ լքեցին ԱԺ շենքը: Կոալիցիան երեկ երեկոյան հրավիրված էր «Օջախ» ռեստորան, հրավիրողը Սերժ Սարգսյանն էր, ուստի ոչինչ, ոչ մի օրինագիծ չէր կարող խամրեցնել նրանց տրամադրությունը: Իշխող Հանրապետական կուսակցության որոշ անդամներ ակտիվացան միայն այն բանից հետո, երբ բնապահպանական փորձաքննության մասին օրինագծի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «2008 թվականից հետո ասվում էր, որ ՀՀ նախագահն «ընտրվացված» նախագահ է: Ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես էին ընտրատեղամասերում կեղծիքները տեղի ունենում եւ ինչպես այդ պարկերը մեր գործընկերներից մեկը եկավ եւ տարավ, հայ-թուրքական արձանագրություններից հետո ես ասում եմ, որ, ցավոք սրտի, ՀՀ-ն նախագահ չունի»:



ՀՀԿ-ականները, որ բացարձակ անտարբեր էին օրինագծի քննարկման հանդեպ, ու ամեն մեկը մի զրուցակից գտած` խոսում էր դահլիճում, ակտիվացան` հասկանալով, որ պետք է կրծքով պաշտպանեն իրենց կուսակցապետին: Տեղից ռեպլիկներ հնչեցին ամբիոնի մոտ կանգնած պատգամավորի ուղղությամբ՝ այդ կերպ թերեւս փորձելով իմաստավորել ԱԺ-ում իրենց գոյությունը: Փոստանջյանը դրանից չընկրկեց. «Եթե մենք ունենայինք գործադիր իշխանություն, ապա այս օրինագիծը, որտեղ ցույց է տրվում կառավարության անկարողությունը, չէր ներկայացվի»:



Ռեպլիկների եւ չափի մեջ լինելու կոչերին ի պատասխան՝ Փոստանջյանը հայտարարեց. «Դա իմ կարծիքն է, նման ձեւով խնդրում եմ մի պատասխանեք: Եվ իմ սահմանադրական իրավունքն է արտահայտել այդ կարծիքը: Սա նախեւառաջ քաղաքական ամբիոն է, ոչ թե դատական, եւ չափը դուք չպետք է որոշեք: Չափը պետք է որոշեմ ես եւ այն ուժը, որին ես ներկայացնում եմ: Եթե դուք ունեք նախագահ, դա ձեր գործն է, բայց ես կարծում եմ, որ ՀՀ-ն չունի նախագահ: Եվ կառավարությունը, բերելով այս օրինագիծը, եւս մեկ անգամ փաստում է, որ չի կարողանում իրականացնել իրեն վերապահված գործառույթները: Ստացվում է՝ մենք կառավարություն էլ չունենք»:



«Ամանորի նախաշեմին կոչ եմ անում կոռեկտության իմ գործընկերներին»,- իր հերթին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ շարունակելով. «Ամբողջ տարին հնարավորություն եք ունեցել հայտարարությունների ժամին ձեր դիրքորոշումները ՀՀ ժողովրդին ներկայացնել, եւ, իմ կարծիքով, Ամանորի այս շեմին հարկավոր չի քաղաքական ելույթներ ունենալ»: Միգուցե Հովիկ Աբրահամյանն ակնկալում էր, որ այս օրերին ամանորյա բարեմաղթանքներ պիտի հնչեին օրենքների քննարկումների ժամանակ:



Պատգամավորները հրավիրվեցին դահլիճ, եւ բոլոր օրինագծերն ընդունվեցին, սակայն բնապահպանական փորձաքննության մասին վիճարկելի օրինագիծը չընդունվեց: Ի վերջո՝ Հովիկ Աբրահամյանն ազդարարեց այս տարվա աշխատանքների ավարտը եւ բոլորին մաղթեց հաջողություն նոր տարում: