Աղջիկ ջան, դեռ աշխատիր

Աղջիկ ջան, դեռ աշխատիր
Այս շրջանում կուսակցությունները փորձում են հզորացնել իրենց մարզային կառույցները, նոր անդամներ ներգրավել, ակտիվացնել հների աշխատանքը: Ընտրությունները սարերի ետեւում չեն եւ հարկավոր է հենց այսօրվանից պատրաստվել: Այդ առումով բավական ակտիվ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի Սյունիքի մասնաճյուղը մոտ մեկ տարի է՝ ղեկավար չունի: Այդ պաշտոնին հավակնում է մեկ ամիս առաջ ԲՀԿ շարքերը համալրած Գյուղակադեմիայի Կապանի մասնաճյուղի տնօրեն Նաիրա Մովսիսյանը:



Մեր տեղեկություններով, ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի անդամները դեմ են, որ վերջինս դառնա կուսակցության մասնաճյուղի նախագահը Կապանում: Տիկին Մովսիսյանն առայժմ համակարգում է խորհրդի կրթության ու գիտության հանձնաժողովի աշխատանքները: «Եղել է նման առաջարկ, որ ինքը դառնա կանանց հանձնաժողովի նախագահ, քանի որ ներկայիս նախագահը նաեւ կուսակցության քարտուղարն է: Սակայն, հաշվի անելով որոշ հարցեր, Մովսիսյանին առաջարկվել է զբաղվել կրթական ոլորտով»,-ասում են մեր աղբյուրները:



Իսկ տիկնոջը  ԲՀԿ-ի վերադասից են առաջարկել դառնալ խորհրդի անդամ, քանի որ չի բացառվում  առաջիկա ընտրություններում Սամվել Բաբայանի համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ: Հիշեցնենք, որ Ն. Մովսիսյանը ժամանակին Կապանում աշխատել է «Դաշինք» կուսակցության համար: Ի դեպ, Կապանի տարածքային խորհրդի անդամների հետ վերջերս անձամբ հանդիպել է Գ. Ծառուկյանը: Խորհրդի անդամները հենց առաջնորդից են փորձել ճշտել՝ կա՞ նման մտադրություն, որ տիկին Մովսիսյանը դառնա տեղի կառույցի ղեկավարը:



Կուսակցության լիդերը, մեկ անգամ եւս հիշեցնելով կանոնադրությունը, ասել է, որ տարածքային խորհրդի անդամների իրավասությունն է ՏԿ առաջնորդի  ընտրությունը: Պատասխանելով կուսակցության վերաբերյալ Ն. Մովսիսյանի բազմաբնույթ հարցերին` Գ. Ծառուկյանն ասել է. «Աղջիկ ջան, դեռ աշխատիր....»: Իսկ արդեն մեկ տարի է, ինչ ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնակատար է Կամո Աբրահամյանը:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ