Ֆիննախարարի պորտֆելը Տիգրան Դավթյանի համար տրամպլի՞ն էր

Ֆիննախարարի պորտֆելը Տիգրան Դավթյանի համար տրամպլի՞ն էր
Վերջին կադրային փոփոխությունների շրջանակներում միայն Տիգրան Դավթյանի նախարարական  պորտֆելը փոխարինվեց մեկ այլ պորտֆելով՝ նա ֆիննախից տեղափոխվեց էկոնոմիկայի նախարարություն: Եթե մյուս պաշտոնանկությունները պատճառաբանվում էին աշխատանքների թերացմամբ, ապա Տիգրան Դավթյանի դեպքում նման բան չասվեց: Իսկ իր՝ Դավթյանի կարծիքով, պարզվում է, էկոնոմիկայի ոլորտը կառավարելու համար անհրաժեշտ է նախ լինել ֆինանսների նախարար: Այսինքն, նախկին պորտֆելը տրամպլին է եղել:



Երեկ կառավարության նիստից հետո Տիգրան Դավթյանը շտապեց շենքը լքել գլխավոր մուտքից, նախկինում շենքի միջանցքով հանգիստ սահում էր դեպի իր կաբինետ, որը կառավարության շենքում էր: Լրագրողներով սլացանք նրա ետեւից՝ հարցնելու, թե շենքի փոփոխությունից ինչ է փոխվել իր կյանքում: Նաեւ՝ ինչ չէր արել Ներսես Երիցյանը, որ անհրաժեշտություն զգացվեց այլ անձի վստահել այդ ոլորտը:



«Իմ կյանքում քիչ բան փոխեց, որովհետեւ աշխատանքի ռեժիմը, ոճը մնացել է նույնը, իմ մոտ տարիներով ձեւավորված է: Բայց, բնականաբար, նոր նախարարությունը ինձ համար նոր չի, եւ գիտեք, որ հոգեհարազատ նախարարություն է: Եվ էդ առումով շատ լավ  տրամադրությամբ եմ գնացել նախարարություն եւ մեծ սպասելիքներով ու ակնկալիքներով եւ աշխատանքային, եւ նպատակային տրամադրված եմ աշխատելու»,- «կիսվեց» Դավթյանը: Ապա ավելացրեց, որ անցումային շրջան չկա իր համար եւ չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ջանասեր նախարարը միանգամից է լծվում աշխատանքի:



Իսկ ինչին է առաջինը լծվել, ենթադրեցինք՝ կադրային փոփոխություններին: Նախարարն առանց ձեւականությունների պատասխանեց. «Կադրային փոփոխություններ կլինեն, չեմ բացառում, դեռ չեմ արել, բայց պլանավորում եմ»: Քանի որ այս փոփոխությունները մեկնաբանվեցին ու վերագրվեցին բարեփոխումներին եւ կոռուպցիան վերացնելուն, Տիգրան Դավթյանից հարցրինք, թե կոնկրետ իր դեպքում այս տեղափոխությունը վարձատրելո՞ւ, թե՞ պատժի շրջանակում էր:



«Կարծում եմ՝ տրամաբանական փոփոխություն է, ռոտացիոն, որը որ շատ բնական է, եւ կասեմ, որ ֆինանսների նախարարությունում  երեք տարի աշխատելը շատ օգտակար է եւ գիտելիքների ու ըմբռնման առումով: Կարծում եմ՝ այն էկոնոմիկայի նախարարը, որը որ աշխատել է նաեւ ֆինանսների նախարար, իր համար դա շատ օգտակար փորձ է եւ գիտելիք՝ եւ ըմբռնման, եւ որոշումներ ընդունելու առումով: Շատ ցանկալի կլիներ, որ ապագայում էկոնոմիկայի  նախարարները նաեւ ֆինանսների նախարարությունում աշխատելու փորձ ունենային»,-վերլուծեց նախկին ֆիննախարարը՝ եզրահանգելով, որ երկուսն էլ շատ ծանր ու լուրջ նախարարություններ են, ուժերի մեծ լարում են պահանջում: