Արդար լինենք
Մենք՝ լրագրողներս, շարունակ դժգոհում ենք մեր «բախտից», տրտնջում ենք, որ լրագրողների համար դժվար է մեր երկրում աշխատելը. մեզ ճնշում են, մենք ցածր ենք վաստակում, հասարակությունը չի սիրում կարդալ եւ ընդհանրապես՝ չի սիրում լրագրողներին ու լրատվամիջոցներին, իսկ իշխանությունն ու պաշտոնյաներն ամեն ինչ անում են մեզ, որպես տեսակ, վերացնելու համար: Բայց եկեք մտածենք, թե ինչքան ավելի բարդ է քաղաքական գործիչների կյանքը. նրանց ոչ միայն չեն սիրում, այլեւ գրեթե ատում են: Նրանք ստիպված են լարախաղացի նման մանյովրել, որ մնան ջրի երեսին: Նրանք պետք է հաճոյանան ու քծնեն, խաբեն ու դատարկախոսեն: Շարքային կուսակցականները պետք է սողան կուսակցապետերի, կուսակցապետերը՝ իշխանությունների առաջ, ընտրությունների ժամանակ ծառայեն, գնան զիջումների ու տարբեր ալյանսների: Ընտրությունների արանքում պետք է չկորցնեն նրանց վստահությունը, ումից կախված է իրենց վերընտրվելը: Նաեւ պետք է ամեն ինչ անեն, որ թերթերի էջերում ընդհանրապես չհայտնվեն, իսկ էկրաններին միայն դրական լույսի ներքո հայտնվեն: Պետք է զգուշանան, որ սխալ ու հիմար բաներ չասեն: Վնասակար ու վտանգավոր քայլեր չանեն: Կարեւոր մարդկանց ոտքը չպետք է տրորեն ու նրանց մերձավորներին չպետք է վնասեն: Մի խոսքով՝ քաղաքական դաշտում մնալու համար մեծ, շատ մեծ դիվանագիտություն եւ գիտելիքներ են անհրաժեշտ, որոնք ոչ մի կրթական հաստատություն չի տալիս, ոչ մի ընտանիք չի սերմանում, գեներով չեն փոխանցվում, գրքերից հնարավոր չէ սերտել, կինոներում հնարավոր չէ տեսնել: Այնպես որ, մեր քաղաքական դաշտում երկար տարիներ գոյատեւողներին կարելի է հերոսի կոչում շնորհել, մեդալ տալ եւ որպես ամենադիմացկուն, ամենաճկուն եւ ամենահարմարվող տեսակների՝ գրանցել Գինեսի գրքի մեջ:
Կարծիքներ