Մշակույթ

Անցնող եթերաշրջանի հեռուստանովելները

Անցնող եթերաշրջանի հեռուստանովելները
width=398Հետխորհրդային շրջանում մեր հանրապետությունում եւս հեռուստատեսային կինոն սկսեց զարգացում ապրել: Համենայնդեպս,  տենդենց նկատվեց: Առաջիններից էր «Միվախեցիր» բազմասերիանոց ֆիլմը: Ռեժիսոր Արամ Շահբազյանը մի քանի ֆիլմերի հեղինակ է, բայց սերիալի ասպարեզում առաջին քայլը սա էր: Սցենարի հեղինակներն էին Լևոն Գալստյանը և Գնել Նալբանդյանը:



Ֆիլմն արդարացրեց կոմերցիոն նկատառումները: Այն առ այսօր շրջանառվում է նաեւ Հայաստանից դուրս: Իսկ թե ինչ առաքելություն իրականացրեց` հայ ազատագրական պայքարի կամավորներին մասնավոր լույսի ներքո բացահայտելով` առանձին թեմա է:



Կինոյի պատմությունից մենք ֆիլմեր գիտենք, որոնք բեղմնավորել են շատ այլ ֆիլմեր: Հայկական նոր շրջանի հեռուստաֆիլմերի ծիծեռնակը իսկապես շարունակողներ ունեցավ: Այլ հարց է` դրանք որքանով են բարելավում  արվեստի ներկայիս վիճակը:



Ինչպես խոստացել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նոր եթերաշրջանում Հ-1-ում լատինաամերիկյան սերիալները փոխարինվեցին հայրենական արտադրության հեռուստանովելներով:



Հանրային հեռուստատեսությունը ֆինանսավորել եւ ֆինանսավորում է մի շարք բազմասերիանոց ֆիլմերի արարումը. «Լքյալները», «Որբերը», «Որբերը-2», «Կյանքի կարուսել», «Հանուն սիրո», «Աննա», նորերս նաեւ` «Վեր կաց եւ քայլիր»: Նախատեսվում   է   նկարահանել  8 մասանոց ֆիլմ Խաչատուր Աբովյանի մասին, 30 մասանոց` ազգային ազատագրական պայքարի մասին` մինչեւ Սարդարապատ...



Հանրայինը ձեռք է բերում նաեւ դասական գործերի էկրանավորման փորձ.  (Ռեմարկ` «Երեք ընկեր», Նար-Դոս` «Սպանված աղավնի», Րաֆֆի` «Խաչագողի հիշատակարանը», Շիրվանզադե` «Արտիստը»): Մնում է սխալներից դասեր առնել, գտնել ու ասպարեզ տալ նոր, կարող ուժերի, որոնք լուրջ մասնագիտական կրթություն են ստացել: Այլապես ստացվում է այն, ինչ այսօր ունենք. մեր ժողովուրդը կինոսեր է, ապշեցուցիչ է ֆիլմ նկարահանելու, նրանում նկարահանվելու ցանկությունը հանրության տարբեր շերտերի մոտ: Իհարկե, սերիալներում հանդես գալու  հնարավորությունը նոր հեռանկար, նոր խթան է ուսանողների համար, սակայն խոտանից կարելի է հնարավորինս խուսափել:



Եվ, չնայած վերջերս կարեւորվում է դասական արձակի էկրանավորումը, սակայն հետեւողականության պակաս կամ փութկոտություն է նկատվում կադրերի ընտրության հարցում: Առեւտրային շահ հետամտելով` կինոարտադրողները փորձում են արագ լուծել բարդ ստեղծագործական խնդիրները:



Ոչ արհեստավարժ են ոչ միայն դերասանները, այլեւ ստեղծագործական խմբի անդամները` օպերատորները, անգամ` սցենարիստները: Ճշմարիտ է` Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել սցենարական դպրոց, բայց դա չի կշանակում, որ ֆիլմի սցենարը կարելի է վստահել անփորձ մեկին միայն նրա համար, որ նա «արագ» է եւ առավոտյան գրում է երեկոյան ցուցադրվելիքը: Նույնը վերաբերվում է նաեւ ռեժիսորին:



Լեւոն Գալստյանը նոր ձեւաչափի հայկական հեռուստաֆիլմերի առաջին սցենարիստն է: Գտնում է, որ ասպարեզը պիտի տալ մասնագետներին, եւ ուրախ է, որ ներկայումս  Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ունի սցենարական բաժին:



«Սկզբի համար լավ է. սերիալային արտադրությունը մեզ մոտ դեռ սաղմնային վիճակում է: Ամենամեծ խնդիրը կոմերցիոն շահի եւ պատասխանատվության հարաբերակցությունն է: Հեռուստատեսությունը պետք է ունենա այն կենսունակ սկզբունքները,  որոնք   սերունդների  զարգացում   են   ապահովում:  Որակի վրա մեծ   ուշադրություն   պետք  է   դարձնել:  Մենք պիտի իրապես շատ ուշադիր լինենք ազգային եւ մշակութային արժեքների նկատմամբ»,-ասում է նա:



Մասնավոր հեռուստակայանները եւս զարկ են տվել սեփական կինոարտադրությանը: «Շանթը», որ առաջինը սկսեց սերիալարշավը իր «Վերվարածներով», ապա` «Որոգայթով», «Որոգայթ-2-ով», «Շղթայով» ու «Հատուցումով», շարունակում է «Բանակում», «Արտադրված է «Շանթում», «Ուսանողները» հումորային  արտադրանքով:



«Արմենիան» նկարահանել է «Դժբախտ երջանկություն», «Կյանքի գինը», «Էմիգրանտներ», «Ընտրյալները», այժմ աշխատում է «Դիմակահանդես», «Վերադարձ», «Վրիժառու-2», հումորային «yere-1» անվերջանալի  հեռուստասերիալների վրա: Իր պատվավոր տեղն ունի «Կարգին սերիալը», որի երկխոսությունները թեւավոր խոսքեր են դարձել: Սա արդեն օրինաչափություն է, քանի որ «Կարգինի» տղաներն իրենց դեգեներատ հերոսներով մեկ տասնամյակից ավելի առաջնորդում են հեռուստադիտողի ճաշակը դեպի խորն խորխորատ:



«Սերիալները կինոյի ձեւերից են, բայց այն մակարդակը, որ կա այժմ եթերում, խայտառակություն է: Լուրջ ֆիլմին հովանավորները փող չեն տալիս, դա նշանակում է, որ տարվում է հասարակության դեբիլացման հատուկ քաղաքականություն: Մեղքը այն ուժերինն է, որոնք ֆինանսավորում եւ պլանավորում են նման պրոդուկցիան: Կրիմինալ հերոսը ընտրվում է որպես ժամանակի հերոս, վատ ծնողը չի պախարակվում: Մինչդեռ արվեստը պետք է ավարտվի գեղեցիկի հաղթանակով, պետք է ապացուցվի, որ չարը գեղեցիկ չէ: Եթե այդպես չէ, ուրեմն արվեստ չէ»:



Հանրայինի առաջին ալիքը այսօր ցուցադրում է օրական 4-5 սերիալ,  եւ մի քանի անգամ` նրանց կրկնությունները: Այդ ամենը տեղի է ունենում եթերային ամենալավ ժամանակահատվածում: Հետեւելով հեռուստատեսային ծրագրերին` կարելի է ընհանրացումներ կատարել:



Այսպես. Հ-1-ը աշխատանքային օրերին ցուցադրում է 1-2 գեղարվեստական ֆիլմ, 4 հեռուստասերիալ, բոլորը` սեփական արտադրության /«Հանուն սիրո», «Կյանքի կարուսել», «Աննա», «Վեր կաց եւ քայլիր»/: Սերիալները 3-4 անգամ  կրկնվում են ցերեկային եւ գիշերային ժամերին: Հանգստյան օրերին ցուցադրվում է մեկ գեղարվեստական ֆիլմ, իսկ սերիալները կրկնվում են ամբողջությամբ:



«ԱԼՄ»-ն եթեր է տալիս օրը 1 գեղարվեստական ֆիլմ, սերիալներ չի ցուցադրում:



«Երկիր մեդիա»-ն ցուցադրել է 1 պատմական հեռուստասերիալ, այժմ` օրական 1-2 վավերագրական ու գեղարվեստական ֆիլմ:



«Շանթը» աշխատանքային օրերին ցուցադրում է 1 գեղարվեստական ֆիլմ, սեփական եւ արտասահմանյան արտադրության 7 հեռուստասերիալ` յուրաքանչյուրը մեկ, երկու կամ երեք անգամ: Շաբաթ օրը դրանք կրճատվում են /թվով` 5, կրկնությունները` 2/:  Կիրակի օրը եթեր է գնում միայն երեք տեղական արտադրության սերիալ եւ մեկ կրկնություն:



«Արմենիան» ցուցադրում է արտասահմանյան եւ սեփական արտադրության ֆիլմեր: Աշխատանքային եւ շաբաթ օրերին դրանք ցուցադրվում եւ կրկնվում են չորս անգամ, կիրակի օրը` երկու սերիալ` երկուական անգամ: Շաբաթվա կտրվածքով «Արմենիան» ցուցադրում է մեկ գեղարվեստական ֆիլմ:



Հ-2-ը եթեր է տալիս 1 գեղարվեստական եւ 2 հեռուստատեսային ֆիլմ, նույնը եւ «Հայ TV»-ն:



Բացի «Երկիր մեդիա»-ից, եթերային ֆիլմերի սյուժեները, մեղմ ասած, ճիշտ ուղղությամբ չեն իրականացնում հեռուստատեսության դաստիարակչական գործառույթը: Անհնար է չանդրադառնալ Հ-1-ի «Աննա» աննախադեպ լսարան վայելող սերիալին: Բացի այն, որ դերասանները ստիպված մինչեւ անհավանականություն «ձգում են» հատվածները` բազմիցս կրկնելով ֆրազաները, չխոսելով իսկ մոնտաժային խայտառակ սխալների եւ գովազդի տեւողության մասին, պարզապես անհրաժեշտ է բոյկոտել հակադաստիարակչական սցենարը. անչափահաս պարմանուհիները հերթով, հայրեր-որդիներ պայքարում, ամենատգեղ արտահայտություններով անպատվում են ծնողներին (կախարդ, սատանա… դուրս իմ տնից… դու ես մեղավոր, գնա ստեղից… դու գիժ ես… ձենդ կտրի, Էլի սկսեցիր դուրս տալ, զզվում եմ քեզնից…), «շշպռում» մեծահասակներին (հերիքա դերասանություն անես… դու էիր պակաս… եւն): Օրինապահների նկատմամբ անթաքույց արհամարհանք  է ցուցաբերվում: Ոչ բացասական հերոսը, կրիմինալ աշխարհից, «հարցեր լուծող» ընկերոջ մասին այսպես է արտահայտվում. «Նախկին մենթա, բայց պագոնների հետ ամեն ինչ անցյալումա թողել, հիմա ինձ հետա աշխատում»: Պատճառը, գուցե, ռեժիսորի եւ սցենարիստի երիտասարդ տարիքն ու անփորձությունն է. քսանմեկ-քսաներկու տարեկան աղջիկներին թերեւս անհասկանալի են Հանրային հեռուստատեսության գործառույթները...



Հանրության մեծ մի հատված ֆիլմն ընդունում է որպես ճշմարտություն` իր գիտակցության մեջ ձեւավորելով այն համոզումը, որ ցանկացած սահման վերացած է: Այս մասին շատ է խոսվել, նույնիսկ հանրապետության նախագահը, ոստիկանության պետն են հանդես եկել սերիալների վնասակար ազդեցության դեմ: Դե, ինչ անես. ամեն բան որոշում է Նորին Գերազանցություն Վարկանիշը:



Հանրային հեռուստատեսության կինոցուցադրության պատասխանատուն  մամուլում պարզաբանում էր, թե ինքը չի ընտրում ֆիլմերը, այլ Հանրայինի  ղեկավարությունը: Ղեկավարներն էլ ֆիլմերն ընտրում են ոչ թե ըստ գեղարվեստական արժեքի, այլ ըստ վարկանիշի: Մնում է, որ հեռուստաընկերությունների ղեկավարները գնան ոչ թե շահույթի ու վարկանիշի հետևից, այլ ականջ դարձնեն վաղուց իրենց դուռը թակող բողոքներին:



Ճշմարիտ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե արգելված թեմաներ չկան: Միայն թե սխալ չէ նյութը մշակել հումանիստական գաղափարների դիրքերից եւ իրական արվեստով:



Ժաննա Սարգսյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image