Ձմեռային փառատոնն ավարտվեց

Ձմեռային փառատոնն ավարտվեց
Երեկ Սիրահարների այգու «Աչաջուր» սրճարանում տեղի ունեցավ «Ձմեռային փառատոն Հայաստան 2010»-ի փակման ասուլիսը: Արդեն 4 տարի է, ինչ Երեւանում անցկացվում է ձմեռային փառատոնը: Միջոցառման կազմակերպիչներից մեկի՝ «Կանաչաստան» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Նիզիբլյանի խոսքերով՝ այս տարի փառատոնը մեծ արձագանք է ունեցել, իսկ մասնակիցների թիվն էլ կազմել է 6 հազար 500 հոգի:



Փառատոնը մեկնարկել էր 2010թ. դեկտեմբերի 25-ին՝ տոնական շքերթով, եւ ավարտվել 2011թ. հունվարի 5-ին: Ինչպես նշեց Րաֆֆի Նիզիբլյանը, այս տարի բացօթյա միջոցառումների շարքն ընդլայնվեց եւ հագեցավ նոր կերպարներով, մասնավորապես վեր հանվեց Կաղանդ պապի կերպարը, որը փառատոնի օրերին ներկա էր բոլոր միջոցառումներին:



Փառատոնի շրջանակներում Սիրահարների այգում տեղի ունեցան 5 օր տեւողությամբ «Երաժշտական օրեր» խորագրով համերգ, մանկապատանեկան տարբեր բացօթյա խաղեր: Կանանց ռեսուրսային կենտրոնի մասնակցությամբ անցկացվեց ձմեռային տոնավաճառ: Սիրահարների այգում կազմակերպվեցին նաեւ հեքիաթասացության ժամեր: Ի դեպ, այս տարի այգում անցկացվող բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել:



Փառատոնի ընթացքում կազմակերպվել է նաեւ բնապահպանական տոնածառների ցուցահանդես-մրցույթ, որին այս տարի մասնակցել էր 14 կազմակերպություն՝ 22 տոնածառներով, հաղթող ճանաչված երկու տոնածառներից մեկի հեղինակը «Այ Դի Էս» ընկերության երիտասարդ տնօրեն Սարո Իսկենյանի տոնածառն էր, որը պատրաստված էր համակարգիչների ստեղնաշարերից եւ մկնիկներից. «Ստեղնաշարերը կանաչ գույնով էինք ներկել, մկնիկները՝ կարմիր, վերեւն էլ մի փոքրիկ օդափոխիչ էինք դրել՝ ոսկեգույնով ներկած: Քանի որ մրցույթը բնապահպանական նշանակություն ուներ, դրա համար վերցրեցինք մեզ համար անպետք համարվող իրեր, որոնք մարդիկ, որպես թափոններ, աղբարկղ են նետում»:



Փառատոնի ընթացքում տոնածառներ էին պատրաստվել նաեւ վիդեոկասետներից, շշերից եւ այլ անպետք իրերից: Կաղանդ պապի մասին «մասնագիտական հեքիաթ» անվանակարգի հաղթող Նաիրա Եդիգարյանն էլ հեքիաթ էր գրել Կաղանդ պապի ու իր 12 խլվլիկների արկածների մասին: Քանի որ անվանակարգը մասնագիտական էր, ու Նաիրան էլ՝ մասնագետ, վերջինս նշեց, որ հեքիաթը գրելու հարցում չի դժվարացել, որովհետեւ առաջին անգամ չէ: Իսկ «սիրողական հեքիաթ» անվանակարգի հաղթողը 82 տարեկան մի տատիկ էր, ով առողջական խնդիրների պատճառով չէր եկել, բայց ում տարիքը լսելով՝ ներկաներն էլ ավելի ուժեղ ծափահարեցին: Ասուլիսի ընթացքում Րաֆֆի Նիզիբլյանը ու Կաղանդ պապը հաղթողներին մրցանակներով ու վկայականներով պարգեւատրեցին:



Ասուլիսին ներկա Կաղանդ պապի խոսքերով՝ ամենահիշվող պահը ամենածիծաղելի պահերն են եղել, իսկ իրեն ում հետ ասես չեն շփոթել, անգամ Մեշոկ պապիի տեղն են դրել. «Մի մեծահասակ մարդ մոտեցավ, երկար նայեց-նայեց ինձ: Երբ ասեցի՝ հը, ճանաչեցի՞ր, ասեց՝ ո՞նց չէ՝ Քաջ Նազարն ես: Իսկ մի օրիորդ էլ, ինձ տեսնելուն պես, լուրջ տոնով կանչեց՝ վա՜յ, էս Դուք ե՞ք, Ծաղկակաղամբ պապի»: Նա վստահ էր, որ մի երկու տարի հետո մեր ավանդական Կաղանդ պապին արդեն շատերը կճանաչեն ու չեն շփոթի ոչ մեկի հետ: Ամենադժվարն իր գործում նա համարեց անկեղծության ու երեխաներին համոզելու պահը, իսկ ամենահաճելին՝ դե, իհարկե՝ մանուկների փայլող աչքերը:



Այս տարի փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել նաեւ լսելու Կաղանդ պապի մասին ստեղծված հեքիաթը, որի գիրքը միջոցառումների, ինչպես նաեւ ասուլիսի ժամանակ նվիրվեց մասնակիցներին եւ ներկաներին: