Տարեվերջյան փչոցներ

Տարեվերջյան փչոցներ
Եթե մեկ օրվա մեջ իրադարձություններով աչքի չընկնող երկրումդ 15 ասուլիս է տեղի ունենում եւ դրանցից 7-ը նախարարներն են տալիս, ուրեմն տարեվերջ է: Ամանորի շեմին մեր պաշտոնյաները կարծես մրցավազքի մեջ լինեն՝ իրար հերթ չտալով, տարի են ամփոփում, ասուլիսներ տալիս, ներկայացնում, թե իրենց ղեկավարած կառույցներն ինչ փայլուն հաղթանակներ են արձանագրել անցնող տարում, ինչպես են «գերակատարել» իրենց վրա դրված պլաններն ու պարտականությունները: Եթե հավատալու լինենք այս հաշվետվություններին, մենք կոմունիզմը վաղուց ենք կառուցել, հիմա անցել ենք մեր ձեռքբերումները աշխարհին ներկայացնելուն: Չէ, անշուշտ, ինչ-որ մանր-մունր թերություններ դեռ մնացել են, բայց հաջորդ՝ 2011 թվին դրանք էլ իսպառ կվերանան: Թե ինչ է զգում այս պաշտոնյաներին լսելիս ՀՀ քաղաքացին, դժվար չէ ենթադրել: Կատաղությո՞ւն, զզվա՞նք, արհամարհա՞նք՝ այս երեսպաշտության շքահանդեսին ի պատասխան: Չէ որ իր կյանքը, այն, ինչ նա տեսնում է իր շրջապատում, էականորեն տարբերվում է ներկայացվածից: Մարդն ի վերջո, ամեն ինչի մասին դատում է իր կյանքի պրիզմայով, իր հաջողությունների ու առաջընթացի ֆոնի վրա: Եթե իր կյանքում միայն հետընթաց է, ինչպե՞ս կարող է երկրում առաջընթաց գրանցվել՝ միանգամայն օրինական մտածում է քաղաքացին: Իսկ եթե երկիրը եւս հետընթաց է ապրում, կնշանակի այս բարձրաստիճան անձինք եւ հեռուստաէկրանն իրեն անամոթաբար խաբում են, աչքին թոզ են փչում, ականջներին լապշա կախում: Իսկ մերոնք միամիտ չեն՝ անմիջապես հասկանում են, երբ իրենց խաբում են: Հասկանում են ու անջատում հեռուստացույցը: Հուսանք, հաջորդ՝ նապաստակ-ճագարի տարին ավելի ազնիվ կլինի մեր նկատմամբ: Ավելի առատաձեռն ու ավելի բարեհաճ: Շնորհավոր Նոր տարի: