Ժամանակն է Ձմեռ պապի գործը փոխել

Ժամանակն է Ձմեռ պապի գործը փոխել
Որքան էլ նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթն արդեն սկսվել է, Հանրապետության հրապարակում Ձմեռ պապերը, ձիերով կառքերը, փուչիկներն ու գլխավոր տոնածառը դեռ զգացնել են տալիս տոնական տրամադրությունը: Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանից՝ տոնական միջոցառումների շարքը տոնական տրամադրության հետ Հանրապետության հրապարակում կավարտվի հունվարի 13-ին, իսկ 14-ին կհանվի նաեւ գլխավոր տոնածառը: Հրապարակի Ձմեռ պապերն ու Ձյունանուշները, ճիշտ է, տեղյակ չէին քաղաքապետարանի որոշումից, բայց իրենք էլ պատրաստվում էին մինչեւ վաղն աշխատել:



Ինչպես նշեցին նրանցից շատերը՝ առաջին աշխատանքային շաբաթն արդեն իրեն զգացնել է տալիս. նվազել է հրապարակ այցելողների թիվը, հունվարի 10-ից էլ սկսած՝ երկու անգամ պակասել են Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ նկարվել ցանկացողները: Սակայն, որքան էլ զարմանալի է, նրանց կարելի է տեսնել նույնիսկ գիշերով, ավելի ստույգ՝ ժամը 2-ին, գլխավոր հրապարակում՝ «նվերներով» պարկերը ձեռքներին, երբ, հասկանալիորեն, «թոռնիկների» հետք անգամ չի նշմարվում: 100 դրամով փուչիկներ վաճառող պապիկն էլ նշեց, որ եթե տոնական օրերին օրը 40-50 փուչիկ էր վաճառում, ապա այսօր դեռ ոչ մի հատ չի վաճառել: Նրա խոսքերով՝ անցած տարվա համեմատ այս տարի, կարելի է ասել՝ «գործ չեղավ», պատճառը մեկն է՝ մարդիկ փող չունեն: Ու եթե ձիերով կառք նստելու համար անցած տարի մարդիկ հերթ էին կանգնում, այս տարի ամանորյա կառքերը կիսադատարկ էին շրջում:



Ձմեռ պապի շորեր հագած փոքրիկ կապիկի գործերն էլ այս օրերին լավ չէին, լուսանկարվել ցանկացողները քիչ են, կարելի է ասել՝ ընդհանրապես չկան,- տեղեկացրեց արդեն ոչ թե կապիկը, այլ կապիկի տերը:  Լուսանկարիչներն էլ անգործ անցուդարձ էին անում, հրապարակ եկողների մեծ մասը իրենց լուսանկարչական ապարատներով էին ու նրանց ծառայության կարիքը չէին զգում:



Առավոտյան ժամը 11:00-ից մինչեւ երեկոյան 23:00-ն աշխատող Ձմեռ պապերը նշեցին, որ այս օրերին հիմնականում անցորդներն են հրապարակում շրջում: Իսկ լուսանկարվելու համար էլ երբեմն արդեն առանց գումար են նկարվում՝ «սիմպատիայի հարց է», ինչից օգտվեցի վերջում նաեւ ես ու լուսանկարվեցի ոչ թե մեկ, այլ երկու Ձմեռ պապի հետ: