Սյունյաց թեմից առանձնացվեց Վայոց Ձորը

Սյունյաց թեմից առանձնացվեց Վայոց Ձորը
Վերջերս Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Վայոց Ձորի մարզի եկեղեցական համայնքները առաձնացան Սյունյաց թեմի կազմից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տերունապատվեր կազմակերպման, հոգևոր սպասավորների ծառայության կանոնակարգման և տարածքային վերատեսչությունը արդյունավետ իրականացնելու համար է արվել փոփոխությունը։ Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Զավեն Աբեղա Յազիչյանը՝ ազատվելով թեմի Սյունիքի փոխառաջնորդի պաշտոնից։ Իսկ ինչու տեղապահ, որովհետև Զավեն Յազիչյանի հոգևոր կոչումը թույլ չի տալիս առաջնորդ լինելու:



Գործող կարգի համաձայն, թեմերի առաջնորդները պետք է առնվազն  վարդապետի կոչում ունենան: Մեկ տարի է, ինչ Հայր Զավենը Սյունյաց թեմում է ծառայության նշանակվել: Անցած տարում հաջողվեց  Սյունիքի բոլոր քաղաքային համայնքներում կիրակնօրյա դպրոցներ բացել: Հայր Սուրբի խոսքով, սյունեցի աշակերտները, երիտասարդները պետք է հավատքը ի սրտե ընդունեն, եկեղեցի չմտնեն  որպես պարտադրանք։ Հիմնականում կիրակնօրյա դպրոցները այս նպատակը ունեն։ Այս տարի, հոգևոր հոր խոսքով,   մարզկենտրոնի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին որոշ փոփոխությունների կենթարկվի:



Ինչ վերաբերում է Սյունյաց թեմի առաջնորդարանը Գորիսից Կապան տեղափոխելուն, ապա առաջիկայում դա հնարավոր չէ։ Կապանի եկեղեցու հարևանությամբ  համապատասխան շինություններ չկան:  «Տարածքի խնդիր կա, կացարաններ պետք է կառուցվեն, էնպես չէ, որ միանգամից վեր կենանք ու տեղափոխվենք Կապան»,-ասում է Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահը: Թե ում կողմից կկառուցվեն այդ շինությունները` բարերաների, հովանավորների, թե իշխանությունների, դեռ հայտնի չէ, բայց գործին կաջակցի նաև  նաև Էջմիածինը:



Համապատասխան կառույցների առկայությունից հետո Հայր Զավեն Յազիչյանը խոստանում է բերել Կաթողիկոսի կոնդակը՝ Կապանը որպես Սյունյաց թեմի կենտրոն դարձնելու մասին։ Չէ որ սա իր ծրագրային դրույթներից մեկն է, ու հետո էլ հեշտ է մարզկենտրոնից կառավարելը։ «Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո անսասան պահի Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, Հայաստան աշխարհը եւ Սյունյաց Տիրախնամ Թեմը: Թող Մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան հրաշափառ խորհրդով բացվող Փրկչական 2011 թվականը Սյունյաց անդաստանից ներս հարստացնի ազգային-եկեղեցական մեր կյանքը` նոր ձեռքբերումներով ու նորանոր նվաճումներով”,-այսպես ավարտեց մեր զրույցը Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահը: