Ինչ է խոստանում 2011 թվականը

Ինչ է խոստանում 2011 թվականը
Քաղաքական դաշտը դանդաղորեն մտնում է աշխատանքային հուն, թեեւ երեկ մեզ հետ զրուցած քաղաքական գործիչները դեռ արձակուրդային տրամադրության մեջ էին: Նոր տարին իշխանական վերնախավը դիմավորել է Ծաղկաձորում, որից հետո իշխանության ներկայացուցիչները մեկնել են տարբեր տաք երկրներ: Սերժ Սարգսյանը տոնական օրերն անցկացրել է Հայաստանում: Իսկ հունվարի 6-ին մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագի արարողությանը, որին ներկա չէին Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:



ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանն իրեն տեղեկացրել է, որ վատ է զգում, չի կարող գնալ Սուրբ ծննդյան պատարագին: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանի խոսքերով՝ Սուրբ ծնունդը վարչապետը դիմավորել է արտասահմանում, ուր, ըստ Անանյանի, մեկնել է բուժման նպատակով: Հիշեցնենք, որ վարչապետն այս տարի երկրորդ անգամ է առողջական խնդիրներ ունենում. ամռանն էլ նրան անսպասելի տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը Ամանորի օրերին մեկնել են Մարոկկո, սակայն այս անգամ Հովիկ Աբրահամյանը նրանց հետ չի եղել:



Ընդդիմությունը՝ մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը, Նոր տարին դիմավորել է Սարյանի արձանի մոտակա այգում՝ համախոհների հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը տարեմուտը դիմավորել է տանը՝ ընտանիքի հետ:



Ամանորյա տոնակատարություններից հազիվ ուշքի եկած քաղաքական գործիչները հետաքրքրված են, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են տեղի ունենալու երկրի քաղաքական դաշտում: Տարվա վերջին սկսված կադրային փոփոխությունները, ըստ լուրերի, շարունակվելու են հետտոնական շրջանում: Խոսք էր գնում որոշ նախարարների հնարավոր փոփոխության մասին: Շրջանառվում էին մոտ մեկ տասնյակ անուններ:



Կադրային հնարավոր փոփոխությունների առթիվ մեր հարցին երեկ նախագահականից հրաժարվեցին պատասխանել: Վարչապետին ուղղված մեր հարցին, թե կադրային ի՞նչ նոր փոփոխություններ են սպասվում առաջիկայում ՀՀ կառավարությունում, հնարավո՞ր են արդյոք նոր պաշտոնանկություններ եւ փոխատեղումներ, վարչապետի օգնական Արամ Անանյանը պատասխանեց. «Կադրային փոփոխություններն իրականացվում են ըստ անհրաժեշտության եւ նախապես չեն պլանավորվում»:



Կարելի է ենթադրել, որ դեկտեմբերի 30-ին գյուղնախարարի փոփոխությունը պայմանավորված էր գյուղմթերքների գները Ամանորի կապակցությամբ շուտափույթ իջեցնելու անհրաժեշտությամբ: Որոշ աղբյուրներ պնդում են, որ կառավարման ապարատից այս կամ այն պատճառով հեռացվելու են բոլոր այն նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր լուրջ խախտումներ են արձանագրել կամ վստահելի չեն: Իշխանական լծակներն ըստ այդմ կենտրոնանալու են մեկ ուժի ձեռքում եւ ծառայելու են միայն նրան՝ Հանրապետականին:



Ներքաղաքական կյանքում ուշագրավ մյուս իրադարձությունը փետրվարի կեսերին հրավիրվելիք ԲՀԿ համագումարն է, որտեղ «Բարգավաճ Հայաստանը» որոշելու է իր 2011-ի ռազմավարությունը: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը բացառեց, որ ԲՀԿ-ական նախարարների փոփոխության հարց քննարկվի համագումարի ընթացքում: