Բոյկոտեցին Գալուստ Գրիգորիչին

Բոյկոտեցին Գալուստ Գրիգորիչին
Ինչ-ինչ, բայց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Գրիգորիչի ասուլիսներին երբեք տեսախցիկների պակաս չի եղել. հաշվի է առնվել ոչ միայն ՀՀԿ փոխնախագահ ու խմբակցության ղեկավար լինելու փաստը, այլեւ այն, որ Սահակյանը հետաքրքիր է իր «դարակազմիկ» մտքերով: Երեկ, սակայն, «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավարի ասուլիսը լուսաբանելու էր եկել միայն «Երկիր մեդիան», ինչն էլ հաստատեց մեր այն տեղեկությունը, որ նախագահականից հրահանգ է տրված հեռուստատեսություններին՝ չլուսաբանել Գալուստ Գրիգորիչին կամ լուսաբանել հպանցիկ:



Ավելին, մեր տեղեկություններով, դեռ երեք ամիս առաջ Գրիգորիչին զգուշացվել է, որ «տեղի-անտեղի շատ չխոսի», սակայն, քանի որ պարզվել է, որ պարոն Սահակյանը կամավոր չի լռելու, հրահանգն իջեցրել են հեռուստաընկերություններին:  Փաստորեն, ՀՀԿ փոխնախագահը հայտնվել է հեռուստաընկերությունների սեւ ցուցակում՝ ընդդիմադիրների կողքին: Ի դեպ, տեղեկություն կա, որ նախագահականի հրահանգով նույն ցուցակում է հայտնվել նաեւ ՀՀԿ մեկ այլ փոխնախագահ` Ռազմիկ Զոհրաբյանը, ով նույնպես շատ է սիրում «տեղի-անտեղի» խոսել:



Բոյկոտը, սակայն, չազդեց Գրիգորիչի վրա, եւ «Հայելի»-ում նա ոչ միայն աշխարհաքաղաքական վերլուծություններ արեց ու  խոսեց  «Օջախում» իրենց վերջին կոալիցիոն կերուխումից, այլեւ բացահայտեց հոգեբույժի կամ հոգեթերապեւտի իր ունակությունները: Ավելի պարզ. օրեր առաջ ԱԺ-ում Սահակյանը հայտարարել էր, թե ընդդիմությանը հոգեբույժ է անհրաժեշտ, լրագրողներից մեկը խնդրեց պարզաբանել՝ արդյոք դա տեղավորվո՞ւմ է նախագահի վերջին ելույթում հնչեցրած հայտարարության տրամաբանության մեջ` ձեռնպահ մնալ անձնական վիրավորանքներ հասցնելուց, իսկ գուցե նախագահի ասածը որոշ մարդկանց չի՞ վերաբերում, այդ թվում՝ Գալուստ Սահակյանին:



«Ձեզ էլ է հոգեբույժ անհրաժեշտ»,- հայտարարեց Գրիգորիչը եւ շարունակեց. «Շատերը մտածում են, որ ԱԺ-ն քաղաքական ամբիոն ա, ես էլ մտածում եմ, որ մասամբ է այդպես, դա օրենսդիր ամբիոն է, եւ նախագահի ասածը դրա հետ կապ չունի, մենք պատգամավորներ ենք, եւ բանավեճի լարվածության պահերին ամեն ինչ էլ ասվում է»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ «Իհարկե, եթե հայը մտածում է, որ հայերի մեջ մարդիկ կան, որ հակաժողովրդական գործողություն են կատարում, նմաններին հոգեբույժ անհրաժեշտ է»:



«Հանրապետականը ամենահանդուրժող ուժն է եղել, մենք որեւէ մեկին չենք վիրավորում եւ ոչինչ չենք անձնավորում: Բայց երբ փորձում են անձնավորել եւ մեզ վիրավորել, մենք հակադարձում ենք մի քանի անգամ ավելին, դրանով զսպելով, որ մարդիկ կարողանան ավելի բարեկիրթ արտահայտվել թե ԱԺ-ում, թե փողոցներում»,-եզրափակեց Սահակյանը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ