Կոալիցիայի մոտալուտ մահվան մասին լուրերը չափազանցված չեն

Կոալիցիայի մոտալուտ մահվան մասին լուրերը չափազանցված չեն
Ըստ հավաստի աղբյուրների՝ լարվածությունը ԲՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ոչ միայն չի թուլացել տարեվերջյան հանդիպումների եւ կերուխումերի արդյունքում, այլեւ ավելի է որոշակիացել: Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարում նախագահ Սարգսյանն ասել էր, որ ինքը վերջնագրերով չի խոսում, այլ պահանջներ է դնում:  Բոլորը հասկացան, որ խոսքն ուղղված է  ԲՀԿ-ին: Այդ ընթացքում ԲՀԿ-ից տարբեր մեկնաբանություններ  էին անում, որ իրենց ոչ մի պահանջի մասին հայտնի չէ, որ ԲՀԿ-ն այնքան կայացած  է, որ պահանջների լեզվով հնարավոր չէ նրա հետ խոսել:



Մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ նախագահ Սարգսյանը դրել էր հետեւյալ պահանջները՝ Գագիկ Ծառուկյանը պիտի հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, երկրորդ, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն առավելագույնը հավակնելու է երկրորդ տեղին: Դարձյալ հավաստի տեղեկությունների համաձայն, Ծառուկյանը մերժել է երկու պահաջներն էլ: Դրա համար, որպես հիմնական փաստարկ, բերվել են երկրում առկա լուրջ սոցիալական դժգոհությունները:



Ծառուկյանը տարբեր մարդկանց միջոցով փորձել է նախագահին ներկայացնել երկրի իրական վիճակը՝  կաթվածահար եղած տնտեսություն, մեծ արտագաղթ, լուրջ դժգոհություններ հանրության շրջանում: Նա փորձել է համոզել, որ աջակցության մասին հայտարարությունները ոչինչ չեն տա, եւ նա ընդամենը կկորցնի իր վարկանիշը: Նախագահը չի ընդունել Ծառուկյանի հակափաստարկները եւ իր պայմանները կրկին առաջ է քաշել տոներից հետո:



Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ միջնորդավորված հանդիպումների ընթացքում Ծառուկյանին ակնարկել են, որ Ս. Սարգսյանին չստարելու դեպքում գործի կդրվեն մաքսային, հարկային, դատախազական բոլոր լծակները: Նույն աղբյուրների հավաստմամբ, Ծառուկյանը պատասխանել է, որ իր պատիվն ավելի բարձր է, քան ցանկացած վտանգ, եւ ինքը չի պատրաստվում վերանայել իր դիրքորոշումը:



Հիշեցնենք, որ մամուլում եղած հրապարակումների համաձայն՝  մեկ ամիս առաջ կայացած ԲՀԿ խմբակցության ընդլայնված նիստի ժամանակ, որին մասնակցել են նաեւ նախարարներ, քաղխորհրդի անդամներ, մարզպետներ, Ծառուկյանը բոլորին առաջարկել էր հայտնել իրենց կարծիքը: Բոլոր մասնակիցներն  ասել էին, որ իրենք կվարվեն այնպես, ինչպես ճիշտ կհամարի Ծառուկյանը:



Այդ նիստից հետո լարումն ավելի էր մեծացել, եւ տոներից հետո կայացած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ այն հասել է գագաթնակետին, եւ կողմերը որոշել են «բաժանվել»: Ըստ այդմ, այժմ յուրաքանչյուրը քննարկում է այդ «բաժանումն» իր համար շահեկան լույսի ներքո ներկայացնելու ձեւակերպումը: Եվ մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվի ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու, որ նույնն է՝ կոալիցիայի կազմալուծման մասին:



Քաղաքագետների կարծիքով, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, իսկապես ԲՀԿ-ականների նկատմամբ կարող է կիրառվել վարչական մեքենան, մյուս կողմից՝ կարող է սկսվել ԲՀԿ-ի շուրջ հասարակական լայն կոնսոլիդացիա: Չի բացառվում միասնական ընդդիմության ձեւավորումը: Ինքը՝ ԲՀԿ-ն, այլեւս չի կաշկանդվի կոալիցիոն պարտավորություններով ու կարող է քաղաքական ավելի լայն գործունեության հնարավորություն ստանալ:



Իրականում կոալիցիան այս պահին անհասկանալի կարգավիճակում է: Դեռեւս Դաշնակցության դուրս գալուց հետո կոալիցիոն «բեռը» մնաց երեք կուսակցությունների վրա, որոնք, սակայն, տարբեր կշիռ ունեն երկրի կյանքում: Նույնիսկ իշխանական հարցումները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն վարկանիշով գերազանցում է մյուս երկուսին: Իհարկե, հայկական իրականության մեջ վարկանիշը  հարաբերական գաղափար է, եւ իշխանությունը ցանկացած պահի կարող է նոր հարցման տվյալներ լցնել հեռուստաեթեր, բայց դրանից իրերի վիճակը չի փոխվի:



Չի բացառվում, որ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալը կարող է իսկապես սկիզբ դառնալ քաղաքական եւ հասարակական ճահճացմանը: Այստեղ նույնպես գնահատականները կիսվում են. փորձագետների մի մասը գտնում է, որ դա կհանգեցնի իշխանության կտրուկ թուլացման եւ ցնցումների, մյուս մասը կարծում է, որ կտրուկ փոփոխություններ չեն լինի, դրանք կլինեն միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, «եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, բնականաբար քաղաքական դաշտը կվերաձեւվի, ըստ էության, նոր կոնցեպտներ կսկսվեն՝ բնական եւ հասկանալի հետեւանքներով:



Եթե իշխանությունը գնա այդ քայլին եւ փորձի վտարել ԲՀԿ-ին, ըստ էության, նրանք ավելի շատ կտուժեն, քան կշահեն, որովհետեւ տեսեք, թե ըստ էության ով կմնա իշխանության մեջ՝ ՀՀԿ-ն, վարկաբեկված կառավարությունը, ՕԵԿ-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Կարծում եմ՝ այստեղ մեկնաբանությունների կարիք էլ չկա, թե ով է մարմնավորելու իշխանությունը: Իսկ ԲՀԿ-ն ակնհայտորեն կշահի: Վարվող վարկաբեկված տնտեսական քաղաքականությունն ինքն արդեն ֆորմալ առումով չի կրի եւ կդառնա ինքնուրույն, առանձին բեւեռ, որը ֆորմալ իմաստով կկարողանա որոշակի կոնսոլիդացիոն ռեսուրս ապահովել իր կողքը:



2012-2013 թթ.-ին իշխանությունը շատ լուրջ պրոբլեմ կունենա, քան ըստ էության այս լղոզված վիճակն է, որ այս պահի դրությամբ կա: Եթե դա լինի՝ իշխանությունները կտուժեն, ԲՀԿ-ն կշահի: Խնդիրը նրանում է, որ գործող նախագահը փորձում է, այսպես ասած՝ ուղղահայաց ստեղծել ամբողջ պետական կառավարման համակարգում, կենտրոնացնել բոլոր ֆինանսական, տնտեսական հոսքերը երկրում, բնականաբար այդ քաղաքականությանը դեմ է Հայաստանի ողջ բիզնես դաշտը, եւ այդ տնտեսական դաշտի շահերն է այսօրվա դրությամբ ներկայացնում հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կգնա՞ իշխանությունը ռադիկալ քայլերի, ես այդ հարցի պատասխանն այս պահին չունեմ»:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ