Ներկան, նախկինն ու փոխերը

Ներկան, նախկինն ու փոխերը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2011թ-ի առաջին օրերը անց է կացնում ծննդավայրում` Կապանի տարածաշրջանի Ագարակ գյուղում: Տեղացի պաշտոնյաները շնորհավորել են նախարարի Նոր տարին, Ա. Մովսիսյանի հետ առանձնազրույց են ունեցել հենց իր ամառանոցում ու քննարկել հետագա ծրագրերը: Չէ որ 2011թ-ը նախընտրական տարի է, իսկ նախարարի խոսքը Սյունիքում կշիռ ունի: Մեր ունեցած տեղեկություններով նախարարը կուսակիցներին ու ընկերներին խորհուրդ է տվել` չշտապել, ու ժամանակից առաջ չընկնել: «Այս գործը հանգիստ է սիրում»,-ասել է նախարարը:



Իր կուսակից մտերիմների հետ հանդիպել է նաև ծննդով կապանցի նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը: Չնայած ընկճված տրամադրությանը, ՕԵԿ-ական զինվորը իր հավատարիմներին հանդուրժողականության կոչ է արել ու հայտարարել, որ ՕԵԿ-ը դեռ ճանապարհ ունի անցնելու: «Պետք է ուժեղացնենք կուսկցությունը և ես այսուհետև ավելի հաճախ կլինեմ Սյունիքում` հենց այդ նպատակով»,-ասել է Գ. Ալավերդյանը:



Ներկա ու նախկին նախարարներից բացի, Սյունիքում են եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարարներ Խաչիկ Ասրյանն ու Արսեն Քարամյանը: Եթե ծննդով գորիսեցի Խ. Ասրյանը հունվարի 2-ին է եկել ու արդեն հետ վերադարձել, ապա Ա. Քարամյանը դեռ Կապանում է ու Ամանորը այստեղ է դիմավորել: Վերջինս նախընտրում է ազատ օրերին հանգստանալ ու կտրվել մայրաքաղաքային լարված առոօրյայից: Ասում են, որ Խ. Ասրյանն էլ այևս չի դիմանում Սյունիքում ու հայտարարել է, որ իրեն մայրաքաղաքն է ձգում: «Չի կարելի ռիթմը բաց թողնել»,-ասել է նա: