Կգրավեն` կուրախանան

Կգրավեն` կուրախանան
Հակոբյան Գագոն մոտ տասը տարի է, ինչ նվագելով է վաստակում իր հանապազօրյա հացն ու օղին: Նրա երաժշտությունը կարելի է լսել Հյուսիսային պողոտայում, անցումների տակ, երբեմն՝ նաեւ Սարյան պուրակում: Երկար մազ-մորուքով, սեւ ակնոցով, ռոքի «աստվածացված» գերաստղերի հագուստների տիպի շորերով Գագոն քաղաքում թրեւ եկող հետաքրքիր արտաքինով կերպարներից է: Անժամանակ ծերացած հիպիի արտաքինով Գագոն նաեւ հետաքրքիր զրուցակից դուրս եկավ: Վերնիսաժի անցումում մոտեցա նրան ու թեեւ աշխատանքից կտրում էի ու ֆինանսական վնաս հասցնում,  Գագոն չմերժեց հարցազրույց վերցնելու իմ առաջարկը:



Ինչպես շատ «արվեստագետներ», այնպես էլ ինձ պատահած անօթեւաններից շատերը «առաքյալի» սինդրոմով են տառապում, բայց, ի տարբերություն անօթեւանների, «արվեստագետները» ճշմարտությունը լայն մասսաներին հասցնելու իրենց ճանապարհին ահագին հարստություն են դիզել, իրենց «առաքելությունը» բիզնեսի են վերածել: Անօթեւանների համար իրենց «առաքյալ» լինելը նաեւ պաշտպանական մեխանիզմ է, բայց, հաշվի առնելով այն, որ մեր հասարակության մեջ հավատ, արժեքներ, գաղափարներ ունեցող մարդը շատ արագ կարող է բոմժանալ կամ հասարակության ու պետական այրերի աչքում բոմժ երեւալ, անօթեւանների «առաքյալ» երեւալու գիտակցված կամ չգիտակցված ցանկությունը անհոգի պետությանն ու հասարակությանը հակադրվելու ձեւ է: Գագոյի մեջ էլ «առաքյալ»-ական մի բան կա, բայց նրա մեջ բացակայում է մոլեռանդությունը:



Գագոն իր ասելիքն ասում է՝ ուզում ես հավատա, ուզում ես՝ չէ: Նա չկառչեց վզիցս ու չփորձեց համոզել, «դարձի բերել»: Սովետական անհավատ երկրում արվեստի շատ աշխատանքներ ստեղծվեցին, որոնց հիմքում ընկած էր այդ անհավատությանը՝ հավատ, սովետական գաղափարախոսությանը այլ՝ ասենք, ազգայնական գաղափարախոսություն հակադրելը: Հայաստանում նույնիսկ «Առաքյալներ» անունով երաժշտական խումբ էր գործում, որի երգերում այն ժամանակվա համար, մեղմ ասած, չխրախուսվող թեմաներ էին շոշափվում:



Այսօրվա մտածող մարդու «առաքելությունը» թերեւս քաղաքացիական հասարակության կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարն է, բայց շատերը մնացել են սովետական «առաքյալների» գծի վրա: Մի մասը դրանով բիզնես է անում, ինչպես, օրինակ, Ռուբեն Գեւորգյանցը, մի մասն էլ անընդունակ է եղել ժամանակի հետ փոխվել: Թերեւս մեր նորանկախ հանրապետությունը պակաս անհոգի չէ, քան սովետը, դեռ մի բան էլ ավելի, որովհետեւ սովետում գոնե հավասարություն եւ այդ հավասարությունից բխող արդարություն կար:



Գագոն այնպիսի մարդու տպավորություն թողեց, որ սովետական «առաքյալների ճշմարտություններից» հիասթափվել է, իսկ նորը նրան հետաքրքիր չէ, որովհետեւ նրա ազատությունը բոմժի ազատություն է, եւ նա խնդիր չունի իշխանության հետ: Քաղաքականության հետ նա հույսեր չի կապում, որովհետեւ՝ «Հիսուսին Մուհամեդով կամ Մուհամեդին Հիսուսով փոխարինելով», ոչինչ չի փոխվի «ծակ գիտությամբ» կառուցված աշխարհում: Պոլիտեխնիկն ավարտած, ֆիզիկայի օրենքներն ուսումնասիրած Գագոն ոչ գիտությանն է հավատում, ոչ Աստծուն:



Միգուցե Գագոն այս ծուռ աշխարհը դզելու մի հնար գիտեր, Հիսուսի ու Մուհամեդի, Նյուտոնի ու Էնշտեյնի  փոխարեն ինչ-որ բան ուներ առաջարկելու, բայց մեր զրույցի ժամանակ չհասցրինք դրա մասին խոսել: Եթե հանդիպեք նրան Երեւանի փողոցներում, մի բաժակ արաղի փող տվեք, ու միգուցե նա ասի:



- Դուք երաժշտական կրթություն ունե՞ք:



- Ինժեներ եմ: Մետրոշինարար եմ: Հանքային ինժեներ-շինարար եմ: Ուղղակի, որ աշխատանք չկար, տանն էլ գիթառ կար, ուզած-չուզած՝ սովորեցի: Պարապությունից, էլի: Մի քիչ ջղայնացրել էին ճիշտն ասած: Ես, բացի պետական աշխատանքներից, իմ համար վիդեոստուդիա էի բացել: Կաբելային ստուդիա էր ու վիդեոբար: Հետո պետությունը մի կողմից նալոգներ դրեց, թաղի խուլիգանները՝ մյուս կողմից: Ըտենց անտերության մատնեցի, մինչեւ հիմա քանդվում ա էդ շենքը: Ես էլ սենց՝ օրվա հացի փող, մի շիշ արաղի փող՝ երաժշտությամբ:



- Իսկ տուն կամ մշտական բնակության կացարան ունե՞ք:



- Կա: Իմ հորական տունն ա: Իմ տները չթողեցին, էլի, սարքրտեի: Էդ վիդեոկոոպերատիվը, որ ասում եմ, առանձին շենք ա՝ վեցուկեսը տասներկուսուկեսի վրա. առանց պատերի դատարկ զալ ա: Տենց՝ բար ա: Գա մասսան, նստի-խմի: Էդ որ վիդեոստուդիայիս կպան, ես ստիպված ընտանիքիս հանեցի արտասահման: Հիմա երեխեքս Չեխիայում են: Սրանից երեք ամիս առաջ եկել էին:



- Այսինքն կապ պահպանում եք ընտանիքի հետ:



- Դե, ապե, իրանք ութ-ինը տարեկան երեխեք էին: Դե, օտարության մեջ... Չնայած կրթություն ստացել են: Էն անգամ որ եկել էին, ինձ ասում ա՝ ուզում եմ քեզ տանեմ: Ասում եմ՝ դու իմ վրա փող ծախսելու մասին մոռացի: Ոչ սրանք ինձ բաց կթողեն, ոչ էլ նրանք կընդունեն: Միլիոն էլ ծախսես, ինձ Հայաստանից դուրս չեն թողա: Ես էնքան բան գիտեմ, որ... Ասում եմ՝ ավելի լավ ա ստեղ մի հատ տուն առ, հետո կամաց-կամաց կսարքես, էլի: Կյանք ա, էլի՝ ապրի, մի ձեւ ապրի:



- Ե՞րբ եք սկսել երգեր գրել:



- 2000 թվին: Մի անգամ գրեցի, ապե, ես մի ալբոմ գրեցի՝ 13 երգ, ու վերջ: Մի ալբոմում ամեն ինչը ասում եմ: Նույնը կրկնեմ` ինչի՞ համար. իմաստ չունի:



- Այսինքն էդ ալբոմը թողարկել եք:



- Չէ, իմ համար: Հմի տունը, որ ամեն ինչից նադայել եմ լինում, իմ կասետն եմ դնում, լսում եմ: Արդեն երգերի մեծ մասի բառերը մոռացել էլ եմ: Սենց բառեր էլ կա իմ երգերի մեջ, ասում ա՝



Անգրագետ նախիր կրոնական,

Եվ ինչ-որ բարքեր բութ-գիտական,

Էշի պետություն,

Մի խոսքով՝ արդյունք ծակ գիտության:

Նորից կարկատեք ձեր սրբերին,

Էնշտեյններին ու նյուտոններին,

Ու ձեր ստերով, կեղծ օրենքներով

Ինձ մի խաբեք:

Փրկության համար ինձ չդիմեք,

Այդ հարցով ձեր աստծուն մոտեցեք,

Նախիր է ծնել, նա խաչուլուսնի

Գոմիկների, կռուժավայով եկեղեցի շարողների:




Ոնց է՞ր: Սենց խուլիգան-մուլիգան բաներ եմ երգում:



- Սովետական ժամանակ հիպպիական շարժմանը համակրե՞լ եք:



- Հա՜, էն վախտ նվագում էի, բայց իմ ուզածը չէի նվագում: Ձեծկի ստիլ էր, էլի: Բոնի-էմ, բան՝ գիտես էլի: Դրանք էի նվագում, էն էլ իրանց ռիթմերով: Հիմա ես սաղի ռիթմերը ձեւափոխում եմ: Բերում եմ էն ռիթմին, ինչ որ պետք ա, էլի: Հյուսիսային պողոտայում որ նվագում եմ, կոդլը հավքվում-կանգնում ա, մի 30-40 րոպե լսում ա: (կարճ դադարից հետո) Մեզ եվրեյը ճամփա չի տալիս: Սաղ աշխարհը, համենայնդեպս էս թաղերը եվրեյի տակ կզած են: Սրանք էլ մի քիչ ծախու ժողովուրդ են, էլի, հայը գիտես ով ա: Արա, ասում եմ՝ քո հետեւից գալացող ժողովրդին դու երկնային հացի հույսին ե՞ս թողում: Բա որ չինացիք էլ գերեզման ու եկեղեցի շարեին, հարյուր տարին մեկ մի միլիարդ 300 միլիոն գերեզման պիտի շարեին: Էդքան շինանյութը, էդքան տեխնիկան, էդքան աշխատուժը, էդքան հողը... Էգուց-մյուս օրը թոռներն ի՞նչ են ուտելու: Երկնային հա՞ց: Այլմոլորակային Քրիստոսն ու Մուհամեդը մոլորակս գրավում ե՞ն:  (քրքջում է) Կգրավեն՝ կուրախանան: