Վերջապես պաշտոն ստացավ

Վերջապես պաշտոն ստացավ
Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ զինդատախազ է նշանակել իր օգնական, արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Կոստանյանին՝ Արմեն Խաչատուրյանին ազատելով զինդատախազի պաշտոնից:  Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանի որդին 2008 թ. փետրվարին նշանակվել է Սերժ Սարգսյանի օգնական: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է: Ժամանակին եղել է արդարադատության նախարարության  աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ապա՝ նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականը: 2004թ.-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2008թ.-ից նաեւ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահն է: Հիշեցնենք, որ նրա անունը շրջանառվում էր արդարադատության նախարարի հավանական թեկնածուների շարքում: Նախագահական ապարատից դատական համակարգին իջեցվող պատվերները վերջին տարիներին փոխանցվել են նրա միջոցով:  Թեեւ նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ ծառայել է ՀՀ զինված ուժերում (առանց տարեթիվը նշելու), սակայն երեկ լուրեր էին շրջում, որ նորանշանակ զինդատախազը բանակ չի գնացել: Սակայն դա մեզանում չի կարող խոչընդոտ լինել բանակում կատարված հանցագործությունները քննող գերատեսչությունը ղեկավարելու համար: