Եթե դեռ գոյատեւում ենք, ուրեմն դրական էր տարին

Եթե դեռ գոյատեւում ենք, ուրեմն դրական էր տարին
2010 թվականը երկու օրից ամփոփելու է նաեւ մեր թերթը: Թեեւ հայաստանյան իրադարձությունները, առավել եւս օրենսդիրի ու գործադիրի աշխատանքները, բացթողումներն ու «ձեռքբերումները» լայնածավալ լուսաբանվել են մեր թերթում, սակայն որոշեցինք անցնող տարվա վերաբերյալ մեկնաբանություններ լսել նաեւ օրենսդիրի ներկայացուցիչներից, ովքեր Ազգային ժողովում իրենց նպաստն են ունեցել այս կամ այն բարենպաստ կամ ոչ բարենպաստ օրինագծի հաստատմանը:



Մի խոսքով, թե ինչպիսին է 2010-ը հասարակության համար, արդյո՞ք սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, եւ ամենակարեւորը՝ ինչ ձեռքբերում ունեցավ մեր հանրապետությունը, գնահատում են ԱԺ պատգամավորները: «Որպես ընդդիմադիր կուսակցություն՝ ապրել ենք մեր ժողովրդի բոլոր դժվարություններով, զգացել ենք բոլոր խնդիրները»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ եզրակացնելով. «Հետեւաբար չենք կարող տարին հաջողակ համարել ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, այլ նաեւ «Ժառանգության» համար, որովհետեւ շարունակվող ցանկություններով ու ձախողումներով, արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում շարունակվող արտագաղթի, աղքատացման ֆոնին կառավարությունը բավականին ցինիկ համարձակությամբ իրականացրեց էլ ավելի ցավոտ ռեֆորմներ: Նոր վճարներ սահմանելու միջոցով քաղաքացու գրպանը դատարկելով՝ ի դեմս ԱՊՊԱ-ների»:



Այնուամենայնիվ ամբողջ տարվա ընթացքում ժողովրդի դժգոհություններին արձագանքած կուսակցության պատգամավորը պնդում է. «Հասարակության համար տարին ոչ բարենպաստ էր»: Իսկ  իրենց համար՝ աշխատանքներով լեցուն, քանի որ կառավարության կողմից հալածվածներն ապավինել են խորհրդարանական ընդդիմության քննադատական ու պահանջկոտ խոսափողին: Ոչ խորհրդարանական, կենտրոնամետ «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ, այսուհետ իր իսկ գնահատմամբ՝ հալածյալ Տիգրան Կարապետյանի համար ակտիվ տարի չէր, իսկ դա ակնհայտ  դարձավ տարվա մայրամուտին:



«Ես համարում եմ, որ կուսակցությունները ամբողջովին անկում են ապրել, փաստորեն վերածվել են շարժումների»,-փաստեց Կարապետիչը, որի համար, թեեւ չխոստովանեց, բայց պարզ է, որ  սարսափելի տարի էր: Վերջին օրերին անդառնալի կորուստ ունեցան: Չնայած խոցելի խնդիրների  առկայությանն ու բարգավաճմանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տնտեսագետ պատգամավոր Վարդան Բոստանջյանը տարին դրական է գնահատում: «Տարին այնուհանդերձ խոցելի պահերով ընդհանուր առմամբ գնահատում եմ դրական: Խոցելի պահեր ասելով՝ նկատի ունեմ սոցիալական խնդիրները:



Որքան էլ հատկացումներ եղան, բայց թերեւս դա շարունակում է մնալ ոչ բարձր: Պետեկամուտները բարձր չեն, բնակչության աշխատատեղերի համար պրոբլեմներ ունենք, տնտեսվարող սուբյեկտների համար ոչ բարենպաստ պայմաններ ունենք, բայց գումարային առումով ակնհայտորեն 2010 թվականը, անշուշտ, անհամեմատ ավելի լավ եղավ»,-գնահատեց ԲՀԿ-ականը՝ սփոփվելով, որ եթե անգամ լավ բան չեղավ, ապա գոնե վատթարացում չգրանցվեց. «Սոցիալական առումով ոչ թե լավ բան եղավ, այլ գոնե կտրուկ վատթարացում չեղավ, ինչ-որ պարագայում եթե առավել եւս հանրապետության առաջ ծառացած են մեծ ու փոքր խնդիրներ, գոնե որ ավելի չի վատթարանում վիճակը, դա եւս հարկավոր է դրական գնահատել: Ես կասեի, իհարկե, որոշակի շերտերի համար փոքր ավելացումները, վերանայումները կարող են էական նշանակություն չունենալ, բայց բոլոր դեպքերում մեր ոչ մեծ ֆինանսական հնարավորությունների պայմաններում ժողովուրդը կարողացավ ապրել»:



Թերեւս այստեղ ճիշտ կլինի փառք տալ մեր իշխանությանը, նրանց կառուցողական  քաղաքականությանը, որ բազմաթիվ ռեֆորմների շնորհիվ հաջողվեց Հայաստանում մնացածների գոյությունը քարշ տալ: Ազգային ժողովի հնաբնակ, անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը անցնող  տարին ամփոփեց պաշտոնական կործանարար վիճակագրական տվյալների հիման վրա: «Կարճ գնահատական տամ՝ տարին շատ անբարենպաստ էր: Ես կարող եմ երկու թիվ հրապարակել: Ազգային վիճակագրական տվյալներով, այսինքն, պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ազգաբնակչության 34,1 տոկոսն աղքատ է, այսինքն՝ աղքատ է մեր բնակչության մոտավորապես յուրաքանչյուր երրորդը, եւ 2009 թվականին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 214 հազար մարդ համալրել է աղքատների շարքերը: Պաշտոնական տվյալներով՝ 1,1 միլիոն մարդ Հայաստանում աղքատ է: Ես սա պետության համար համարում եմ ամենավտանգավոր երեւույթը»,-փաստեց Դալլաքյանը՝ օրինակ բերելով 530 հազար կենսաթոշակառուի գոյատեւման համար հատկացված գրոշները՝ 25 հազար դրամը:



«Այսինքն, երկրի լրջագույն պրոբլեմը ես համարում եմ համատարած աղքատությունը: Եվ Հայաստանը գտնվում է նիրհող պատերազմում եւ, գտնվելով այդ վիճակում, ցավոք սրտի, մեր երկրում իրականացվում է հետեւյալ մոդելը՝ պետությունը հարուստներինն է, իսկ հայրենիքը՝ աղքատներինը: Եթե հայրենիքը պաշտպանելու վտանգ կա, աղքատներն են պաշտպանում: Այդ կոնֆլիկտը աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում գտնվողների համար կարող է կործանարար լինել»,-չարագուշակ կանխատեսումով եզրափակեց ասելիքի առաջին հատվածը: Երկրորդը արտագաղթի պրոբլեմն է: Փաստեց, որ 90 թվականից մինչեւ 2010 թվականը արտագաղթողների թիվը Հայաստանից կազմել է 1,5 միլիոն մարդ:



«Այսինքն՝ արտագաղթել է այնքան մարդ, որքան հայ կոտորվել է 15 թվականի ցեղասպանության ժամանակ: Այս փաստերը լրացուցիչ մեկնաբանման կարիք չունեն: Տարին այս թվերով եմ ամփոփում, ինքներդ գնահատեք»: Տարին դեռ չի ամփոփել Հայ ազգային կոնգրեսը: Լեւոն Զուրաբյանը մեզ ասաց, որ աշխատելու են մինչեւ Ամանորի գիշերը, իսկ մինչ այդ՝ տարին շարունակվում է, ինչպես նաեւ իրենց գործունեությունը: Իսկ ՀԱԿ-ի աշխատանքները գնահատելու գործը թողեց ժողովրդի դատին:



ՀԳ - Տարին այնուամենայնիվ լավատեսական նոտայով  ամփոփելու համար զանգահարեցինք նժդեհականներին, սակայն անպատասխան մնացին բոլոր զանգերը: Քաղցր սուտը նույնպես հնարավոր չեղավ զետեղել մեր ամփոփիչ հոդվածում, քանի որ ՕԵԿ-ականները նույնպես հեռախոսներին չպատասխանեցին: Դաշնակցականներն էլ, չկրկնվելու համար, մեզ փոխանցեցին, թե երկուշաբթի են  իրենց հավաքական կարծիքը հրապարակելու: