Մարդու իրավունքները եվրոպացու աչքերով

Մարդու իրավունքները եվրոպացու աչքերով
Հայաստան է ժամանել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Հայաստան կատարելիք եռօրյա այցելության ժամանակ նախատեսվում է հանդիպումներ եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Համարբերգը կհանդիպի ՀՀ նախագահի, արտգործնախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի եւ ոստիկանապետի հետ:



Հանդիպումների ժամանակ հիմնականում կքննարկվեն մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Հունվարի 19-ին նա հանդիպելու է «մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ինչպես նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանից տեղեկացանք, որ հանձնակատարը հանդիպելու է նաեւ իրենց խմբակցության հետ, որտեղ կքննարկվեն «Հայաստանի քաղաքական օրակարգում առկա կարեւոր հարցեր»:



Համարբերգը ցանկություն է հայտնել հանդիպել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ: Նրա գրասենյակը դիմել է  հանդիպումը կազմակերպելու խնդրանքով: Հանդիպում կլինի նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ «մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ:



Իսկ ներկա պահին Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով պիկետ է անում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանել է Թոմաս Համարբերգը: