Էստաֆետը հանձնեցինք

Էստաֆետը հանձնեցինք
Ամանորը տարվա ամենաուրախ ու ամենահաճելի, միաժամանակ՝ ամենատխուր ու ամենաողբերգական շրջանն է: Հոգեբաններն ասում են, որ այս շրջանում են ամենից շատ ինքնասպանություններն ու դժբախտ դեպքերը լինում. մարդկանց մոտ սրվում են բոլոր հիվանդությունները, նրանք հակված են իրենց հոգեվիճակն ու դժվարությունները չափազանցնելու, ամեն ինչին սեւ ակնոցով նայելու: Ամանորը նաեւ սովորական՝ աշխատանքային, կենցաղային ռիթմից դուրս ընկնելու, ծուլության ու արձակուրդի համար լավագույն ժամանակն է: Պատահական չէ, որ մեր իշխանավորները վերջին երկու տարիներին այնպիսի տոնացույց են ձեւավորել, որ ողջ երկրի բնակչությունը տասնօրյա վճարովի եւ հարկադիր արձակուրդի է մատնվում: Այսպես հատկապես հարմար է Ամանորը երկարատեւ «զապոյների», արտասահմանյան ուղեւորությունների ու կերուխումերի առիթ դաձնողների համար: Ամանորը նաեւ հարբած ավտովթարների ու ծեծկռտուքների, զինված բախումների ու հրազենային հրավառությունների ժամանակաշրջան է. այս օրերին բոլորն իրենց խմբապետներ են զգում՝ անպատժելի ու օրենքից դուրս: Իբր՝ Նոր տարի է եւ ամեն ինչ կարելի է: Այս օրերին անգամ ճանապարհային ոստիկաններն են առավել հանդուրժող ու սակավապետ: Բայց Ամանորը նաեւ տարին ամփոփելու՝ արված-չարվածի մասին մտորելու, ծրագրեր կազմելու ժամակաշրջան է: Ի՞նչ ենք արել 2010-ին եւ ի՞նչ ենք պատաստվում անել 2011-ին: Արդյո՞ք անցնող տարին մեզ գոնե մի քիչ մերձեցրեց մեր իղձերին ու երազանքներին, թե՞ կրկին տեղում դոփեցինք՝ բոլոր հույսերը դնելով հաջորդի վրա: Եվ ի՞նչ երաշխիք, որ այս մեկն էլ նախորդին չի նմանվելու՝ նույնքան անգույն ու լճացած: Կգտնե՞նք արդյոք մեր մեջ ուժ այս տարի աննախադեպ ու երանելի թռիչք ապահովելու համար. ահա տարվա գլխավոր հարցը: