Նոր նապադե՞պ Արցախի անկախության ճանաչման համար

Նոր նապադե՞պ Արցախի անկախության ճանաչման համար
Նկատի ունենալով Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը, արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը գտնում է, որ ընդհանրապես աշխարհում այնպիսի պրոցեսներ են տեղի ունենում, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ։ «Մենք միշտ նշում ենք, որ Կոսովոյի անկախության նախադեպով ազգերի ինքնորոշման խնդրում աշխարհում նոր փուլ է սկսվել,- ասաց Դ. Բաբայանը։- Եվ Հարավային Սուդանը դրա եւս մի օրինակն է»։



Քաղաքագետը գտնում է, որ շարունակ խեղաթյուրում են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Կամ զուգահեռներ են անցկացնում դրանց միջեւ, կամ փորձում այդ սկզբունքները հակադրել իրար։ Մինչդեռ, Դավիթ Բաբայանի կարծիքով, դրանք գտնվում են միանգամայն տարբեր հարթություններում։ Տարածքային ամբողջականությունը ենթադրում է փոխհարաբերություններ պետությունների միջեւ, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառվում է կոնկրետ տարածքում, առանց հարեւան պետությունների տարածքների հետ որեւէ առնչության։



Դ. Բաբայանի կարծիքով, նույն Ադրբեջանը, որ ամեն կերպ անտեսում է արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը եւ շարունակ շեփորում իր տարածքային ամբողջականությունը, շարունակում է համագործակցել չճանաչված երկրների հետ։ «2009 թվականից Ադրբեջանն ավելի քան 500 անգամ մեծացրել է ապրանքափոխանակությունը չճանաչված Թայվանի Հանրապետության հետ,- հավելեց քաղաքագետը։- Այն փաստը, որ Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը պաշտպանում են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, վկայում է, որ իրոք նոր շարժեր են կատարվում ժամանակակից աշխարհում, այդ գերտերություններն ընդունում են ազգերի ինքնորոշման իրավունքը։ Իսկ դա նշանակում է, որ մեր իրավական դիրքերը սկսված այդ գործընթացում ավելի կամրապնդվեն»։



Ղարաբաղցի իրավապաշտպան Ալբերտ Ոսկանյանի կարծիքով՝ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով ու անկախության հռչակմամբ վերջ կդրվի Սուդանի մահմեդական հյուսիսի եւ առավելապես քրիստոնեական դավանությամբ հարավային մասի միջեւ 20-ամյա արյունահեղ պատերազմին։ «Ուրախալի է այն փաստը, որ ե՛ւ Սուդանի իշխանությունները, ե՛ւ միջազգային հանրությունը միակամ են այն հարցում, որ հանրաքվեն պիտի անցնի քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձեւով՝ անկախ վիճելի հարցերից ու փոխադարձ անվստահությունից»,- ասաց իրավապաշտպանը։



Ի պատասխան այն հարցին, թե Հարավային Սուդանը կարո՞ղ է նախադեպ դառնալ Արցախի համար, Ա. Ոսկանյանն ասաց, որ, իհարկե, միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտների կիրառումն ակնհայտ է, բայց Հաագայի միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ եւ Սուդանի հանրաքվեն վկայում են, որ երկու դեպքում էլ ազգամիջյան վեճերը լուծվում են քաղաքակիրթ ձեւով, ու միջազգային հանրությունը երկու դեպքում էլ նախապատվությունը տալիս է ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը, արցախցի իրավապաշտպանի կարծիքով, եւս մի նոր ազդակ է Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությանը հասկացնելու, որ հակամարտությունը միայն ու միայն լուծվում է խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով։