Ետնամուտքից` միայն նախարարները

Ետնամուտքից` միայն նախարարները
Չի բացառվում, որ առաջիկայում կառավարական 3-րդ շենքում, որտեղ վեց նախարարություն է տեղակայված, «հեղինակության» հաստատման ու տարածման հարց ծագի: Մինչ այս նմանատիպ խնդիր չի եղել, քանի որ ոչ մի նախարար չի հավակնել «զոն նայողի» տիտղոսին: Եվ այս լուրջ բացը փորձում է լրացնել վերջերս գյուղնախարար կարգված Սերգո Կարապետյանը: Վերջինս իր նոր նստավայրում հայտնվելուց հետո զբաղված է նոր դրվածք թելադրելով:



ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՇԵՆՔԻ ԱՍՈ՞ՂՆ Է



Առաջին բանը, որ նախարարությունների շենքում Սերգո Կարպետյանին դուր չի եկել, դա այն է, որ բոլոր քաղծառայողներն օգտվում են նախարարների համար նախատեսված մուտքից: Նշենք, որ այդ շենքում, բացի գլխավոր մուտքից, գոյություն ունի նաեւ ծառայողական մուտք, որտեղից, ըստ կարգի, ելումուտ են անում  գերատեսչությունների ղեկավարները: Այս կարգը ինչ-որ ժամանակ պահպանվել է, ապա մոռացվել,  եւ վերջին տարիներին նման խտրականություն չի եղել, ըստ հարմարության՝ այստեղից «դուրս ու ներս» են արել նաեւ շարքային աշխատակիցները:



Նոր գյուղնախարարը, որ հավանաբար շատ է ոգեւորված իր զբաղեցրած պաշտոնից եւ իր կարեւորությունն այնքան է ցանկանում ընդգծել, որ առանց հարեւան կոլեգաների հետ խորհրդակցելու, անվտանգության աշխատակիցներին հրահանգել է փակել մուտքը շարքայինների առաջ, այդ թվում  ներառյալ փոխնախարարների: Այս մասին նախարարական մուտքից օգտվող սակավաթիվ աշխատակիցները երեկ են իմացել, երբ փորձել են մտնել աշխատավայր եւ հանդիպել են հսկիչ-ոստիկանների արգելքին, որոնք նրանց տեղեկացրել են նորանշանակ նախարարի հրահանգի մասին:



Ոստիկանը աշխատակիցներից մեկին պարզապես թախանձել է կատարել իր խնդրանքը, որ իր վրա խոսակցություն չգա: Երբ մարդը հակառակվել է, թե ինքը գյուղնախարարության աշխատակից չէ, ոստիկանը պնդել է, թե գյուղնախարարն ասել է, որ դա բոլորին է վերաբերում: Գուցե դեր է խաղացել այն, որ այս դիսցիպլինան հաստատած գյուղնախարարի նստավայրն առաջին հարկում է, եւ վայել  չէ, որ նախարարական հարկը ոտքի տակ տան շարքային մահկանացուները: Դեռ լավ է, որ չի հրահանգել  ամենաբարձր հարկում նստած բնապահպանության նախարարին վար իջնել՝  տեղը զիջելով իրեն:



Նոր կարգուկանոնի վերաբերյալ պարզաբանումներ լսելու համար զանգահարեցինք Սերգո Կարապետյանին: Սակայն ամենայն հայոց նախարարը պատվից ցածր համարեց նման հարցի շուրջ ծավալվել, խորհուրդ տվեց դիմել աշխատակազմի ղեկավարին՝ շտապ անջատելով հեռախոսը: Աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը երկարուձիգ մանրամասնեց. «Էս շենքում կարգ գոյություն ունի, նա էլ պահանջեց էդ կարգով շարժվել: Էդ մուտքը նախատեսված էր ղեկավարների համար, էդ կարգը խախտվել էր, նա էլ հանձնարարեց վերականգնել»:



ՊԵՏԵՐԻՆ ԿԳՈՐԾՈՒՂԻ ԳՅՈՒՂԵՐ



Բայց սա, ինչպես ասում են, «ժուռնալն» էր, «կինոն» առջեւում է: Աշխատելու մեծ փափագով գյուղատնտեսության նախարարի աթոռին հայտնված Կարապետյանը որոշել է հեծանիվ հայտնաբերել: Նրան հավանաբար թվում է, թե սա խամուխոպան է, եւ ինքը պետք է սկսի զրոյից: Նա հենց առաջին օրերին շրջայց է կատարել իր  վարչություններով: Հայտարարել է, թե այնպես պիտի աշխատեն, որ դառնան թիվ մեկ նախարարությունը: Այս հայտարարությունը հավանաբար պարապ քաղծառայողների համար «մահացու» հարված է եղել, բայց ավելի ուժեղ հարված է եղել հաջորդ ցանկությունը, որը գարնանը դառնալու է դաժան իրականություն:



Նախարարը զգուշացրել է, թե  գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ լուրջ  ծրագիր ունի, որի շրջանակում գարնանը ամեն վարչությունից երկուական աշխատակից գործուղելու է գյուղեր՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ գյուղացիներին դասեր տալու: Դրանք ոչ թե տեսական սեմինարներ են լինելու, այլ պրակտիկ բնույթ են կրելու: Այնպես որ, եկել են հողագործ-չինովնիկ դառնալու ժամանակները: Այս մասին հետաքրքրվեցինք աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանից, որն ասաց. «Դա այն նպատակով է, որ մարդիկ չպետք է կտրվեն գյուղացուց, աշխատավորից, պետք է իմանան, տիրապետեն: Միշտ էլ եղել է նման բան, բայց հիմա պահանջում է բոլոր վարչության պետերից»: Այնպես որ, 2011 գարուն-աշունը թեժ է լինելու հատկապես գյուղնախարարության աշխատակիցների համար: Եթե, իհարկե, Սերգո Կարապետյանն այդքան մնա նախարարի աթոռին: