Ագարակի դեպքերի կապակցությամբ քրեական գործ դեռ չի հարուցվել

Ագարակի դեպքերի կապակցությամբ քրեական գործ դեռ չի հարուցվել
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու գործարար Արարատ Հովհաննիսյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից ու վիճաբանությունից հետո ոստիկանության Մեղրիի բաժնում շարունակում են նյութեր նախապատրաստել դեպքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքապետի ու գործարարի  մտերիմների միջև ծագած հակասությունը հունվարի 7-ին  գագաթնակետին է հասել, ու հենց Ագարակի կենտրոնական հրապարակում քաղաքապետի եղբայրը` Մհեր Զաքարյանը, ծեծել է Արարատ Հովհաննիսյանին: Վերջինս էլ զենքով է փորձել վախեցնել հավաքվածներին:



Ինչպես մեզ հաջողվեց ճշտել, ոստիկանությունում հարցաքննվել ու բացատրություն են տվել 8 հոգի, այդ թվում` տուժած Արարատ Հովհաննիսյանն ու  նրա կողմնակիցները: Սակայն այս պահի դրությամբ քրեական գործ չի հարուցվել, ու ձերբակալվածներ չկան: Նշենք նաև, որ իրավապահները նախօրեին հայտարարել էին, որ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցվելու է:



Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի չի բացառվում, որ միջադեպի հրահրմանը խառը լինի Ագարակի նախկին քաղաքապետ Մայիս Խաչատրյանի մատը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարն ու նախկին քաղաքապետը մտերմիկ հարաբերությունների մեջ են: Այս օրերին Մ.Խաչատրյանն է վարում Ա. Հովհաննիսյանի ավտոմեքենան ու դեպքի օրը տուժածներին ինքն է տարել հիվանդանոց: