Կարապետյանը սկսել է Բեգլարյանի կադրերի ջարդը

Կարապետյանը սկսել է Բեգլարյանի կադրերի ջարդը
Կարեն Կարապետյանի՝ քաղաքապետ կարգվելուց անցել է ընդամենը 22 օր, ներառյալ 10 տոնական հանգստյան օրերը: Սակայն հին ու նոր տարիների այդ անցումային հատվածում նա այնպես ամուր հաստատվեց, որ վճռեց 2011 թվականը սկսել կադրային «ցեղասպանությամբ», ինչը  իր ընտրության օրը՝ դեկտեմբերի 19-ին, եթե հիշում եք, խոստացել էր չանել: Լրագրողների հարցին` վարչական շրջանների ղեկավարների կամ քաղաքապետարանի ներսում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ, նա պատասխանել էր. «Կադրային ցեղասպանություն, ջարդ անելու ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ եւ պահանջներ կառավարիչների նկատմամբ:



Ովքեր որ այդ պահանջներին բավարարելու են, մնալու են, ովքեր չէ՝ գնալու են»:  Այս բանաձեւը առարկայական  դարձնելու համար նախ  պետք էր որոշ ժամանակ աշխատել ապագա ցեղասպանության «զոհերի» հետ, սակայն ընդամենը  տասը օր քաղաքապետ աշխատելով՝ Կարեն Կարապետյանը հասցրեց շատ արագ «կողմնորոշվել» ու սկսել կադրային զտումները:



ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐ ԹԱՂԱՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԵՑ



Եվ այսպես, հունվարի 11-ից կադրերի սեւ ցուցակը գլխավորել է  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը: Վերջինս այս պաշտոնին էր նշանակվել 2009 թվականին, երբ պաշտոնազրկվեց Ալբերտ Երիցյանը: Արաբկիրի ղեկավարի պաշտոնը նոր քաղաքապետը վստահել է մոնումենտցի Կյաժ Էդոյին՝ Էդուարդ Մուշեղյանին, որը, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է եւ բացի այդ՝ Հայաստանը տարիներ առաջ լքել է հարուցված քրեական գործերի ու կեղծարարությունների պատճառով:



Տարիներ առաջ էլ եղել է նախկին թաղապետերից մեկի՝ Հայկ Հովհաննիսյանի խորհրդատուն: Ի դեպ, Համլետ Մարգարյանը Բեգլարյանի մտերիմներից էր: Սակայն կուլիսներում խոսում են, որ այսքանով վարչական շրջանի ղեկավարների ջարդը չի սահմանափակվելու: Ըստ շրջանառվող լուրերի՝ պաշտոնանկվողների շարքում են նաեւ Նոր Նորքի եւ Կենտրոն համայնքի ղեկավարները, ինչը պայմանավորում են դարձյալ Բեգլարյանի մարդիկ լինելու հանգամանքով (Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը Բեգլարյանի ազգականն է, իսկ Գագիկ Գյանջումյանը տեղակալն էր, երբ Բեգլարյանը Կենտրոնի թաղապետն էր):



Հիմա տեղափոխվենք Երեւանի քաղաքապետարան, որտեղ Կարապետյանը  փոփոխությունները բավականին լուրջ պաշտոններից է սկսել: Ծիծեռնակը  Երեւանի ճարտարապետ կամ Երեւանի ճարտարապետության  «հայրն անիծած» Սամվել Դանիելյանն է: Սակայն ավելի ուշագրավ է նրան փոխարինողի ընտրությունը: Նոր ճարտարապետ է նշանակվելու Միքայել Հասրաթյանը, որը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մորաքրոջ տղան է, Երեւանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի թոռը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է եւ վերջին շրջանում զբաղվել է կառուցապատմամբ: Պաշտոնանկ է արվել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը, այս տեղի համար դեռ հարմար թեկնածու չեն գտել, թեեւ շրջանառվում է Արաբկիրի նախկին թաղապետի անունը:



Նոր պաշտոն է մոգոնվել փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի որդու համար: Վերջինս նշանակվելու է Երեւանի գլխավոր դիզայներ: Կարապետյանի կադրային փոփոխությունները կուլիսներում տարատեսակ վերլուծությունների տեղիք են տվել, ըստ որոնց՝ այս նշանակումները գալիս են հաստատելու, որ դժգոհություններ կային նախկին քաղաքապետի վարած կադրային քաղաքականությունից: Վերոնշյալ փոփոխությունների հավաստիությունը ճշտելու համար զանգահարեցինք քաղաքապետարան, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից առաջարկեցին զանգահարել Շուշան Սարդարյանին, որը «ՀայՌուսգազարդում» Կարեն Կարապետյանի երկարամյա մամուլի քարտուղարն էր եւ այժմ, փաստորեն, տեղափոխվել է քաղաքապետարան: Եվս մի փոփոխություն:



Վերջինս հաստատեց մեր տեղեկատվությունը միայն հեռացվածների մասով՝ շեշտելով, որ նրանք իրենց դիմումի համաձայն են ազատվել: Իսկ նոր նշանակումների վերաբերյալ  ասաց. «Այդ պաշտոնները համարվում են համայնքային ծառայողներ, եւ թափուր պաշտոններ առաջանալու դեպքում՝ կարող են զբաղեցնել ռեզերվում գտնվող, համապատասխան պահանջները բավարարող անձինք, եւ քանի որ ռեզերվը վարում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, քաղաքապետարանը դիմել է, եւ, ըստ գործող կարգի, յոթ աշխատանքային օրվա ընթացքում մենք կտեղեկացնենք արդյունքների մասին»: Սպասենք նոր կադրային տեղաշարժերի: