Իջեւանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 20-ամյա երիտասարդը մահացել է

Իջեւանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 20-ամյա երիտասարդը մահացել է
Իջեւանի գնդում 2010 թվականի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետեւնաքով գանգուղեղային վնասվածք ստացած Տարոն Ենգիբարյանը երեկ գիշերը, մոտավորապես 24:00-ի սահմաններում մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ Ենգիբարյանը գտնվում էր շուրջ մեկ շաբաթ՝ անգիտակից վիճակում:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի զինվորական զորամասից Իջեւանի բժշկական կենտրոն էին  տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ, 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը`գանգուղեղային ծանր տրավմա ախտորոշմամբ, եւ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք ախտորոշմամբ: Նրանք վնասվածքը ստացել էին զորամասում գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի կողմից, նրա աշխատասենյակում: Հիվանդանոց տեղափոխված երիտասարդները զորամաս էին գնացել` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով` իրենց ծառայակից ընկերոջ բարեկամին տեսնելու համար:



Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց տեսել է գնդի հրամանատարը եւ հայհոյանքներով ու սպառնալիքներով հրամայել է, որ նրանք լքեն զորամասի անցակետի տարածքը: Երիտասարդներից մեկը պատասխանել է հայհոյանքին, եւ այդ ժամանակ Կարապետյանը հանձնարարել է մի քանի սպաների, որ երիտասարդներին բռնեն եւ բերեն զորամասի վարչական շենքի իր աշխատասենյակ, որտեղ էլ դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին:



Գետահովիտի բնակիչները հայտել են, որ գնդապետը նաեւ առգրավել է «Նիվան», կրակոցներ է արձակել իր աշխատասենյակում: Նախնական լուրերի համաձայն, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մի քանի երիտասարդ բնակիչներ գնացել են զորամաս` իրենց ծանոթներից մեկին տեսնելու համար: Վիճաբանության ժամանակ ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով երիտասարդներից մեկը՝ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, տեղափոխվել է հիվանդանոց:



Նշենք նաեւ, որ Իջեւանի գնդի հրամանատար Սերգեյ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով: Գործը հարուցվել է «զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանության փաստի առիթով»: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Ձերբակալվածներ կամ կալանքի տակ գտնվողներ այս պահի դրությամբ չկան, ընթանում է նախաքննություն:



Առայժմ չի հաղորդվում՝ արդյոք զենքի կիրառման փաստ եղե՞լ է, թե՝ ոչ, եւ արդյոք վիճաբանության մասնակիցները սթափ վիճակում են եղել:



News.am