Ինչ էն փնտրում գողերը «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում

Ինչ էն փնտրում գողերը «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում
Մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անհայտ անձինք մուտք են գործում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ եւ տակնուվրա անում այն: Նախորդ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 13-ին: Այդ ժամանակ անհայտ անձինք տարել էին կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի համակարգչի մոնիտորը, այս անգամ ակնառու ոչինչ չի կորել գրասենյակից, միայն տակնուվրա են արել իրավապաշտպանի փաստաթղթերը: «Փոստային ծրարներ են բացել, հանել պարունակությունը, դրանք իմ թղթակցություններն են դատարանների հետ, դարակներն են քրքրել: Ինձ հայտնի չէ, թե ինչ են փնտրել»,-ասաց Զեյնալյանը:



Նա կատարվածը հայտնաբերել է առավոտյան, ժամը 10-ի սահմաններում: Դեպքի վայր են եկել ոստիկանության աշխատակիցներ, տեղզննում անցկացրել, սակայն որեւէ մատնահետք չեն հայտնաբերել, ինչը խոսում է այն մասին, որ ավազակները փորձառու են եղել եւ գործել են շատ պրոֆեսիոնալ: Արտակ Զեյնալյանը հրաժարվեց ենթադրություններ անել, թե ովքեր են այս ամենի կազմակերպիչները եւ իրականացնողները, սակայն համոզված է, որ դա կապված է իր գործունեության հետ. «Կարծում եմ, սա ուղղված է նախ բնակարանի անձեռնմխելիության մեր իրավունքի դեմ եւ երկրորդ՝ մեր մասնագիտական պրոֆեսիոնալ գործունեության դեմ»: