Կացին ախպերը բարկացել է

Կացին ախպերը բարկացել է
Նիկոլի հետ կապված գրում էի անհրաժեշտ արդարադատության մասին, երբ տարածվեց, կարելի է ասել` համաժողովրդական ցնծություն առաջ բերած մի, այնուհետեւ անմիջապես եւս մեկ լուր` այն մասին, որ բոլորն են հավասար ենթակա Լինչի դատաստանի` ներկայիս ՀՀ պետության մեջ: Այս դեպքում նույնպես խոսքս բոլորովին էլ անձերի մասին չէ: Գագիկ Բեգլարյանը բազմաթիվ օրինական պատճառներով իրավունք չուներ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել, բայց քաղաքապետ էր:  Ուրեմն` Սերժ Սարգսյանն ընդունում էր, որ նա Հայաստանի Հանրապետության բնակչության մեկ երրորդի ընտրյալն է, ինչպես ինքը` ամբողջի:




Ես օրինակ չեմ բերում անպատիժ զինված բախումները մայրաքաղաքի կենտրոնում, որովհետեւ Ալվարդ Պետրոսյանի պես չեմ մտածում: Ինձ մտահոգում է, թե ինչպես կարող է պատահել, որ հանրապետության մայրաքաղաքի ընտրյալ քաղաքապետը հանցանք է գործում` մարդ է ծեծում, եւ ինչպես է պատահում, որ ՀՀ նախագահը խիստ զայրույթի մեջ, որովհետեւ ինքն ասել էր, թե այդպիսի բաները չեն ներվելու, նրանից ընդամենը հրաժարական է պահանջում:  Բայց ինձ նույնքան մտահոգում է այն, որ հրաժարական պահանջելուց առաջ ընտրված նախագահը չի բարեհաճել լսել ընտրված քաղաքապետի բացատրությունը, այնինչ ինքն էր պարտավոր բացատրություն պահանջել, պարզել:




Արդարադատության նախարարի` անմիջապես հաջորդած պաշտոնանկությունը  լմնցրեց շաբաթվա արդարադատությունը: Պաշտոնական պարզաբանումը, թե նախարարն ազատվել է պաշտոնից, որովհետեւ չէր կատարել նախագահի հանձնարարականը, եւ ոչ պաշտոնական հրճվանքը` կոշտ ձեւակերպումից, նորից վկայում են Լինչի դատաստանի նկատմամբ մեր համակրանքի մասին: Սրանից շատ ուժեղ 37 թվի հոտ է փչում: Չի կատարել աշխատակցին պատժելու Սերժի հանձնարարականը եւ վերջ: Իսկ գուցե պետք չէր պատժել, եւ դա պարզել է արդարադատության նախարարն ու չի կատարել հանձնարարականը, որն արդարացված չի եղել: Չէ որ մենք խոսում ենք օրենքի առջեւ բոլորի հավասարության մասին, իսկ «բոլորի» մեջ նաեւ նախագահն է մտնում:




Ու նաեւ վարչապետը, որի իրավասությունն է  նախարարին ազատելու առաջարկությամբ նախագահին դիմելը, ոչ թե Պըլը-Պուղու պես վերջինիս  արարքները բացատրելը: Այս հարցերը չենք քննարկում, միայն հիանում ենք Սերժով, թե` ասել էր: Բայց իմ աչքին սա հաշվեհարդար է կամ հերթական պաշտոնի ազատումը ԾԻԳ-երից դուրս մնացած եւս մեկի համար, ինչպես նախարարների տեղակալներին իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատելու դեպքում: Նախարարը եւ քաղաքապետը քաղաքական պաշտոններ են, իսկ նրանց աշխատանքից ազատում են քրեական աշխարհի օրենքներով:




Եվ անկարեւոր է դառնում, թե ովքեր էին նրանք իրենց մարդկային ու մասնագիտական հատկանիշներով, քանի որ այս դեպքում վճռող չեն եղել նրանց աշխատանքային պարտականությունների կատարման մակարդակն ու որակը, քանի որ նրանց հետ հաշվեհարդարի համար ընտրված պատճառաբանություններն իրենց մասնագիտական որակով ու մակարդակով լիովին համապատասխանում են որակազրկության չափանիշներին: Հապա պատկերացրեք նախապատմությունը, որքան թույլ են տալիս մեզ հայտնի լինի, կարելի է կարծել` հատուկ դրել են շրջանառության մեջ. քաղաքապետի կինը նստել է Սերժի կողքին… եւ սկսվեց:




Իսկ այդ ի՞նչ էր արդեն պատահել, որ Բեգլարյանը կնոջ ընկերուհուն զիջել էր հրավիրատոմսը մի համերգի, որին ներկա էր լինելու Սերժը, այն էլ` հենց նրա կողքի տեղը: Ինչքան էլ թուփ լինի այդ մարդը, ինտրիգների մեջ հո թրծվե՞լ է: Տրամաբանական չէ՞, որ  այստեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք մեզ հայտնի չեն: Այստեղ Սերժի զայրույթը զանցանքի չափման միավոր է, չափանիշ ու կատեգորիա: Այնպես որ, առաջարկում եմ քրեական օրենսգրքում հոդվածները կազմել ըստ նախագահի զայրույթի. եթե նախագահը զայրացել է, պատժի առավելագույն չափ:




ՀԳ - Հիշողությունների մեջ պատմում են, որ «Համլետ» ներկայացումից առաջ Պետրոս Ադամյանը նկատում է մի ծեր կնոջ, որը ներկայացման տոմս գնելու համար տոմսավաճառին արծաթե գդալներ էր առաջարկում: Ադամյանը ծեր կնոջը տանում-նստեցնում է նահանգապետի համար նախատեսված տեղն ու սկսում ներկայացումը` ուշացող նահանգապետին չսպասելով: Հուշերը դրա սահմռկեցուցիչ հետեւանքների մասին ոչինչ չեն պահպանել:




Պարույր ՇԱՀՅԱՆ