Գլխավոր դատախազը, կրակոցները եւ «Օջախի» «Օ» տառը

Գլխավոր դատախազը, կրակոցները եւ «Օջախի» «Օ» տառը
Նոր տարվա նախօրեի բուռն տոնախմբությունների ժամանակ հետաքրքիր միջադեպեր են տեղի ունեցել, որոնց մասին դրանց մասնակիցները պատմում են օրեր անց: «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած նման մի տոնախմբություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ուրիշներ, քեֆն այնքան է թեժացել, որ մասնակիցները դուրս են եկել բակ եւ քեֆն այնտեղ են շարունակել: Բակ են հանել նաեւ նվագողներին ու երգողներին: Ապա քեֆի թունդ պահին ոմանք հանել են զենքերը եւ սկսել են կրակել: Ինչ-որ մեկի մտքով անցել է որպես նշանակետ օգտագործել «Օջախի» «Օ» տառը, որը հավանաբար իր կլորությամբ մարդու գլխի են նմանեցրել: Հրազենային կրակոցներն այնպես են վախեցրել երիտասարդ երգչուհուն, որ նա քիչ է մնացել ուշագնաց լինի. նա երգելիս է եղել այդ «Օ»-ից մի քանի մետրի վրա, եւ նրան ստիպել են ողջ ընթացքում շարունակել երգելը: Երաժիշտները հատկապես ապշել են, որ այդ ամենը տեղի է ունենում հենց գլխավոր դատախազի աչքի առաջ: