Քաղաքակիրթ կողոպուտ

Քաղաքակիրթ կողոպուտ
Պարզվում է՝ մեր ճանապարհային ոստիկաններն այնքան հնարամիտ են, որ համակարգում կատարված փոփոխություններից, որոնք իբր ուղղված են վերջիններիս աշխատանքի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, այնքան էլ չեն նեղվում: Իրենց հնարամտության շնորհիվ այլեւս ստիպված չեն ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդների հետ  լեզու գտնել եւ «արատավորել» ՃՈ անունը:



Նրանք հնարը գտել են. բազմաթիվ տեսուչներ խախտումն արձանագրում են ոչ թե իրական, այլ պատճենահանված կտրոնների վրա` ցույց տալով, թե իբր կատարում են օրենքի տառը: Այդ կտրոններով գանձված գումարները, բնականաբար, չեն մուտքագրվում գանձարան, այլ գնում են հնարամիտ ոստիկանների գրպանը: Կեղծ կտրոն ստացած վարորդը չցանկացավ ներկայանալ, քանի որ, իր խոսքով, «ցանկացած պարագայում էլ ինքը վճարում է՝ իր համար մեկ է», նշելով, սակայն, որ ոչինչ չի բարեփոխվել, այլ «գայիշնիկները» սկսել են առավել «քաղաքակիրթ» կողոպտել ինչպես վարորդներին, այնպես էլ պետությանը: