Կոզեռնցիներին խոստացավ հատուցել բնակարանով

Կոզեռնցիներին խոստացավ հատուցել բնակարանով
Կառավարության այս տարվա անդրանիկ ցուցարար հյուրերն էին Կոզեռն թաղամասի բնակիչները: Դեռեւս 2004 թվականից Պռոշյան 1 փողոցի որոշ տարածքներ ճանաչվել էին հանրային գերակա շահ: Կառուցապատումը սկսելու վերջնական ծանուցումը բնակիչները ստացել են նախօրեին: Իսկ փոխհատուցումներ՝ 1 քմ-ի դիմաց մոտ 320 դոլարին համարժեք դրամ, առաջարկվել է դեռ տարեվերջին: Կառուցապատումն իրականացնում է «Լոկալ դիվելոփմենթ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին: Այս առաջարկը չի գոհացնում բնակիչներին: Նրանք պահանջում են բնակարան տեղում կառուցվող էլիտար շենքերից:



«Կոզեռն թաղամասը պետք չէ համեմատել մյուսների հետ, մենք մեր պահանջի տերն ենք եւ թույլ չենք տա մեզ վռնդեն իրենց պահանջներով, ինչպես վարվել են մյուսների հետ»,-մեզ հետ զրույցում վստահեցրեց բնակիչներից մեկը: Բողոքողներից Անահիտ Քարդաշյանն էլ լրացրեց. «Մենք մեր պահանջի տերն ենք, մինչեւ վերջ կպայքարենք՝ մերը ստանալու համար: Մենք կհամաձայնենք միայն այն դեպքում, երբ մեզ մեր բնակարանների տեղում տրամադրեն բնակարաններ, ոչ թե Կենտրոնից հանեն ու նետեն ծայրամասեր»:



Հանրային գերակա շահի զոհերից Լիլիթ Պետրոսյանը, որն ունի ընդամենը մեկ սենյականոց բնակարան, բայց չորս անդամից բաղկացած ընտանիք, նախատեսված հաշվարկով ստանալու է 4 միլիոն դրամ, որով ի վիճակի չեն անգամ հեռավոր տեղում հանրակացարան գնել: Մի խոսքով՝  վստահեցնում են, որ միահամուռ պայքարելու են, նույնիսկ  գումարի ավելացման դեպքում էլ իրենց պահանջը չի փոխվելու:  Ձմռան սառնամանիքին կոզեռնցիները պահանջատիրական բովանդակությամբ պաստառներով սպասեցին այնքան, մինչեւ քաղաքապետը դուրս եկավ շենքից, ու նրան կալմեջ արեցին:



Միտինգավորների օղակից դուրս պրծնելու նրա ջանքերը անհաջողության մատնվեցին, այդ պատճառով ստիպված  մի քանի րոպե կանգ առավ՝ իբր լսելու բնակիչների դժգոհությունը:  Խոստացավ պատասխանել խնդիրն ընկալելուց հետո: Նրա գալ-գնալուց ու խոստումից ոչինչ չհասկացվեց, պարզ էր, որ անկապ բառեր մթնոլորտ նետելով՝ փորձում էր ազատվել համաքաղաքացիների ցասումանալի հարցադրումներից:  Կարապետյանի գնալուց հետո տարածքը լքեցին նաեւ միտինգավորները: Դեպքից քիչ անց կոզեռնցիներին վտարող Սամվել Մայրապետյանին հանդիպեցինք կառավարության շենքի մոտ՝ Մելիք Ադամյանի կողմից:



Նա եկել էր մասնակցելու վարչապետի կազմակերպած ընդունելությանը՝ որպես Հ2 հեռուստաընկերության սեփականատեր: Մայրապետյանը  մեզանից բնակիչների պահանջը լսելուց հետո անվրդով ասաց. «Բայց ո՞վ ա ասել, որ պտի գումար վերցնեն, կարող ա  բնակարանային կոմպենսացիա ուզեն նույն տեղում, մենք էլ կառուցենք, տանք»: Մեր հարցին, որ եթե իր բնակարանը գնահատվել է 4 միլիոն դրամ, կտրամադրե՞ն իրեն նույնչափ  բնակմակերեսով էլիտար մեկսենյականոց, պատասխանեց. «Երբ որ մենք խոսում ենք գումարից, դա շատ հարաբերական է: Պետք է չափենք քմ-ով: Մեկն ունի 100 քմ հնամաշ շինություն, ես տեղը տամ նորը, մի քիչ էլ ավել, հիմա դա լա՞վ կոմպենսացիա է, թե՞ ոչ»,-մանրամասնեց կառուցապատողը՝ հավելելով, թե այդ առաջարկն իրենք պետք է անեն, ոչ թե ինքը:



«Ըստ օրենքի՝ ես իրավունք չունեմ ասեմ՝ ես ձեզ կտամ տուն: Ես պտի անեմ գնային առաջարկ, օրենքն էդպիսին ա: Իրանց տները ցածրարժեք տներ են, տուն չեն, հիմա տեղը պատրաստ ենք նորը տանք, լա՞վ բան ա: Մարդն ինչքան որ ունի, պտի ստանա բարվոք վիճակում նորակառույց շենքում: Տեղում են ուզում՝ կտանք»,-խոստացավ Մայրապետյանը՝ ուսերը վեր ձգելով, կարծես զարմանալով՝ ինչո՞ւ են նախապես ապագա օտարվողները իրենց վտարված ու զրկված զգում: