Թիմս որոշեց` հրաժարական տվեցի

Թիմս որոշեց` հրաժարական տվեցի
2010 թվականի վատ բնակլիմայական պայմաններն իրենց սեւ գործն արեցին, նախորդ տարվա վերջին օրերին պաշտոնանկ արվեց Գերասիմ Ալավերդյանը, որը ոլորտի անկումն ու ընդհանրապես գյուղմթերքի թանկացումը պայմանավորում էր եղանակային վատ պայմաններով: Երեկ՝ 2011 թվականի առաջին աշխատանքային օրը,  Տիգրան Սարգսյանը շտապել է գյուղնախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելու հապճեպ ՕԵԿ-ացված եւ դեկտեմբերի 31-ին նախարար նշանակված «Արտֆուդ» ընկերության խորհրդի նախագահ, տնօրեն Սերգո Կարապետյանին:



Իսկ նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը պաշտոնական արարողությունից հետո շտապել է տուն՝ ընտանեկան շրջապատում շարունակելու ամանորյա տոնակատարությունները: Նշենք, որ մինչ Սերգո Կարապետյանի թեկնածության վրա կանգ առնելը շրջանառվում էր թեկնածուների մի ամբողջ ցուցակ: Հավանական էր համարվում նաեւ ՕԵԿ անդամ Էդիկ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի թեկնածությունը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նույնպես ցուցակի հավանական անուններից էր: Իսկ թե ինչու կանգ առան Կարապետյանի վրա, ասում են՝ բավականին հետաքրքիր նախապատմություն ունի:



Մեր տեղեկություններով՝  «Արտֆուդի» սեփականատիրոջը լուրջ պաշտոնի նշանակելու միտքը Սերժ Սարգսյանը հղացել է հայրենի արտադրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ՝ Սերգո Կարապետյանի խոսքը լսելուց հետո: Հենց տեղում Սերժ Սարգսյանը անորոշ մի առաջարկ է արել, թե վերջինս կարող էր գործադիրում պաշտոն զբաղեցնել: Ինչին պրն Կարապետյանը շատ օպերատիվ արձագանքել է՝ մի քանի րոպեից մոտենալով եւ հայտարարելով, որ ինքը պատրաստ է պատասխանատու պաշտոն ստանձնել:



Ասում են՝ նրա խոսքը անակնկալ է եղել անգամ Սերժ Սարգսյանի համար, որն ակնհայտորեն այդ պահին ոչ թե կոնկրետ առաջարկ էր արել, այլ ընդամենը անորոշ տեսական հնարավորության մասին էր խոսել: Թե նորանշանակ նախարարի, ծագումով արտաշատցի, Հովիկ Աբրահամյանի մերձավոր Սերգեյ Կարապետյանի աշխատանքն ինչպիսին կլինի ու գյուղատնտեսության ոլորտում ինչ առաջընթաց կգրանցվի՝ դա կերեւա ապագայում, իսկ երեկ վարչապետը նրան ներկայացնելու արարողության ելույթը կառուցել է Գերասիմ Ալավերդյանի օրոք ոլորտում գրանցված բացասական արդյունքների վրա:



«2010 թվականի ցուցանիշները մեզ չգոհացրին, եւ դրանք էական ազդեցություն թողեցին հանրապետության բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա: Գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ բարձր անկումը բերեց բազմաթիվ բացասական հետեւանքների՝ գյուղմթերքների գների աննախադեպ տատանողականության աճ, գների բարձր մակարդակ: Այն ունեցավ բավականին լուրջ սոցիալական ազդեցություն մեր գյուղացիների կենսամակարդակի վրա: Միեւնույն ժամանակ, նախարարությունում շատ անելիք կա բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառույցների ձեւավորման տեսանկյունից: Այդ իսկ առումով, կարծում եմ, որ 2011 թվականին հաջողություններն առանձնապես անհրաժեշտ են  հենց գյուղատնտեսության ոլորտին»,- նախարարի  փոփոխությունն արդարացրել է  Տիգրան Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ նորանշանակն արագ կմտնի աշխատանքային հուն ու կարդարացնի հույսերը:



Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Տիգրան Սարգսյանի ելույթի առաջին հատվածին նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը, որը հիմա զբաղվում է կուսակցական գործունեությամբ: «Նորմալ է, իրականությունն է, տնտեսական անկում ունեցանք, դրա համար էլ ասում է, դա ճիշտ է»:



- Նոր նախարարի նշանակմանը ինչպե՞ս եք վերաբերվում:



- Որոշմանը շատ լավ եմ վերաբերվում, ոլորտից է, լավ էլ պատկերացնում ոլորտը: Եվ, որ ամենակարեւորն է՝ հիմա էլ ներկայացնում է քաղաքական թիմը:



- Պարոն Ալավերդյան, Դուք գյուղատնտեսության ոլորտի անկումը պայմանավորում էիք բնակլիմայական վատ պայմաններով, եթե եղանակը բարենպաստ լիներ, Ձեզ չէի՞ն պաշտոնազրկի:



- Ես ասացի, որ տարվա սկզբի քննարկման ժամանակ հանրապետության նախագահին ես խոստացել էի, որ եթե տնտեսական աճ չապահովեմ՝ 5 տոկոս, ես հրաժարական եմ տալու, ինչը տարվա վերջին չեղավ, եղավ 14,5 տոկոս անկում, ես էլ, որպես ոլորտի թիվ 1 պատասխանատու, նաեւ իմ մեղքի բաժինն եմ գտնում, դրա համար ես հրաժարական եմ տվել:



- Մինչ այդ ասում էիք, որ նման խոսակցություն, որոշում չկա, Ձեր հարցը չի քննարկվում:



- Ես միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ ես իմ կուսակցության զինվորն եմ: Կուսակցությունս որտեղ որոշեց, այնտեղ էլ լինելու եմ: Հաշվետվություն ներկայացրի կուսակցության քաղխորհրդում, որոշում ընդունվեց, հրաժարականս ներկայացրեցի, կուսակցության թիմս որոշեց ընդունել այդ հրաժարականը եւ ներկայացրեց ավելի փորձառու թեկնածուի: