Թիմով ֆուտբոլ են խաղում

Թիմով ֆուտբոլ են խաղում
Անցած տարին ավարտվեց եւ նորը սկսվեց կադրային փոփոխությունների աժիոտաժի մեջ: Ինչքան փոփոխություններն էին, տասն այդքան՝ փոփոխությունների մասին խոսակցություններն ու կեղծ լուրերը: Ինչ-որ պահի սկսում ես մտածել, որ աշխատելու անվան տակ մեր ժողովուրդն ու որոշ պաշտոնյաներ հասկանում են միայն ոմանց աշխատանքից ազատելը, մյուսներին՝ ընդունելը: Ընդ որում, հիմնականում նորերը հներից լավը չեն լինում, եթե չասենք, որպես կանոն, վատն են լինում: Ժողովուրդը լավ խոսք ունի՝ սրանք արդեն կշտացել են, ասում են երկար ժամանակ պաշտոն զբաղեցրած անձանց մասին: Իսկ նորերը դեռ պետք է կշտանան, դեռ պետք է իրենց ցույց տան: Եվ ոչ մի երաշխիք չկա, որ սրանք ավելի բանիմաց ու աշխատասեր կլինեն, ավելի պարկեշտ ու անվնաս: Այնպես որ, կադրերի փոփոխությունը միշտ չէ, որ պետք է ողջունել եւ այդ փոփոխություններից պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել: Եվ մի բան էլ պարզ չէ. ինչ է նշանակում թիմային աշխատանք: Երբ տարբեր օրենքների ու նորմատիվ ակտերի միջոցով փորձում են մարդուն առավել պաշտպանված դարձնել՝ «պետական ու համայնքային ծառայող» հասկացությունն են մտցնում: Վերջապես, Աշխատանքային օրենսգիրք գոյություն ունի, որի պարագայում մարդուն հենց այնպես հանել եւ փողոց շպրտել չի կարելի, անգամ եթե մարդը հայեցողական պաշտոն է զբաղեցնում եւ այդ «թիմ» կոչվող համակարգի մասնիկը չէ: Ի վերջո, ի՞նչ է թիմը, եթե ոչ լավ աշխատող մարդկանց խումբ, որոնց պետք է միավորի ոչ թե այն, որ մի բակում խաղացել են, մի նստարանի նստել կամ նույն ազգանունն ունեն, այլ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը եւ մասնագիտական որակները: Եթե մարդն իր պարտականությունները լավ է կատարում, ապա ինչո՞վ է նա խանգարում իր վերադասին եւ ո՞րն է նրան մեկ ուրիշով փոխարինելու իմաստը: