«Էժանանոց» թերթերն ու թերթերից զզվող վարչապետը

«Էժանանոց» թերթերն ու թերթերից զզվող վարչապետը
2011 թվականը մենք՝ լրատվամիջոցներս (եւ ոչ միայն մենք), սկսեցինք հունվարի 10-ից: Երկար Ամանորից եւ երկար սպասված արձակուրդից հետո, որը մեր՝ ԶԼՄ-ներիս դեպքում հասկանալի էր (ով է այդ օրերին թերթ կարդում), պետական կառույցների դեպքում՝ ոչ: Բայց մեր աստվածավախ ու տոներ սիրող վարչապետի թեթեւ ձեռքով վերջին երկու տարին այսպիսի տոնացույց եւ աշխատանքային այսպիսի մեծ դադարներ են սահմանվել: Ավելին՝ նորաձեւության օրենսդիր վարչապետը նաեւ Նոր տարին նշելու նոր ավանդույթ է մտցրել՝ ոչ թե անցնող տարվա վերջին, այլ հին տոմարով՝ հունվարի 13-ին:



Հենց այդ օրն էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, կառավարության անդամներին հրավիրել էին Հանրապետության հրապարակ՝ Ամանորը նշելու: Հավանաբար այդ տոնակատարությանը չէինք անդրադառնա, այնպես, ինչպես չենք անդրադարձել ՀՀ նախագահի նստավայրում, Ազգային ժողովում եւ այլուր կատարվող տոնակատարություններին, եթե Տիգրան Սարգսյանը հերթական անգամ դարակազմիկ ելույթով այն չհավերժացներ:



Տարեվերջյան ամփոփման նմանվող իր խոսքում նա մեծ ոգեւորություն է հայտնել 2010-ին էլեկտրոնային լրատվամիջոցների ակտիվացման եւ տպագիր մամուլի հետընթացի (իր կարծիքով) համար: Միանգամայն բնական է այդ խինդը՝ էլեկտրոնային լրատվամիջոցները, որքան էլ ազատ լինեն հեռուստատեսությունների համեմատ, սուր քննադատական հրապարակումներով, մանավանդ՝ կառավարության եւ վարչապետի հասցեին, աչքի չեն ընկնում: Եվ թերթերի ձեռքից «վառված» վարչապետը չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը տպագիր մամուլի ու դրական վերաբերմունքը՝ կայքերի նկատմամբ:



Նախ, հարկ է հիշեցնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, որ գրեթե բոլոր տպագիր լրատվամիջոցներն ունեն վեբ-կայքեր, որոնք կարդում են գրեթե նույնքան, իսկ թերթերի տպագիր օրինակների հետ միասին նաեւ շատ ավելի մարդիկ, քան իր նշած էլեկտրոնային լրատվամիջոցները: Ապա՝ այդ նույն էլեկտրոնային լրատվամիջոցները ամեն օր տպագիր մամուլի տեսություններ են տալիս եւ ուշագրավ հրապարակումներից քաղվածքներ են տպագրում: Նաեւ՝ մեր հրապարակումների հետ կապված նյութեր են պատրաստում: Այստեղ, անշուշտ, կա մի կարեւոր խնդիր, որին կուզեի առանձին անդրադառնալ:



Մեծ հարգանք ունենալով էլեկտրոնային լրատվամիջոցների մեր գործընկերների եւ նրանց գործի նկատմամբ, չեմ կարող չնշել մի արատավոր երեւույթի մասին, որը սկսել է որակ կազմել: Մեր հրապարակումներին անդրադառնալուն ես դեմ չեմ, անգամ շնորհակալ եմ, որ մեր հոդվածներն ու դրանցում բարձրացված հարցերը կայքերը հասցնում են իրենց ընթերցողին, սակայն վերջին շրջանում լրատվական կայքերը զբաղված են մեր հրապարակումները հերքելով: Ընդ որում՝ հերքում են ոչ թե օբյեկտիվ հետաքննություններ անելով կամ մեր նյութերի հետքերով գնալով, այլ մեր կողմից քննադատված, ասել է թե՝ սուբյեկտիվ ու որոշակի շահագրգռություն ունեցող անձանց խոսքն, առանց ստուգելու, հրապարակելով:



Ու ստացվել է այնպես, որ մեր հրապարկումներին արձագանքելու, մեր գրածը հերքելու համար տվյալ պաշտոնյաները դիմում են ոչ թե մեզ, ինչպես պահանջում է «ԶԼՄ-ների մասին» օրենքը, այլ վեբ-կայքերին, որտեղ սիրահոժար տպագրում են նրանց անհեթեթությունները: Այս պրակտիկան այնքան էլ անմեղ չէ. սրա հետեւանքը կլինի այն, որ ընդհանրապես մամուլի նկատմամբ անվստահություն կսերմանվի հասարակության մեջ (առանց այն էլ այդ վստահությունը մեծ չէ): Բացի այդ՝ պետական պաշտոնյա ասածը կդառնա առավել անպատժելի ու անամոթ: Իսկ հասարակական կարծիքը կհայտնվի մոլորության մեջ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ:



Այնպես որ, ուզում եմ դիմել էլեկտրոնային կայքերի աշխատակիցներին. հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ սեփական գերազանցության զգացումը հաճելի զգացում է, ու նաեւ մեծ է գայթակղությունն ասելու՝ «մենք հո թերթերի նման չե՞նք՝ սխալ ինֆորմացիա չենք հրապարակում, մեր գրածը հաջորդ օրը չեն հերքում», եւ ձեր խմբագրություն եկած օլիգարխին ու չինովնիկին ձեռք մեկնելու՝ ցավն ըմբռնելու, կարեկցելու համար: Սակայն հավատացեք՝ ձեզ դիմողների մեծ մասը հերքում է ճշմարիտ փաստերը:



Պետական չինովնիկների եւ մեծահարուստների այդ խավը առանց աչք թարթելու կարող է ստել եւ հավատացնել, որ մածունը սեւ է: Գուցե դեր է խաղում նաեւ սրան-նրան լավություն անելու, մանր-մունր ծառայություններ մատուցելու ձեր ցանկությունը: Թերեւս՝ երբեմն նաեւ ավելի արատավոր հանգամանքներ: Չխորանանք: Բայց, խնդրում եմ, մի տրվեք այդ գայթակղությանը: Դա բումերանգ է, որը մի օր ձեզ է վերադառնալու:



Մամուլի ցանկացած օրգանի հեղինակության կորուստն ու դժվարությունները սոսկ նրանը չեն, դա մեր ամբողջ դաշտինն է: Այնպես, ինչպես ժամանակին «Ա1+»-ի փակվելը մեծապես վնասեց մեզ ու նվազեցրեց մեր բոլորիս ազատությունը: Իսկ երբ հեղինակազրկվում է մամուլը, դա չի կարող վերաբերել կոնկրետ մի լրատվամիջոցի՝ բոլորս ենք հայտնվում խոցելի վիճակում:



Արդյունքում՝ մի օր բանասիրության թեկնածուն հոդված է գրում երիտասարդ երգիչ Արամեի երգի բառերի մասին, որտեղ բացահայտում է այն անգրագիտությունն ու անճաշակությունը, որ մեր ականջներն է սղոցում եթերից, իսկ մի մեծ խումբ «ֆանատներ»՝ 13-14 տարեկան երեխաներ, նրան պատասխանում են. «Այ զզվելիի մեկը, էդ էժանանոց թերթում էդ ինչե՜ր ես գրել»: Այն հասարակությունը, որտեղ 13 տարեկաններն այդպիսի սեր ու հարգանք ունեն իրենց կուռքի՝ Արամեի նկատմամբ ու այդքան քամահրանք եւ ատելություն թերթի ու տպագիր խոսքի նկատմամբ, չի կարող առաջ գնալ:



Եթե անգամ այդ 13 տարեկանները թերթ չեն էլ կարդում, հասարակական ընդհանուր վերաբերմունքից սնվող ակնածանք պետք է ունենային մամուլի հանդեպ: Այն մի խորհրդավոր աշխարհ պետք է լիներ իրենց համար՝ անհասանելի ու անձեռնմխելի: Եվ դա պետք է գար նրանց հայրերից ու ուսուցիչներից: Այդ երկրի իշխանավոր վարչապետից ու նախագահից: Երբ երկրիդ վարչապետն ուրախանում է թերթերի տպաքանակի կրճատման կապակցությամբ, 13 տարեկանն էլ պետք է մեզ «էժան թերթ» անվանի, իսկ գրիչ բռնող մարդուց «զզվի»: Դրանք իրար հետ կապված երեւույթներ են՝ նույն շղթայի տարբեր օղակները: Եթե կուզեք իմանալ՝ հենց սա է ազգային անվտանգության, հասարակական առաջընթացի, երկրիդ բարգավաճման, նոր արժեքների սերմանման գաղտնիքը:



Վերջում նույնպես այս թեմայի շրջանակներում. նախօրեին մեր թղթակիցը հարցազրույց էր վերցրել Գյումրիի քաղաքապետ Վարդանիկից, որը հայտարարել էր, թե՝ մեր թերթն իր դեմ է աշխատում: Ոչ ավել, ոչ պակաս՝ «մեր տերը» այդպիսի հրահանգ է իջեցրել մեզ: Մի կողմ թողնենք, որ հանցանքների ու կոռուպցիայի մեջ թաղված, կեղծիքներով ու զոռբայությամբ քաղաքապետ դարձած այս անձի համար, ինչպես ասում են, բանտն է լաց լինում: Նա չի էլ պատկերացնում, որ հնարավոր է լինել ազատ ու գրել այն, ինչ խիղճդ է թելադրում:



Նրա նմաններին, ովքեր ամբողջ կյանքում տեր են փնտրում եւ խոնարհ ծառայում այդ տերերին, անհասկանալի է, որ մի խումբ լրագրողներ կարող են ազատ լինել եւ իր նմանի կերպարը բացահայտել  սեփական կամքով ու ընթերցողի, իմա՝ Գյումրիի բնակիչների պահանջով ու ցանկությամբ: Նրա ուղեղին հասու չէ, որ լրագրողի պատվիրատուն կարող է լինել ընթերցողը, որն ուզում է կարդալ գժի թղթով քաղաքապետի հերոսությունների մասին: Եվ ամենացավալին այն է, որ նման արտահայտություններ անելը, տպագիր խոսքի ու այդ խոսքը տարածողների նկատմամբ այդ անհարգալից վերաբերմունքը խրախուսվում է բարձր իշխանության, հենց Վարդանիկի տերերի կողմից: Մի երկրում, որտեղ իշխանությունն ուզում է ունենալ իրական մամուլ եւ կայացած չորրորդ իշխանություն, նման չինովնիկը պատժվում է կամ գոնե չի խրախուսվում: Առավել եւս՝ նման արտահայտությունները համարվում են դաստիարակության, կրթության եւ էթիկայի նորմերին անհարիր արարք: