Ագարակի դեպքերի մասնակիցները փորձում են հաշտվել

Ագարակի դեպքերի մասնակիցները փորձում են հաշտվել
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու գործարար Արարատ Հովհաննիսյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի ու վիճաբանության փաստի առնչությամբ դեռ քրեական գործ չի հարուցվել: Իրավապահների խոսքով, օրենքով նրանք դեռ ժամանակ ունեն. կհարուցվի՞ արդյոք քրեական գործ եւ ինչ հոդվածով, պարզ կլինի մոտ մեկ շաբաթից: Դեպքի առնչությամբ դեռ նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքապետի ու գործարարի մտերիմների միջեւ ծագած հակասությունը հունվարի 7-ին գագաթնակետին էր հասել, ու հենց Ագարակի կենտրոնական հրապարակում քաղաքապետի եղբայրը` Մհեր Զաքարյանը, ծեծել էր Արարատ Հովհաննիսյանին:



Վերջինս էլ զենքով փորձել էր վախեցնել հավաքվածներին: Իսկ միջադեպի շարժառիթը, ամենայն հավանականությամբ, կենցաղային է: Քաղաքապետի աներորդին` Արտյոմն ու Ագարակի փոխքաղաքապետ Գեւորգ Խաչատրյանը որոշել էին նշել Ամանորը: Ռեստորանն այնպիսի տեղանքում է եղել, հանդիպակաց եկող մեքենաներից որեւէ մեկը պետք է զիջեր ճանապարհը: Սակայն ոչ քաղաքապետի կողմնակիցները, ոչ էլ Արարատ Հովհաննիսյանի տղան` Սերգեյը, զիջելու մտադրություն չեն ունեցել, ինչի արդյունքում էլ կրքերը բորբոքվել են: Իհարկե, Մհեր Զաքարյանը միշտ հորդորել է գործարարի որդուն, որ քաղաքում մեքենան մեծ արագությամբ չվարի:



Մշտական այս հորդորն էլ հիշել են վիճող կողմերը: Ի դեպ, ոստիկանությունում հարցաքննվել ու բացատրություն են տվել վիճաբանության մասնակիցներն ու ականատեսները: Ագարակում շրջանառվող լուրերի համաձայն, միջադեպի հրահրմանը հավանաբար խառն է Ագարակի նախկին քաղաքապետ Մայիս Խաչատրյանի մատը: Վերջինս 2 տարի առաջ ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզպետի պաշտպանյալ թեկնածուն էր ու պարտվեց: Դրա համար ագարակցիները մտածում են, որ Մ. Խաչատրյանին ձեռնտու է վիճակը լարված պահել քաղաքում:



Մեր տվյալներով, վիճաբանող կողմերը որոշել են հաշտության եզրեր գտնել, քանի որ քրեական գործ հարուցելու դեպքում ոստիկանություն դիմած Ա. Հովհաննիսյանին ավելի ծանր հոդված է սպասվում, քան քաղաքապետի եղբորը: Քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մեր զրույցում նշեց, որ ինքը բացառապես ոչնչի չի խառնվում ու չի էլ ուզում մեկնաբանություններ անել: Արարատ Հովհաննիսյանի հեռախոսահամարներն անջատված էին: Ինչպես մեզ տեղեկացրին նրա մտերիմները, գործարարն էլ է հոգնել լրագրողների զանգերից ու հոդվածներից:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ