Ընտանիք պահելու ֆենոմենը

Ընտանիք պահելու ֆենոմենը
Կոռուպցիան ու գողությունն արդարացնելու մի շատ տրիվիալ ու հայ հասարակական գիտակցության մեջ տեղավորվող բացատրություն կա մեզանում՝ «ընտանիք պահելը»: Սա այն մոգական արտահայտությունն է, որով մարդիկ արդարացնում են ցանկացած ստորություն, ցանկացած հանցանք: Իբր, բա ի՞նչ անի՝ երեխաները սոված են: Կապ չունի՝ այդ «սովը» հարյուր հազար դոլարանոց մեքենայի գոյությամբ է հագենում, թե խոսքը տարին երկու անգամ կրուիզներ մեկնելու եւ մի տասնյակի չափ տներ ու ամառանոցներ ունենալու մասին է: Հայի համար այդ սուրբ գաղափարը՝ ընտանիքը, իրականում շիրմա է պարզունակ ու մերժելի արարքներ անելու համար: Իսկ երբ սկսում ես խորանալ, թե ընտանիքի անվան տակ թաքնվող այդ հանցագործն ինչպես է իրականում պահում իր ընտանիքը, ինչքան հարգանք է տածում իր տան անդամների նկատմամբ, ինչքանով է հոգ տանում նրանց մասին, հասկանում ես, որ գործ ունենք սովորական ժուլիկի հետ, որն իր անձից բացի այլ բանի մասին չի մտածում, եւ թալանածի առյուծի բաժինն էլ իր որկորն է գնում: Անգամ եթե ընդունենք, որ ընտանիքին է բաժին հասնում, ո՞վ է ասել, որ մի փոր շատ հաց ուտելն ու վերջին մոդելի «Մերսեդես» վարելն ավելի կարեւոր են, քան մարդկային դեմքդ, բարի համբավդ ու մարդկանց աչքերին ուղիղ նայելու իրավունքդ պահպանելը: Ո՞վ է ասել, որ զավակդ մի ավելորդ անգամ Եվրոպա մեկնելու դեպքում իրեն ավելի երջանիկ կզգա, քան երբ մի պատահական վայրում մեկն իրեն ասի՝ Դու Պողոսյանի որդի՞ն ես, հայրդ լավ մարդ է, իր պաշտոնը գռփելու համար չօգտագործեց: Ի վերջո, շատ փողն ու երջանկությունը գրեթե երբեք համատեղելի իրողություններ չեն: Գուցե ասածս ռոմանտիկ է հնչում, բայց հավատացեք՝ ռոմանտիկայի կարիք բոլորն ունեն՝ անգամ հանցագործները եւ նրանց զավակները: