Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 1-ին)

Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 1-ին)
«Անե՞լ նվիրատվություն, թե չանել»: Այս է հարցը, որ միլիոնավոր հայեր տալիս են իրենք իրենց, մինչև Հայաստան Համահայկական հիմնադրամին իրենց լուման ընծայելը, ամեն Գոհաբանության օր՝ սկսած 1992 թվականից: Չնայած օգնության ձեռք մեկնելու իրենց ցանկությանը՝ բազմաթիվ նվիրատուներ հակվում են մեկ անգամ կտրելուց առաջ տասն անգամ չափել հիմնադրամի գործունեության վերաբերյալ կոռուպցիայի մասին շրջանառվող բազմաթիվ լուրերի ու վկայությունների պատճառով: Ավելի ու ավելի շատ մարդիկ են վճռում նվիրատվություն չանել:



2010 թ. հեռուստամարաթոնից մի քանի օր առաջ Հորիզոն հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի հետ մի հարցարույց, ով կոռուպցիայի մասին լուրերը որակեց իբրև առասպել և փորձեց փարատել դրանք: Ստորև յուրաքանչյուր առասպելը բառ առ բառ ներկայացված է պարոն Քոթանջյանի ելույթից, նրա մեկնաբանությունների հետ միասին, որոնք այստեղ ներկայացված են իբրև «Ցրում»: Առանցքային խնդիրների այլընտրանքային մեկնությունները ներկայացված են իբրև «մերկացում»







ԱՌԱՍՊԵԼ 1. Փորձում են քաղաքականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:



ՑՐՈՒՄ. «Հայաստան» համահայկական հիմնադրամը որևէ հարցի մեջ չի մտնում: Եվ նույնիսկ անցյալ տարի, երբ որ եղան այս պրոտոկոլների հարցերը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը միակ, շատ սակավաթիվ բարեգործական կազմակերպություններից էր, որը ասեց, որ դա մեզ չի վերաբերվում. «Մենք քաղաքական դաշտի մեջ չենք, մենք բարեգործությամբ ենք զբաղվում, և թողեք ամեն մեկը զբաղվի իր գործով»:



ՄԵՐԿԱՑՈՒՄ. Գովելի է, որ «Հայաստան» համայակական հիմնադրամը հեռու է մնում քաղաքականությունից և զբաղվում իր գործով: Սակայն այս ռազմավարությունը չի խոչընդոտում կառավարությանն իր քիթը խոթել հիմնադրամի գործերի մեջ: Հարցը այն չէ՝ արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամը խառնվում է քաղաքական խնդիրների մեջ, այլ արդյո՞ք ռիսկ կանի նման քայլի դիմել՝ հաշվի առնելով հոգաբարձուների խորհրդում ծանրքաշային իշխանավորների առկայությունը:



Այս կազմակերպությունը քաղաքականացվեց այն պահին, երբ Մանուշակ Պետրոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հին և հավատարիմ ընկերը, նշանակվեց գործադիր տնօրեն 1992 թ.: Ինչքան ահագնանում էր հիմնադրամի նկատմամբ իշխանությունների ազդեցությունը, այնքան մեծանում էր սփյուռքահայերի կողմից իրականացվող՝ ծրագրերի ֆինանսավորման կախումը նախագահի կողմից կայացվող քաղաքական որոշումներից:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի քաղաքականացումը ակնառու դարձավ, երբ ՀՅԴ բոյկոտեց հիմնադրամի գործունեությունը այն բանից հետո, որ իշխանությունները սկսեցին դաշնակցականների հետապնդումը Հայաստանում 1997 թ.: Դա հատկապես ակնհայտ դարձավ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին 1998 թ. անմիջապես հետևեց Մանուշակ Պետրոսյանի հրաժարականը, որը ուղեկցվեց իր տնօրինության վեց տարիների ընթացքում դիզած հարստությունների, իր սեփական շքեղ դղյակի, ինչպես նաև հիմնադրամի տնօրինության այլ անդամներին պատկանող «Պիոներ» բարի, «Րիո» կոշիկի խանութի և այլ դղյակների մասին մամուլում հայտնված սկանդալային հրապարակումներով:



Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի թերևս միակ նախկին գործադիր տնօրենն է, ով հրապարակավ ընդունել է, որ հիմնադրամը քաղաքականացված կարույց է: «Անշուշտ, որոշ քաղաքականացվածության հանգամանք կար: Նախկին գործադիր տնօրենը՝ տկն Պետրոսյանը, փաստորեն, իր հրաժարականով միս ու արյուն տվեց կասկածողների այն տեսակետին, որ հիմնադրամն իսկապես քաղաքականացված, իշխանահաճո կազմակերպություն էր: Հենց այդ քաղաքականացվածությունն էլ բացասաբար ազդեց հիմնադրամի նկատմամբ մեր ժողովրդի ընկալման վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում եւ թե՛ Սփյուռքում»,- ասել է նա 1999 թ. «Ազգ»-ին տված հարցազրույցում: Այդ նույն թվին «Առավոտ»-ը գրել է. «Հայկական սփյուռքը վերջին տարիներին Հայաստանին տրվող օգնությունը հիմնական կատարում էր զանազան հիմնադրամների միջոցով: Գործողությունների մեծ մասը հիմնականում իրականացվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Հիմնադրամների մի մասը փորձում է հնարավորին չափ հեռու կանգնել քաղաքականությունից: Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է: Հունահայ համայնքը տարիներ առաջ 300 հազար դոլար գումար էր հավաքել Հայաստանին տրամադրելու համար: Քաղաքական պատճառներով գումարի տրամադրումը հետաձգվում էր: Համայնքի ներկայացուցիչները միայն 1998 թ. աշնանը այցելեցին հայրենիք եւ բանկային կտրոնը հանձնեցին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին»: Ի՞նչ իմանային, թե ում են վստահում իրենց գումարը:



Ըստ 2009 թ. մայիսի 18-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի18-րդ նիստի մասին տարածված մամուլի հաղորդագրության՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստերում քաղաքական հարցերի քննարկումը եւս մի նորամուծություն է»,- եզրակացնում է «Հրապարակ» թերթը:



ԱՌԱՍՊԵԼ 2. Հեռուստատեսությամբ կամ ինտերնետով կարդում ենք... բաներ են խոսում, որոնք որ չեն համապատասխանում իրականությանը: Օրինակի համար, որ իբր թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը դա կառավարական հիմնադրամ է և կառավարվում է ՀՀ ղեկավարության կողմից:



ՑՐՈՒՄ. Դա այդպես չէ: Մենք հասարակական կազմակերպություն ենք, բարեգործական, ոչ կառավարական: Թեև մեր հոգաբարձուների խորհրդի մեջ ընդգրկված են պետության ներկայացուցիչներ՝ թե՛ Հայաստանի և թե՛ Ղարաբաղի: Բայց ասեմ, որ նրանք գտնվում են փոքրամասնության մեջ: Ընդհանուր առմամբ կա 38 հոգաբարձու, որից ընդամենը 13-ն են, որ ներկայացնում են պետությունը: Եվ բոլոր քվեարկությունները կատարվում են պարզ մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե նույնիսկ ամեն մի պետական ներկայացուցիչ կառավարության, ինքը քվեարկի մի կերպ, ապա այդ որոշումը չի անցնի: Եվ դա արվել է հենց այն նպատակով, որպեսզի բոլոր որոշումները որ կատարվում են բալանսավորված լինեն: Իսկ որոշումները կատարվում են տարբեր տեսակի՝ թե որն է լինելու դրամահավաքի նպատակը, թե ինչպես են ծախսվելու այդ գումարները:







ՄԵՐԿԱՑՈՒՄ. Նրանք, ովքեր ասում են, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառավարական հիմնադրամ է դժվար թե նկատի ունենան կազմակերպության de jure կարգավիճակը: Այդ կերպ շեշտադրվում է հիմնադրամի ենթակայությունը ՀՀ իշխանություններին:



Պետական պաշտոնյաների թիվը՝ 13, ճշգրիտ չէ: Պարոն Քոթանջյանը պետք է որ բաց թողած լինի աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին, ով 2009 թ. փետրվարի 12-ին նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Իսկ մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նրան Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Հարաբերակցությունն այլևս 14 և 24 է:



Եթե հիմնադրամի նպատակը որոշումների կայացման հավասարակշռումն է, ապա դա նրան չի հաջողվել, քանի որ 14-ն ու 24-ը ակնհայտորեն հավասար չեն: Այս թվային անհավասարակշռությունը, մյուս կողմից, ցույց է տալիս, որ հիմնադրամը ընդունում է այնպիսի առանցքային գործոնի առկայությունը, ինչպիսին իշխանությունների քվեն է: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այնուամենայնիվ, թերագնահատել է իշխանությունների քվեի իսկական հզորությունը: Հոգաբարձուների խորհրդի բոլոր նախագահները — Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան — բազմաթիվ առիթներով ապացուցել են, որ շատ ավելի դժվարին անհավասրակշռությունների հախից են եկել 1996-2008 թթ նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ դժվարին դեպքերում ձայների տարբերությունը ոչ թե տասն էր, այլ տասնյակ հազարներ, որոնք կեղծվում էին նրանցից յուրաքանչյուրի օգտին: Պետական պաշտոնյաների քվեն այնքան էական է հոգաբարձուների խորհրդում, որ այդ 24 անդամներից և ոչ ոք՝ ճշնշող մեծամասնությունը, երբևէ հրապարակավ չի արտահայտել զանգվածային ընտրական կեղծիքների վերաբերյալ իր մտահոգությունը:



1999, 2000 և 2001 թվականներին հայկական մամուլը մտահոգություն էր արտահայտում այն փաստի առթիվ, որ խորհրդի ամենակարևոր անդամներից ոմանք՝ Շառլ ազնավուրը, Վաչե Մանուկյանը, Հրայր Հովնանյանը, Լուիզ Սիմոն Մանուկյանը, նախընտրում էին չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ութերորդ, իններորդ և տասներորդ նիստերին: Պաշտոնական արդարացումը զբաղվածությունն է եղել: Թերևս հետ քաշվելն է իշխանություններին իրենց դժգոհությունն արտահայտելու նրանց նախընտրած մեթոդը:



Հիմնադրամի ութերորդ նիստի մասին «Հայոց Աշխարհ» օրաթերթում 2001 թ. մայիսի 8-ին հրատարակված հաղորդագրությունը շեշտում է երկրի նախագահի  ազդեցությունը հիմնադրամի ներսում որոշումների կայացման վրա. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամփոփիչ գնահատականով՝ 2000 թվականին «Հայաստան» հիմնադրամն աշխատել է իր կողմից ընդունված որոշումների շրջանակներում, եւ ծրագրերը հիմնականում հաջողված կարելի է համարել»:



Ուժերի հավասարակշռության մասին խոսելիս՝ պ-ն Քոթանջյանը չնշեց հոգաբարձուների խորհրդի շրջանակներում գործող այնպիսի վերադաս կառույցի մասին, ինչպիսին այդ իսկ խորհրդի նախագահությունն է, որտեղ ճնշող մեծամասնությունը պետական պաշտոնյաներ են: Ստորև հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամների ցուցակն է (տրամադրել է Ս. Քոթանջյանը).



  1. Սերժ Սարգսյան՝ ՀՀ նապագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ


  2. Գագիկ Հարությունյան՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ


  3. Արկադի Ղուկասյան՝ հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան


  4. Հովիկ Աբրահամյան՝ ՀՀ ԱԺ նախագահ


  5. Տիգրան Սարգսյան՝ ՀՀ վարչապետ


  6. Բակո Սահակյան՝ ԼՂՀ նախագահ


  7. Էդվարդ Նալբանդյան՝ Արտաքին գործերի նախարար


  8. Գարեգին Բ` ամենայն հայոց կաթողիկոս


  9. Հրայր Հովնանյան՝ Ամերիկայի հայկական համագումար


  10. Պետրոս Թերզյան՝ Ֆրանսիա


  11. Ալբերտ Բոյաջյան՝ ԱՄՆ


  12. Սամվել Կարապետյան՝ Ռուսաստան




Նախագահությունում իշխանությունների մեծամասնության քաշը ռազմավարորեն մեծացնում է հոգաբարձուների խորհրդի երկու փոխնագահների առկայությունը: Երկուսն էլ պետություն են ներկայացնում՝ Գագիկ Հարությունյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը (ով հիմնադրամի վատահամբավ նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի մոտ գործընկերն էր) և Արկադի Ղուկասյանը՝  ԼՂՀ նախկին նախագահը, այժմ հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան: Արկադի Ղուկասյանը երկրորդ փոխնախագահ դարձավ հիմնադրամի կանոնադրության մեջ մտցված փոփոխությամբ, որով նոր պաշտոն ստեղծվեց հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմում: Ըստ այդ փոփոխության՝ փոխտնօրենի երկու պաշտոնների միջև միակ տարբերությունն այն է, որ մեկն ի պաշտոնե է (Գագիկ Հարությունյանը):



Նույն օրը Լուիզ Սիմոն Մանուկյանը լքեց հոգաբարձուների խորհուրդի նախագահությունը՝ ստանալով հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում:



Նա փաստորեն փոխարինվեց «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար բազմամիլիոնատեր Սամվել Կարապետյանով, ով Սերժ Սարգսյանի վարչակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է: Մանուկյանի ելքն ու Կարապետյանի մուտքը հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմ մատնանշում են, որ 7 իշխանավոր ընդդեմ 5 ոչ-իշխանավորի հարաբերակցությունը իրականում de jure պատկերն է: Սամվել Կարապետյանը խախտեց de facto հարաբերակցությունը իշխանությունների օգտին՝ 8-ն ընդդեմ 4-ի:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության գլուխ 5-ի 45ա կետի՝ «Հիմնադրամի Խորհրդի Նախագահությունը նշանակում է Հիմնադրամի Գործադիր տնօրեն, փոխտնօրեններ և ներկայացնում Խորհրդի հաստատմանը»:



Եվս մեկ խոսուն հանգամանք հիմնադրամի և ՀՀ կառավարության փոխհարաբերության վերաբերյալ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեն է Կառավարության 3-րդ շենք, Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն:



ԱՌԱՍՊԵԼ 3. Եվս մի առասպել կա, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները երբ որ հավաքվում են, նրանք անցնում են պետության ձեռքը՝ կառավարության ձեռքը:



ՑՐՈՒՄ. Սա ևս այդպես չէ, սա թյուրիմացություն է: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ունի մի քանի տասնյակ բանկային հաշիվներ, որոնք որ պատկանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ մի քանի տասնյակ բանկային հաշիվները գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում: Ինչպես գիտեք կան քսան տարբեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմիններ աշխարհի տարբեր երկրներում: Որևէ մի դոլար, մի սենթ, մի դրամ, մի յուրո երբեք չի հայտնվում որևէ մի պետական, կառավարական հաշիվների վրա: Հսկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, ծախսվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, որի մասին հաշվետվությունը հանրությանն է ներկայացվում նմանատիպ (ցույց է տալիս), այսպիսի տարեկան մեր, ուրեմն, հաշվետվության միջոցով, որի մեջ կա ամբողջ տեղեկությունը ֆինանսական՝ ինչպես են ծախսվել գումարները, ինչքան է եղել և այլն և այլն: Այս ֆինանսները նաև, ասեմ, որ ստուգվում են, audit են լինում Grant Thornton-ի միջոցով, որը որ մեծ միջազգային ընկերություն է, որը որ նաև իր ներկայությունը ունի Հայաստանում:



ՄԵՐԿԱՑՈՒՄ. Կարող է և ճիշտ է, որ «որևէ մի դոլար, մի սենթ, մի դրամ, մի յուրո երբեք չի հայտնվում որևէ մի պետական, կառավարական հաշիվների վրա»: Սակայն նվիրատուների շրջանում հիմնական մտահոգությունը ոչ թե կառավարական հաշվեհամարներն են (ինչը ենթադրում է պետբյուջե), այլ ավելի շուտ կառավարության անդամների անձնական հաշվեհամարները: Գոհացուցիչ է, որ նվիրատվությունները պահվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմաթիվ հաշվեհամարներում, սակայն հարցն այն է, թե ուր են հւոսում այդ գումարներն այնտեղից: Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով պետ. պաշտոնյաները կարող են ուղղորդել այդ նվիրատվությունները սեփական օգուտի համար: Ահա մի քանիսը.



ա. Կարգադրել գործադիր տնօրենին որոշակի գումարներ նստեցնել այնպիսի բանկային հաշվեհահամարների վրա, որոնք չեն պատկանում հիմնադրամին:



Այն բանից հետո, երբ Մանուշակ Պետրոսյանը լքեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ռոբերտ Քոչարյանն այդ պաշտոնը 1998 թ. առաջարկեց արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ընդունեց առաջարկը մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունները սառել էին նախորդ գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի հարստությունների բացահայտումների, ինչպես նաև իշխանափոխության պատճառով:



Նոր գործադիր տնօրենը դժգոհ էր նախորդի աշխատանքներից. նա կատարեց որոշ կադրային փոփոխություններ և արեց ամեն ինչ, որ հիմնադրամի ծրագրերից հեռու պահի Մանուշակ Պետրոսյանին: 1998 թ. «Առավոտ»-ը մի հոդված է հրատարակել «Նախկինների մուտքն արգելված է» վերնագրով. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի  միջոցներով կառուցվող Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհի հերթական հատվածի բացմանը Րաֆֆի Հովհաննիսյանի կարգադրությամբ չեն հրավիրվել հիմնադրամի նախկին և ներկայիս այն աշխատակիցները, որոնք աշխատել են նախկին տնօրեն  Մանուշակ Պետրոսյանի օրոք: Հրավերք չի ստացել նաեւ Մանուշակ Պետրոսյանը»:



Հիմնադրամի որոշ աշխատողներ լքեցին հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ՝ դժգոհ լինելով Րաֆֆու աշխատելաոճից ու ռազմավարությունից: Նրանցից էր Տիգրան Պասկևիչյանը՝ հիմնադրամի հանրային կապերի բաժնի նախկին վարիչը, ով «Առավոտ»-ի փոխանցմամբ ասել է. «Ղարաբաղ կատարած այցելության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Ղարաբաղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսպիսի մի արտահայտություն էր արել. «Մենք պետք է ստեղծենք« փրկենք եւ կատարելագործենք հիմնադրամը» <…> Դրանից հետո ես հասկացա, որ չեմ կարող մասնակցել մի բանի ստեղծմանը, ինչը վաղուց արդեն ստեղծված է, մի բանի փրկությանը, որը փրկության կարիք չունի, իսկ կատարելագործման ուղիներ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ես չէի տեսնում»:



Միայն վեց ամիս հիմնադրամին ծառայելով՝  Րաֆֆի Հովհաննիսյանը 1998 թ. աշնանը հրաժարական տվեց: Երեք անընդմեջ կարճատև պաշտոնավարումները — ՀՀ արտաքին գործերի նախարար (1991-1992), ՀՀ տեղեկատվական վարչության պետ (40 օր 1998 թ.) և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (վեց ամիս 1998 թ.) — մեծ հարված հասցրին Րաֆֆի Հովհաննիսյանի համբավին՝ որպես առաջնորդի:



Ավելի քան մեկ տասնամյակ անց Րաֆֆիի որդին՝ Կարին Հովհաննիսյանը, գրեց իր վերջերս լույս տեսած գրքում այն, ինչով իր հայրը նախընտրել էր չկիսվել հետաքրքրասեր լրագրողների հետ թե՛ իր տնօրինության ժամանակ և թե՛ հրաժարականից հետո: Ստորև մեջբերված հատվածը ցույց է տալիս, «անուղղակի ավանդադրման» պարզ մեխանիզմ, համենայնդեպս Րաֆֆի Հոհվաննիսյանի տնօրինության օրոք.



Նրա առաջին խնդիրն այն էր, որ Հայաստանի քաղաքական փոխակերպման ձմեռվա ընթացքում սփյուռքի վստահությունը հանրապետության նկատմամբ սառել էր, և այդ վստահության հետ մեկտեղ նաև միլիոնավոր դոլարներ համահայկական հիմնադրամի միջազտգային հաշվեհամարներում: Րաֆֆու առաջին նպատակն ու անհապաղ հաջողությունը եղավ ազգային ապասառեցումն ու խոշոր դրամահավաքների ժամանակացույցի պատրաստումը: Այս դրամահավաքները, սակայն, դեռ տեղի չէին ունեցել, երբ կրկին սովետական կանխանշաններ ջրի երես ելան: Այս անգամ դրամական փոխանցումները — 50 000 դոլար այս մի հաշվի համար, 100 000 դոլար մեկ ուրիշի — գալիս էին նախագահական գրասենյակից: Այս անգամ չկար այլևս ավելի բարձր ատյան, որին կարող էր հասցնել իր բողոքի ձայնը:



<…> Րաֆֆին սկսեց վախենալ, որ ինչ-որ ստոր ֆինանսական սկանդալ է պլանավորվում իր համար: Բայց մեկ է, Արմենուհին ասում էր. «Մնա ու աշխատիր»:



Բայց այս անգամ Րաֆֆին փոխվել էր: Նրա պատասխանը ապշեցրեց Արմենուհուն: «Կուզես գողերու հե՞տ աշխատինք»,- ասաց նա: (Hovannisian, Garin, Family of Shadows, HarperCollins: New York, 2010, p. 198)



Նրա այդ պատկառելի ազնվությունը, սակայն, չի պատասխանում այն հարցին, թե ինչու է այս քաղաքական գործիչը նախընտրել թաքցնել այս առանցքային մանրամասները, հատկապես որ դրանք ակնհայտորեն բացասական լույսի ներքո են ներկայացնում նրա քաղաքական հակառակորդներին:



«Հույսով եմ կգտնեք, իհարկե, որ գրքի ոճը գեղարվեստական է, բայց հավատացեք, որ հետազոտություն ես արել եմ որպես լրագրող, որպես պատմաբան, և ամեն ինչ իրականություն է գրքի մեջ»,- ասաց Կարին Հովհաննիսյանը «Հորիզոն» հեռուստաընկերությանը «Barnes & Noble» գրախանութում տեղի ունեցած իր գրքի շնորհանդեսի ժամանակ:



բ. Անել այնպես, որ շինարարական պայմանագրերը կնքվեն այնպիսի ընկերությունների հետ, որոնց տերերն իշխանավորներն են կամ նրանց մոտ կանգնած մարդիկ:



2010 թ. փետրվարի 10-ին «Ժամանակ» օրաթերթը մի հետաքրքիր հոդված է հրատարակել՝ «Վատագույն ավանդույթները շարունակվում են», այն շինարարական ընկերությունների մասին, որոնք ավանդաբար հաղթում են բոլոր մրցույթները՝ չնայած նրան, որ թերի են գործել անցյալում: Հոդվածի հեղինակ Քրիստինե Խանումյանը առանձնացնում է «Վրեժ», «Քարավան» և «Ճանշին»  շինարարական ընկերությունները: «Վրեժ»-ը պատկանում է Կարեն Հակոբյանին՝ Արցախի ԱԺ պատգամավոր օլիգարխ Սամվել Հակոբյանի եղբորը, «Քարավան»-ը պատկանում է Հակոբ Հակոբյանին, ով ժամանակին եղել է Սամվել Բաբայանի նախկին դաշնակիցն ու կարողացել շահել ներկա իշխանությունների վստահությունը, իսկ «Ճանշին»-ի տերը Ռոլես Աղաջանյանն է՝ արցախյան ղեկավարության մտերիմներից — վերջինիս կապերի մասին մանրամասներն այսքանով են սահմանափակված հոդվածում:



«Ահա, այս երեք անձինք հերթով շահել են «Հյուսիս-Հարավի» համար հայտարարված բոլոր մրցույթները, կատարել ասֆալտապատում, որի որակից սկսել էին բողոքել անգամ ԼՂՀ ԱԺ պատգամավորները»,- գրում է Քրիստինեն: Նրանց կատարած աշխատանքի որակի և այլ չարաշահումների մասին կխոսվի այդ հոդվածի երկրորդ մասում: Մինչ այդ կուզեի առաջ ընկնել՝ ներկայացնելու Քրիստինե Խանումյանի հոդվածում հնչեցված տագնապը, այն է՝ չնայած աշխատանքի վատ որակին և բազմաթիվ խախտումներին, այս ընկերություններից մեկը՝ «Քարավան»-ը հերթական անգամ հաղթել է Արամ Մանուկյան և Գարեգին Նժդեհ փողոցների բարեկարգման համար 2009 թ. դեկտեմբերին անցկացված մրցույթում:



Իր աղմկահարույց հրաժարականից մոտ մեկ ու կես տարի անց Մանուշակ Պետրոսյանը ասաց «Առավոտ»-ին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը լքելուց հետ նա շինարարությամբ զբաղբվելու սկզբունքային որոշում է կայացրել: «Այդ նպատակով էլ, մի խումբ համախոհների հետ Մանուշակ Պետրոսյանը հիմնադրել է «Սպեկտրում» ընկերությունը, որի գործունեության առանցքը շինարարական գործի կազմակերպումն է»,- գրում է թերթն ու մեջբերում նրա խոսքը. «Այսօր ունենք տարբեր ընթացիկ ծրագրեր: Շինարարություն ենք իրականացնում աղետի գոտում, Գյումրիում, Ստեփանակերտում»:



Այդ շինարարական ծրագրերից մեկի՝ Գյումրու «Անի» թաղամասի մանկական արվեստի կենտրոնի կառուցման իրավունքը պարգևել է «Սպեկտրում», «Անի» և «Կամաս» կապալառուներին ոչ այլ ոք, քան «Հայաստան» համահայկական հիմնադրամը (մանրամասներն՝ այստեղ): Թեև պաշտոնական կայքը չի հաղորդում նախագծի իրականացման ժամկետները, սակայն շնորհիվ վերոնշյալ հոդվածի, պարզ է դառնում, որ 242 903,23 դոլարանոց գործարքը կնքվել է Րաֆֆի Հովհաննիսյանին հաջորդած գործադիր տնօրենի՝ Վահան Տեր-Ղևոնդյանի օրոք:



Ոչ մի գործ չի հարուցվել Մանուշակ Պետրոսյանի դեմ նրա հրաժարականից հետո, ինչը շատ զարմանալի չէ, քանի որ 1998 թ. իշխանափոխության պատճառով նրա դաշնակիցը ՝ Գագիկ Հարությունյանը, չկորցրեց ՀՀ սահմանադրական դատարանի իր պաշտոնը և հետևաբար պահպանեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարաձուների խորհրդի ի պաշտոնե անդամակցությունը: Դեռ ավելին, տիկին Պետրոսյանի շինարարական ընկերությունը, ըստ երևույթին, ծաղկում էր՝ չնայած իր հանրային խայտառակությանը:



Ավելի ուշ նա կրկին հայտնվեց քաղաքական հարթակի վրա 2008 թ. որպես Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: Այսօր Մանուշակ Պետրոյանը կրկին իր տարերքի մեջ է` զբաղվում է Հայաստանում քաղբանտարկյալների համար օգնություն բաշխելով: Այս հանգամանքը լարվածություն է ստեղծել Հայ ազգային կոնգրեսի շարքերում՝ նրանց մոտ, ովքեր դեռ հիշում են «Հայաստան» համահայկական հիմնադրամում գորխադիր տնօրեն եղած ժամանակ նրա կատարած արարքների մասին: Ո՞վ գիտի՝ ինչ պաշտոններ են սպասում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնա նախագահական աթորին:



գ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված շինության հետագա սեփականաշնորհում:



2007 թ. հուլիսի 7-ին «Հայելի» ակումբում, որտեղ հայ հասարակական-քաղաքական գործիչները բանավիճում են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ, հյուրընկալել էր ՀՅԴ անդամ, նախկինում կառավարության անդամ Արծվիկ Մինասյանին և «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին: Վերջինս մատնանշեց մի տիպիկ դեպք, որը բացահայտում է կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև տեղի ունեցող մութ գործարքների մեխանիզմներից մեկը.



Դեռևս երեք օր առաջ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների ակտիվ միջամտությամբ կասեցվեց Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում տեղակայված կանաչ տարածքի վայրագ ոչնչացումը: Ըստ էության Կառավարության կողմից համահայկական հիմնադրամին հողահատկացում է տեղի ունեցել, որն էլ այն վաճառել է որևէ ֆիզիկական անձի: Սա արգելված է, քանի որ չի կատարվել օրենքի սահմաններում: (Մանրամասներն՝ այստեղ)



Սա դավի հայտնաբերման և խոչընդոտման, թերևս, եզակի դեպք է: Բանաձևը հետևյալն է. նախ «Հայաստան» համահայկական հիմնադրամին խնդրվում է կառուցել կամ բարեկարգել որոշակի շենք, ապա, ավարտելուն պես, պետ. պաշտոնյան կամ իր ընկերը, ազգակիցը, գործընկերը սեփականաշնորհում են այն:



դ. Պետական պաշտոնյայի կամ նրան մոտ կանգնած անձնավորության սեփականությունը հանդիսացող հողակտորի բարեկարգում:



Սմբատ Հակոբյանը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասաց. «Երևանում բացվել է առագաստանավորդների միություն, որին՝ հանրապետության նախագահի հովանու ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներով վինդսերֆինգներ են հատկացվել ու Սեւանա լճի ափին վինդսերֆինգի ակումբ է հիմնադրվում»: Մոտ մեկ ամիս անց՝ 2007 թ. հուլիսի 21-ին, Ռոբերտ Քոչարյանը՝ այն ժամանակ դեռ ՀՀ նախագահի պաշտոնում, կատարեց ՀՀ պատմության մեջ առաջին վինդսերֆինգի կենտրոնի հանդիսավոր բացումը:



Ըստ «Նովոստի Արմենիի»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հատկացրել է 257 միլիոն դրամ (մոտ $767 000), և շինարարությունը սկսվել է 2006 թ. նոյեմբերին: Սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամն այլ գումար է նշում իր նորությունների բաժնում. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ձեռք է բերվել մոտ 40 առագաստ եւ առագաստային տախտակ, համապատասխան հագուստ, հիմնական շենքի, հարակից օժանդակ շինությունների, սպորտային հրապարակների կառուցման, տարածքի բարեկարգման եւ գույքի ձեռքբերման համար տրամադրվել է մոտ 320 միլիոն դրամ»: Դեռ ավելին, հիմնադրամի ծրագրերի բաժնում, այլ թիվ է ներկայացվում՝ $814 288,77:



Նախ և առաջ պարզ չէ, թե ինչու է հիմնադրամը ծրագրի ծախսը մի էջում ներկայացնում դրամով, մեկ այլ էջում դոլարով, հատկապես երբ դրանք չեն համապատասխանում՝ տվյալ ժամանակի փոխարժեքի համաձայն: Եթե գումարը տրամադրվել է ծրագրի իրականացման սկզբում, ապա $814 288,77 գումարը 302 915 422,95 դրամ է կազմում (2006 թ. նոյեմբերին $1=372 դրամ փախարժեքով՝ ըստ «Առկա» լրատվական գործակալության տվյալների): Այս թիվը փոքր է հիմնադրամի նորությունների էջում նշված 320 000 000 դրամից 17 084 578 դրամով: Ի՞նչ պատահեց այդ գումարին: Եթե ենթադրենք, որ գումարները հատկացվել են ծրագրի ավարտի շրջանում՝ 2007 թ. հուլիսին, ապա մեկ դոլարը 335 դրամ փոխարժեքով, $814 288,77 հայտարարված ծրագրի արժեքը կազմում է 272 786 737,95 դրամ: Սա էլ ավելին է, քան «Նովոստի Արմենիի» հաղորդած 257 միլիոն դրամը և պակաս, քան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդած 320 միլիոնը: Այս խառնաշփոթը հիմնադրամի թափանցիկությունն է:



Այժմ հասկանանք, թե ինչու էր այդքան կարևոր վինդսերֆինգի կենտրոն ստեղծելու համար այդքան գումար ծախսելը, մինչդեռ այնքան խնդիրներ կային, որոնք անհապաղ լուծում էին պահանջում, ինչպես, օրինակ, ջրամատակարարումը գյուղական վայրերում: Վինդսերֆինգի կենտրոնը կառուցվել է մի տարածքում, որը կոչվում է «Կապուտակ Սևան»: Ըստ լրատվական արտահոսքերի՝ այն պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:

«Առավոտ»-ում 2007 թ. դեկտեմբերի 7-ին համարում ««Կապուտակ Սևանի» սպասուհին՝ դպրոցի տնօրեն» բոլորովին այլ թեմայի շուրջ գրված հոդվածում Բելլա Քոչարյանը ներկայացվում է որպես «Կապուտակ Սևան» առողջարանի տերը: Չկա որևէ վկայություն այն մասին, թե Քոչարյանը հերքել է տվյալ տեղեկությունը, ոչ էլ ինքը թերթն է այդ արնչությամբ հերքում տպագրել հետագա համարներից որևէ մեկում: Սեփականության մասին այս տեղեկությունը հետագայում մասամբ հաստատվել է 2010 թ. հոկտեմբերին ռուսական մամուլում հայտնված աղմկահարույց «Ինչու են սովորական ՀՀ քաղաքացիների կյանքի կարգավորման բոլոր փորձերը դատապարտված» վերնագրով հոդվածում, որն իսկույն ողողեց հայկական վեբ ոլորտը: Հայ առանցքային իշխանավորների և օլիգարխների կարողությունների մասին զեկուցող հոդվածը տրամադրում է նաև Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի ցուցակը, որտեղ նա ներկայացված է որպես «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրի 100 տոկոսանոց տեր (Արտակ Ոսկանյանի անվան տակ գրանցված):



«Հայաստան» համահայկական հիմնադրամն այլ բացատրություն ունի տարածքի ընտրության համար. «Սպորտային բազայի համար ընտրվել Սեւանի հյուսիս-արեւմտյան ափը, որտեղ մշտապես նպաստավոր քամի կա»:



Համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնդրության գլուխ 5-ի (Հիմնադրամի կառավարման մարմինները) կետ 37-ի՝ «Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային և այլ շահերին վերաբերող հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում»:



Հետաքրքիր է՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է տվյալ ծրագրին առնչվող քվեարկությանը: Նույնչափ հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ ինչ է հիմնադրամը նկատի ունեցել՝ որպես վինդերֆինգային ծրագրի հովանավոր ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը:



Լրատվական աղբյուրներըշեշտում են, որ երիտասարդությունը կարող է կենտրոնում անվճար մարզվել: Միևնույն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելացնում է, որ «ակումբի պահպանման, միջոցառումների անցկացման եւ ուսուցման համար հատկացումներ կարվեն պետբյուջեից» (մանրամասներն՝ այստեղ): Այդպիսի միջոցառումներից են վինդսերֆինգի «Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գավաթի» առաջնությունը, որը տեղի է ունեցել 2009 թ. օգոստոսին (մանրամասներն՝ այստեղ):



«Կապուտակ Սևան»-ը բավականին թանկ հաճույք է: Այնքան թանկ, որ ՀՀ քաղաքացիները հաճախ նախընտրում են 10-15 անգամ ավելի երկար ճանապարհ կտրել, իրենց հանգիստը կազմակերպել Սև ծովի ափին՝ Բաթումիում, և լցնել հարևանի գրպանները: «Կապուտակ Սևան»-ը, այնուամենայնիվ, գտնում է իր գլուխը պահելու միջոցներ: «Հանրապետության 70 հաշմանդամ երեխաներ օգոստոսի 3-24-ը Հայաստանի Հանրապետության նախագահի հիմնադրամի ֆինանսավորմամբ հանգստացել են Գեղարքունիքի մարզի «Կապուտակ Սեւան» առողջատանը»,- հաղորդում է «Արմենպրես»-ը 2010 թ. օգոստոսի 27-ին:



«Կապուտակ Սևան»-ում է այս օրերին թոշակի անցած Ռոբերտ Քոչարյանը սիրում անցկացնել իր ամառային հանգիստը: Այսպես է News.am-ը նկարագրում նախկին նախագահի հանգիստը 2010 թ. օգոստոսի 9-ին. «Նախկին նախագահը, ինչպես հայտնի է, ջրային մարզաձեւերի՝ վինդսերֆինգի, ջրամոտորասպորտի սիրահար է եւ ամառային հանգստի զգալի մասը հատկացնում է այդ մարզաձեւերով զբաղվելուն»:



Եվ վերջապես, այն փաստը, որ Գրանթ Թորնթոն Ամյո ընկերությունն է իրականացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտը, բավական չէ կազմակերպության ֆինանսների տնօրինության նկատմամբ խաթարված վստահությունը վերականգնելու համար: Կան երեք պատճառներ, որոնք կարող են հարցականի տակ դնել աուդիտները:



  1. «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարը Գագիկ Խաչատրյանն է՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ով չնկատելու է տվել չափից ավելի խախտումներ և չարաշահումներ իր պետական պաշտոնում, որպեսզի վստահություն ներշնչի այստեղ:


  2. Այն կազմակերպությունները, որոնք ապահովում են աուդիտային ընկերությունների ռոտացիա ավելի վստահելի են: Գրանթ Թորնթոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտ է իրականացնում 2005 թվականից սկսծ անընդմեջ: «Աուդիտորները կարող են դառնալ պակաս զգոն և աուդիտն ընկալել իբրև նախորդ գործողությունների կրկնություն: Այս բթացումը բերում է արդյունքների ակնկալման, փոխանակ՝ հանգամանքներում նուրբ, սակայն կարևոր փոփոխությունները նկատելու զգոնության հաշվին»,- հավաստիացնում են Բարբարա Արելը, Ռիչարդ Գ. Բրոուդին և Քըրթ Փեյնին իրենց «Աուդիտային ընկերությունների ռոտացիան և աուդիտի որակը» հոդվածում:


  3. Երրորդի մասին խոսք կգնա այս հոդվածի երկրորդ մասում:




Արա Խ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ,

Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում,

անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը,

հիմնել է thetruthmustbetold.com կայքը