Էրնեկ թե այս Նոր տարին...

Էրնեկ թե այս Նոր տարին...
«Էրնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին,


Չարը կորչեր ու բարին բուն դներ մեր սրտերին»...


Ասվում է հանրահայտ երգում, որի խոսքերը շուրջ մեկեւկես դար առաջ գրել է նշանավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանը։ Այսօր Հայաստանը, Արցախը պետականություն ունեն, ճանաչված թե չճանաչված անկախ երկիր են, սակայն դարձյալ Ամանորի նախօրյակին երազում ենք՝ «Էրնեկ թե այս Նոր տարին ազատ շնչեր Հայաստան...»։ Ժամանակները փոխվել են, բայց մեր իղձերն ու սպասելիքները նույնն են մնացել։




Մի տարի էլ կանցնի պատմության գիրկը, մենք մի տարով էլ կմեծանանք, կծերանանք, սակայն մշտապես մնալով սեփական սխալներից երբեք դասեր չառնող նույն մանկամիտը։ Անկատար մնացած մեր երազները հիմա էլ կբարդենք գալիք 2011-ի ուսերին։


Ի՞նչ տվեց մեզ 2010-ը։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, քանզի «մեզ»-ը շատ լայն հասկացություն է, որի մեջ մտնում ենք թե՛ շարքային քաղաքացիներս, որ ժողովուրդ է կոչվում եւ դե-յուրե համարվում է այս երկրի տերը, թե՛ իշխանություններն ու սրանց հովանու ներքո բարգավաճող գործարարները, որ Հայոց երկրի տերն են ե՛ւ դե-յուրե, ե՛ւ դե-ֆակտո։




Ժողովրդի վիճակը, մեծ հաշվով, էականորեն չի փոխվել՝ ոմանց բարեկեցությունն աննշան լավացել է, ոմանցը՝ որոշ չափով վատացել։ Որոշ չինովնիկներ նոր պաշտոններ են ստացել, ոմանց «ռակիրովկա» են արել այլ պաշտոնյաների հետ, բայց թվաբանական հայտնի կանոնի համաձայն՝ գումարելիների տեղափոխությունից գումարը մնացել է անփոփոխ...




Արտաքին քաղաքական կյանքում կարծես լուրջ փոփոխություններ չեղան, բայց, միեւնույն ժամանակ, հատկապես ղարաբաղյան խնդրում տեղի ունեցած շարժերն առավելապես ի վնաս մեզ են։ Ազերիների պահանջով, բնականաբար, հայկական կողմի համաձայնությամբ՝ ԵԱՀԿ-ն «հումանիտար ուսումնասիրություններ» կատարեց մեր այն տարածքներում, որ ազերիները, միջազգային հանրությունն ու մեր քաղաքական վերնախավն անվանում են օկուպացված տարածքներ։ Հակառակ հայ վերնախավի խոստման, նրանք նույն «ուսումնասիրությունը» չկատարեցին ազերիների կողմից օկուպացված հայկական տարածքներում եւ չեն էլ կատարելու...




Ներքաղաքական կյանքում. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկը մի կերպ մտավ Հայոց խորհրդարան, սակայն ղեկավարող կուսակցության կտրիճները մի մարդու պես լքել են նիստերի դահլիճը, գտնելով, որ դա ժամանակավրեպ է եւ խանգարում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որից հայտնի չէ, թե ինչ սպասելիքներ ունենք։ Այդ կտրիճներից պետք էլ չէր այլ բան սպասել, որովհետեւ մինչ այդ նույն կուսակցության թիմակից ՀՀ նախագահն ի լուր աշխարհի հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը։ Ասել է թե՝ քանի դեռ Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, ՀՀ-ն երբեք չի ճանաչի Ղարաբաղը։


Սակայն հանգիստ թողնենք նաեւ բազմաչարչար ղարաբաղյան խնդիրն ու մտածենք գալիք Ամանորի մասին։ Ի վերջո, այնքան էլ հաճախ չենք հանդիպում նրան։ Ընդամենը տարին մի անգամ։




Ամանորն արդեն ծեծում է մեր դռները։ Ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենք Նոր տարուց՝ 2011 թվականից։ Անձամբ ես ընդամենը մի ցանկություն ունեմ։ Գիտեմ, որ դա երբեք չի իրականանալու, բայց եթե դա մի հրաշքով կատարվի, կիրականանա իմ եւ հազարավոր, տասնյակ հազարավոր, գուցեեւ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների երազանքների մեծ մասը...




Ես կցանկանայի, որ հասարակ մահկանացուներս Նոր տարվա առաջին արեւածագին աչքներս բացենք ու տեսնենք, ո՜վ հրաշք, Հայոց աշխարհի բոլոր մեծ ու փոքր, ամենատարբեր տրամաչափի ապաշնորհ ու տհաս ղեկավարները թռել են Մարս կամ դեռեւս չբնակեցված մի այլ մոլորակ։ Դեկտեմբերի 31-ի վերջին ժամերին նստել են գերժամանակակից մի աէրոբուս կամ բազմատեղանոց մի տիեզերանավ ու թռել մի մոլորակ, որտեղ ծառերի վրա դոլարներ են աճում, իսկ գետնին քարերի փոխարեն ոսկիներ են թափված... Եվ թող նրանք սրտի ուզածի չափ հարստանան, 2-ի փոխարեն 30 կամ 40 դղյակ սարքեն իրենց համար, միլիոնավոր հեկտարներ սեփականաշնորհեն...




Բայց այս ամենը միայն ցանկություն է, որ երբեք չի կատարվելու։ Գուցե ճիշտ կլինի շատ ավելի հավանական մի այլ բան ցանկանանք այս Ամանորից առաջ։ Ասենք, ցանկանանք, որ այս Նոր տարում Աստված մեզ տալիքից մի ստվար բաժին կտրի եւ տա բոլոր ապաշնորհ ու տգետ պաշտոնյաներին։ Գուցե թե դրանից կշտացած՝ այդ պարոններն այլեւս կաշառք չվերցնեն եւ զանազան զարտուղի ճանապարհով հարստություն կուտակելու մասին մտմտալու փոխարեն ժամանակ ունենան մտածելու մի բարի գործ կատարելու մասին...


Էրնեկ թե այս Նոր տարին... Դարեր ի վեր այսպես երազում ենք։ Մի բան, որ չեն կարող մեզնից խլել, դրանք մեր երազանքներն են, որոնց համար չեն կարող հարկ գանձել կամ պահանջել պարտադիր ապահովագրել դրանք։